Գյումրիում զբոսաշրջիկները զարմացած են

Գյումրիում զբոսաշրջիկները զարմացած են
Ամառվա տապին գյումրեցիները դժգոհում են՝ քաղաքում տեղադրված գործող ցայտաղբյուրների թիվը կտրուկ նվազել է: Կարծես ինչ-որ մեկը խաղ է անում ցայտաղբյուրների հետ. դրանք մեկ գործում են՝ ընդամենը մի քանի ժամով, մեկ ցամաքած են, իսկ քաղաքի մեծ թվով ցայտաղբյուրներ ընդհանրապես չեն էլ գործում:Շոգ եղանակին գյումրեցիները ցայտաղբյուրների հարցը օրակարգային են համարում, սակայն հարցով լուրջ զբաղվողներ չկան:



«Ուշագնաց էղնիս, պուտըմ ջուր չկա, ան կողով կանցնիմ, ցամաք-ցամաք է, հըբը էս քաղաքին կսազե՞ ՝ պուլպուլակը չգործե՞»,- ասում է Գյումրու թատերական հրապարակով անցնող կինը՝ մատնացույց անելով անջուր ցայտաղբյուրը: Վարդանանց հրապարակում մեզ հանդիպած ռուս զբոսաշրջիկներն էլ կես կատակ, կես լուրջ ասացին. «Գեղեցիկ է քաղաքը, ի զարմանս մեզ՝ ցայտաղբյուրներն էլ անուն ունեն, բայց որ «Խաչիկն» ու « Էդիկը» չեն աշխատում, այ դա լավ չի»:



Նշենք, որ Գյումրիում ընդհանուր հաշվով շուրջ 700 ցայտաղբյուր կա, դրանցից միայն մոտ 3 տասնյակն է համայնքապատկան, մնացածը մասնավոր է: Ինչո՞ւ են ամառվա տապին կենտրոնական հատվածներում գտնվող ցայտաղբյուրները ցամաքել, ցանկացանք պարզել քաղաքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:



Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ նշեց.«Կարող է կոնկրետ դեպքեր լինեն, բայց մասսայական բնույթ չի կրում: Կարող է մարդն իր տարածքում ցայտաղբյուր է դրել, հիմա անջատել է: Ես հենց երեկ քաղաքապետարանի եւ «Վեոլիա ջրի» ներկայացուցիչների հետ հանդիպում ունեի: Երկաթգծի բանավանում բնակվող շուրջ 30 ընտանիք ջրամատակարարման խնդիր ուներ: Մենք տարբեր հարցեր քննարկեցինք, եթե մեզ դիմած լինեին, ցայտաղբյուրների հարցը նույնպես կքննարկեինք»,-մեզ հետ զրույցում ասաց մարզպետը՝ վստահեցնելով, որ գոնե ցայտաղբյուրների հետ կապված իրենք բողոքներ չեն ստացել: Ի դեպ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ՝ քաղաքում մինչև 2016թ-ը կառուցված ցայտաղբյուրների ջրամատակարարումն անվճար է: 2017թ-ից կառուցված ցայտաղբյուրների համար տեղադրվելու են առանձին ջրաչափեր, և ծախսված ջրի գումարը ջրմուղը գանձելու է:



**Արևիկ Հակոբյան**



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/38600763_936539596538670_5575547482185662464_n.jpg?_nc_cat=0&oh=fc87fe2d622748b56a4e85c93b903ff3&oe=5BCAD8D9)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/38748246_413817495688901_5679690736782540800_n.jpg?_nc_cat=0&oh=970cc76f37730ee9d2cf62cf641e9dcf&oe=5BCB333D)