Տիգրան Համասյանը բարեգործական համերգ կտա Գյումրու Երկրագիտական թանգարանի համար

Տիգրան Համասյանը բարեգործական համերգ կտա Գյումրու Երկրագիտական թանգարանի համար
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը Գյումրիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ազդարարեցին Երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ դրամահավաքի մասին:



Շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն ՀՀ դրամ:



Լիլիթ Մակունցը նշեց, որ շենքի վերանորոգման համար սեպտեմբերից մեկնարկելու է դրամահավաք, որը տևելու է մեկ ամիս: Գումարը փոխանցվելու է Շիրակի երկրագիտական թանգարանի հաշվեհամարին: Նախարարը նաև տեղեկացրեց, որ դրամահավաքին միանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ:



Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակիցներին առաջարկեց շենքի մի հատվածն օգտագործել որպես պատկերասրահ:



«Գյումրին չունի պատկերասրահ, կարծում եմ` այն կտավները, նյութերը, որոնք այսօր ֆոնդերում են, անհրաժեշտ է հանրահռչակել , շնորհակալ կլինեմ, եթե Երկրագիտական թանգարանն արձագանքի մեր այս առաջարկին»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Լիլիթ Մակունցը:



Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը ընդունեց նախարարի առաջարկը:



«Հիմա շատ արդյունավետ կօգտագործվի շենքը եւ դրա համար նաեւ ձեր ջանքերը պետք է ներդնեք, որպեսզի կրկնապատկեք, բազմապատկեք այդ հնարավորությունը, և երկրագիտական թանգարանը դառնա իսկապես հետաքրքիր եւ դիտարժան մի վայր, եւ ոչ թե պարզապես թանգարան թղթի վրա»,-ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:



Ինչպես հայտնի է Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին: