ՀՀԿ-ն փակո՞ւմ է տարածքային կառույցները

ՀՀԿ-ն փակո՞ւմ է տարածքային կառույցները
Մենք տեղեկացանք, որ ՀՀԿ-ն սկսել է փակել իր տարածքային կառույցները, գրասենյակները։ Պատճառը ֆինանսավորումն է, հեղափոխությունից հետո շարքային ՀՀԿ-ականներն այլևս չեն ցանկանում անդամավճար մուծել «վարկաբեկված» կուսակցությանը։ Օրինակ՝ արդեն փակվել են կամ փակման եզրին են ՀՀԿ-ի Շիրակի մարզի մի քանի տարածքային կառույցներ։ ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում այս առնչությամբ ոչ այն է՝ հերքեց, ոչ այն է՝ հաստատեց․ «Չի փակվում, մենք աշխատանքները նոր ձևով ենք կազմակերպում, որևէ խնդիր չկա, և՛ աշխատակիցներն են մնում, և՛ գրասենյակներն են մնում»։



Թադևոսյանը չցանկացավ մանրամասնել՝ ինչ նոր փոփոխությունների և վերակազմակերպման մասին է խոսքը, ասաց՝ օգոստոսի վերջ պարզ կլինի։ Կարո՞ղ է խոշորացման են գնում։ «Չէ, չէ, էդպես մի՛ ասեք, դեռ քննարկվում է, արձակուրդից կգան մեր ընկերները, բոլորի հետ կքննարկենք, լուծումները կգտնենք, ձեզ էլ կտեղեկացնենք, ոչ մի թաքուն բան չկա։ Վերջնական որոշում կլինի երևի օգոստոսի վերջ»,-ասաց նա։



Իսկ ի՞նչ խնդիր կա տարածքային կառույցների հետ կապված, որ պետք է լուծում գտնեն, ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահն ասաց․ «Ոչ թե տարածքային կազմակերպություններում, այլ աշխատանքի կազմակերպման նոր ձևեր, մեթոդներ, մոտեցումներ, ամեն տարի դա արվում է, ինչո՞ւմն է բանը»։



Հարցին՝ ֆինանսական խնդիրնե՞ր կան, անդամավճարները չեն վճարում, որովհետև չեն ուզո՞ւմ այլևս ՀՀԿ-ին վճարել, Թադևոսյանն ասաց․ «Իհարկե, ոչ, վճարվում է, ոնց որ սովորաբար։ Էդ ինֆորմացիոն տեռորին հերի՛ք է տրվեք։ Էդպիսի բան չկա, նորմալ կուսակցական աշխատանքների կազմակերպման գործընթացներ են»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**