Մանվել Գրիգորյանի միակ ցանկությունը

Մանվել Գրիգորյանի միակ ցանկությունը
 



Փաստաբանի փոխանցմամբ Մանվել Գրիգորյանի ցանկությունը մեկն է՝ եթե նա կանգնում է արդարադատության առաջ,  կանգնի հնարավորինս առողջ տեսքով, ոչ թե կիսահաշմանդամ։ Ակամայից հիշում եմ մեծերից մեկի խոսքը, ով ծանր հիվանդ էր՝ **երբ թշնամուս հանդիպում եմ, ոտքս ամուր եմ դնում գետնին, որ չուրախանա**․․․



Փաստորեն Մանվել Գրիգորյանը չի ուզում, որ կիսահաշմանդամ ձևով երևա, որովհետև գիտի, որ բոլորը ուրախանում են, բոլորն իր  թշնամին են։



Սա, գիտե՞ք, մարդկային ինչ ողբերգություն է։ Մարդկային հոգու գիշեր,  ուր մի աստղ անգամ չկա։



Հիսուսը ներեց ավազակին։



Ավազակը խնդրում է Հիսուսին․



«Հիսուս, խնդրում եմ Քեզ՝ հիշիր ինձ, երբ գաս Քո արքայությամբ»։ Չի ասում ինձ էլ տար, այլ աղերսում է, որ հիշի միայն։



Չմկրտված, հաղորդություն չստացած, ողջ կյանքում Աստծո խոսքով չապրած ավազակը ստանում է Հիսուսի ողորմությունը՝



«Ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»:



Բոլոր աստղերը չհանգցնենք։ Պատժեք, բայց մի ոչնչացրեք։ Պատժեք, բայց  թույլ տվեք, ինչպես նա է ուզում՝ «մեռնի ոտքի վրա․․․»։ Մարդուն ոչնչացնելը մեզ հեռացնում է մարդկությունից, Աստծուց։



Կարևոր չէ՝ ով է այդ մարդը։ Խոսքս վերաբերվում է բոլոր ժամանակների իշխանություններին, ովքեր ընկածին տրորում են հանրության մսաղացով։ Խոսքս վերաբերվում է բոլոր դատապարտյալներին, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն։



Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև նախորդ  իշխանավորներին,  քննադատել եմ, երբ «ձիու վրա էին»։ Այնպես որ «ական» կպցնելուց այն ինձ վրա չի մնա․․․



Հասմիկ Բաբաջանյան