Չընտրված դատավորներից ոմանք դատի են տալիս ԲԴԽ-ին, ոմանք՝ գովերգում

Չընտրված դատավորներից ոմանք դատի են տալիս ԲԴԽ-ին, ոմանք՝ գովերգում
Երկու օր առաջ՝ օգոստոսի 6-ին, Բարձրագույն դատական խորհրդի կողմից փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին սնանկության գործով դատարանի դատավորները։ Նրանք թվով 12-ն են։ Հիշեցնենք, որ խոսքը նորաստեղծ դատարանի մասին է, որը սկսելու է գործել 2019 թվականի հունվարի 1-ից և լինելու է միայն սնանկության գործեր քննող դատարան։ Քվեարկությունից առաջ նախ հարցազրույց է տեղի ունեցել հայտեր ներկայացրած թեկնածուների հետ, որից հետո նոր գաղտնի քվեարկությամբ ԲԴԽ անդամներն ընտրել են ապագա դատարանի դատավորներին։ Այս ընտրությունը, սակայն, հարուցել է որոշ չընտրված թեկնածուների դժգոհությունը, ինչից ենթադրելի է, որ առերևույթ կասկածի տակ են դնում ԲԴԽ անդամների անաչառությունն ու թափանցիկությունը։ Ըստ տեղեկությունների՝ դատավորներ են եղել, որոնք անձմաբ խնդրել են ԲԴԽ անդամներին, որ իրենց աջակցեն ընտրվել, բացի այդ, ընտրվածների մեջ եղել են դատավորներ, որոնք սնանկության գործեր քննելու փորձ չեն ունեցել, մինչդեռ չընտրվածները փորձառու դատավորներ են, անգամ սնանկության թեմայով դասախոսություններ են կարդում և այլն։ Բայց ԲԴԽ-ն, ասում են, պրոֆեսիոնալներին թողած՝ նախապատվությունն այլոց է տվել։ Բանը հասել է նրան, որ որոշ դատավորներ որոշել են անգամ դատական գործ սկսել ընդդեմ ԲԴԽ-ի, օրինակ՝ չընտրված թեկնածուներից Կարինե Պետրոսյանը, ով արդեն հայտարարել է այդ մասին։ Այս առնչությամբ մամուլում արդեն հրապարակումներ եղել են։ Նշենք, որ ի սկզբանե եղել է 22 թեկնածու, բայց մրցույթից առաջ նրանցից 3-ը հետ է վերցրել դիմումը, արդյունքում մասնակցել է 19 դատավոր, որից ընտրվել է 12-ը, 7 դուրս է մնացել։



Ընտրված թեկնածուներից Արտաշես Հովհաննիսյանը, ով մինչ այդ Վայոց Ձորի և Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր և չորս տարի սնանկության գործեր քննելու փորձ ունի, **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ քվեարկությունից առաջ անցկացված հարցազրույցը տևել է ընդամենը 10-15 րոպե, նեղ մասնագիտական հարցեր չեն տվել, ավելի շատ ընդհանուր հարցեր են ուղղել թեկնածուներին։



Հարցին՝ բոլոր թեկնածուներն էլ սնանկության գործեր քննող և դրանում մասնագիտացած դատավորնե՞ր են եղել, Հովհաննիսյանն ասաց․ «Իմ կարծիքով, ես ում տեսել եմ, բոլորին բան չեմ արել, բայց ինչքան գիտեմ՝ ամեն մի շրջանում, ամեն մի դատարանում սանկության գործեր քննող դատավորներ են եղել, բոլորն էլ սնանկություն լսել են։ Կարող է՝ մեկը լսել է 4-5 տարի, մեկը՝ 7-8 տարի․․․ Ես, օրինակ, չորս տարի եմ լսել, բացի այդ էլ, ես, մինչ դատավոր նշանակվելը, աշխատել եմ իրավաբանական անձանց պետռեգիստրում, ֆիրմաների գրանցումը մենք ենք իրականացրել, և իմ համար բավականին ծանոթ ճյուղ է»։



Իսկ որքանո՞վ արդյունավետ կդարձնի սնանկության գործերով նեղ մասնագիտացված դատարանի ստեղծումը այս գործերի քննությանը, Արտաշես Հովհաննիսյանն ասաց, որ արդյունավետությունը կբարձրանա միանշանակ, քանի որ մինչ այդ իրենք սնանկության գործերը քննում էին հարյուրավոր քաղաքացիական գործերին զուգահեռ, իսկ հիմա կկենտրոնանան միայն սնանկության գործերի վրա, և ծավալն էլ ավելի քիչ կլինի։ Արդյունքում, ըստ դատավորի, կբարձրանա նաև գործերի քննության արդյունավետությունը։



Զրուցեցինք նաև չընտրված թեկնածուներից Ավագ Գաբրիելյանի հետ, ով Գեղարքունիքի մարզի դատավորներից է։ Վերջինս զարմացավ, հետո էլ զայրացավ, թե ինչու են կասկածում ԲԴԽ անդամների և հատկապես խորհրդի նախագահի անաչառության վրա, ինչը զարմացրեց նաև մեզ։ Չընտրված դատավորներից ոմանք դատի են տալիս ԲԴԽ-ին ու իրենց դժգոհությւոնն են արտահայտում, մինչդեռ «տուժածներից» ոմանք գովեստի խոսքեր են շռայլում ԲԴԽ անդամների, հատկապես՝ ԲԴԽ նախագահի հասցեին։ Եվ սա տարօրինակ է․ երևի դեռ ակնկալիքներ ունեն նրանից։



«Ո՞ւմ նկատմամբ անաչառ կամ ոչ անաչառ։ Փակ գաղտնի քվեարկություն է եղել, ո՞վ պետք է ոչ անաչառ լիներ, այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի՞ մասին է խոսքը։ Պետք է ամենաքիչը անբարոյական լինել, որ էդ մարդու հասցեին ինչ-որ նման արտահայտություններ անել։ Դա փակ-գաղտնի քվեարկություն է, տասը անձնավորություն են, յուրաքանչյուրն իր ընտրությունն է կատարում»։



Գաբրիելյանը, սակայն, չբացառեց, որ ԲԴԽ որոշ անդամներ հնարավոր է ունենան ինչ-որ անձնական մոտեցումներ այս կամ այն թեկնածուի վերաբերյալ, այդ առումով նա լավագույն տարբերակը չի համարում փակ-գաղտնի քվեարկությունը․ «Դրան հետագայում, հավանաբար, օրենսդիրը կանդրադառնա, որովհետև մարդիկ հնարավոր է, որ ունենան անձնական շահեր, չեմ կարող ասել»։



Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմին, պարոն Գաբրիելյանն ասաց․ «Էնպես չի, որ չընտրվածները պրոֆեսիոնալ չեն։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե մարդիկ 14-15 տարի սնանկության գործով դատավոր են աշխատել, նրանք կարո՞ղ են պակաս պրոֆեսիոնալ լինել, քան այն անձնավորությունները, որոնք ավելի պակաս են աշխատել»։



Այդ դեպքում՝ ինչո՞ւ ԲԴԽ անդամների ընտրությունը կանգ առավ ոչ թե իր, այլ մեկ ուրիշի վրա։ «Կներեք, չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Բարձրագույն դատական խորհուրդը չափորոշիչներ ունի, որը նաև տեղադրված է court.am կայքում․ հավանաբար նաև այդ չափորոշիչներով, հավանաբար նաև տարբեր մարմիններից ստացած տեղեկատվությամբ․․․»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**