Նոր գիրք Սուսաննա Հարությունյանից՝ «Անհաշտ վեպեր»

Նոր գիրք Սուսաննա Հարությունյանից՝ «Անհաշտ վեպեր»
«Անհաշտ վեպեր» այսպես է կոչվում արձակագիր Սուսաննա Հարությունյանի վերջերս լույս տեսած գիրքը, որն իր մեջ ներառում է «Սուրբ ստրուկներ» եւ «Եթե բացառենք գիշերը» վեպերը։ Առանձին գրքով վերահրատարակվել է նաեւ նախագահի մրցանակին արժանացած «Ագռավները Նոյից առաջ» գրքում տեղ գտած «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուն։



Հեղինակը չի թաքցնում ավելի շատ համակրում է «Սուրբ ստրուկներ» վեպը, որովհետեւ իր առաջին երգիծական գործն է ու թեեւ ունի քաղաքական եւ երգիծական պիեսներ, բայց ժանրային առումով սա առանձնանում է։ Հարությունյանն ընդգծում է «Սուրբ ստրուկներ» արտահայտությունը վերցրել է միջնադարյան կաթոլիկ աշխարհից։ Այդ ժամանակ կաթոլիկ աշխարհում եղել է սովորություն, ծնողները իրենց երեխաներին նվիրել են եկեղեցուն, եւ այդ երեխաները եկեղեցում ամենակեղտոտ եւ ստոր գործերն են արել եւ կոչվել են սուրբ ստրուկներ։



«Մի չար, դաժան մարդ մեռնում է ու գյուղացիներն ասում են՝ սա չպիտի թաղվի մեզ մետ նույն հողում։ Ընտանիքը որոշում է այստեղ այնտեղ թաղի, վերջը այդ դիակը ապրեցնում են, դամբարան են կառուցում, եւ դարձնում երկրի նախագահ, հետո ժողովուրդը գողանում է այդ դիակը ու հայտարարում, որ այն համբարձվեց, որից հետո էլ եկեղեցի են կառուցում։ Հին «մեռելներին», այդ անպետքությունը, անպետք գաղափարը պանծացնելը մեր ժողովրդին շատ տիպիկ է, ազգային արժեքի անվան տակ ինչ աղբ ասես հուպ տան ու սկսեն պահանջել, որ դա ընդունես, մեծարես։ Իմ նպատակաը դա էր, ոչ թե քաղաքական մոտիվացիան, թեթեւ այն ընկալվեց ավելի շատ քաղաքական գործ»,-ասում է հեղինակը։



«Եթե բացառենք գիշերը» գործի հետ կապված Հարությունյանը մի փոքր մտավախություններ ուներ, քանի որ հերոսները 2 գրողներ են․ «Բոլոր հերոսները հավաքական կերպարներ են եւ չկան կոնկրետ նախատիպեր, բայց վեպում կա թե գործակալի կերպար, թե գրողների միության նախագահի, թե գրող ընկերների կերպարներ եւ այդ վախերը, որ ինչ- որ մեկը կարող է իրեն ճանաչել ավելի շատ էին, բայց մինչեւ հիմա դեռ ոչ մեկ կռիվ չի եկել»,- կատակով հավելում է Հարությունյանն ու նշում, որ վեպում կան նաեւ շատ ինքնակենսագրական պահեր, չնայած նախորդ գործերում միշտ խուսափել է ինքնակենսագրական նյութ օգտագործելուց․



«Ճիշտ է, բոլոր դասականներն էլ միշտ օգտվել են իրենց ինքնակենսագրությունից, բայց ես միշտ մտածել եմ, որ երբ գրողը սկսեց կենտրոնանալ իր կենսագրության վրա եւ դարձնել այն գրական նյութ, ուրեմն դա սպառման հետեւանք է, քո աչքը կյանքում էլ չի տեսնում գրական նյութը եւ դու ստիպված նայում ես քո կենսագրությանը։ Այս վեպի դեպքում մեխանիկորեն ստացվեց այդ բացառությունը եւ հերոսներն էլ ակամայից եղան գրողներ»։