«Արմօյլի» դեմ մի կողմից պայքարում են, մյուս կողմից՝ արտոնություն տալիս

«Արմօյլի» դեմ մի կողմից պայքարում են, մյուս կողմից՝ արտոնություն տալիս
Մեր տեղեկություններով՝ այսօր կառավարության նիստում փակ փաթեթով քննարկվելու է «Արմօյլ» ընկերության հարկային արտոնությունները երկարացնելու մասին որոշումը:



Փաթեթին արդեն կողմ են արտահայտվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և ՊԵԿ-ը :



Հարցը վերջնական կքննարկվի կառավարության այսօրվա նիստում՝ փակ ռեժիմով։ Զեկուցողը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է, որը կառավարության դատին կներկայացնի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերու­թյան կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երկարաձգելու մասին» հարցը։ Ուշագրավն այն է, որ կառավարության կայքում հրապարակված այսօրվա նիստի օրակարգում այս հարցը ներառված չէ, բայց, մենք տեղեկացանք, այն քննարկվելու է այսօր և փակ ռեժիմով։



Հիշեցնենք, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմօյլ» ՓԲ ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցում է նավթամթերքի վերամշակման գործարան, որի դեմ տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են իրականանում։



Նշենք, որ բնապահպանության տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին որոշում էր կայացրել «Արմօյլ» ՓԲԸ-ի նավթավերամշակման գործարանի շինարարությունը դադարեցնելու մասին, քանի որ գործարանը չի կատարել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով նախատեսվող փորձաքննություն։



Սրանից զատ՝ «Արմօյլ» ՓԲԸ-ի նավթավերամշակման գործարանի կառուցման առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: