Քաղաքապետին դեռ պիտի ընտրել

Քաղաքապետին դեռ պիտի ընտրել
Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի շուրջ ընթացող բուռն քննարկումներից այնպիսի տպավորություն է, ասես Հայկ Մարությանը արդեն իսկ հաղթել է ընտրություններում, դարձել է Երևանի քաղաքապետ, ավելին՝ դեռ լույսը չբացված աշխատանքի է գնում, ինչ-որ մոնումենտալ գործընթացներ է սկսել: Բևեռվածությունը նման ինտենսիվությունից կարելի է նաև եզրակացնել, որ ահա՝ ընտրվելու դեպքում այս թեկնածուն հավերժ պաշտոնավարելու է, անելու է այն, ինչ ուզում է, Երևանը միայն իրենով է ներկայանալու և պատկերվելու: Այս մտահոգություններն ու տագնապները թերևս հասկանալի են, սակայն սրանք նախկին իշխանության օրոք ձևավորված ու դեռ շարունակվող անդրադարձումներ են: Հայաստանում իրականություն է փոխվել, և այդ նոր իրականությունը հիմք է տալիս կանխազգալու և խորհելու, որ հին ավանդույթները ևս հիմնավոր փոփոխությունների են ենթարկվելու:



Երևանի ապագա քաղաքապետը այլևս չի կարող քաղաքի ամբողջական պատկերը, քաղաքի ամբողջական բնույթը լինել, որին ագահաբար, ջղային կամ քծնալի ուղղված են տասնյակ հազարավոր հայացքներ: Երևանի ապագա քաղաքապետը պիտի ծառայի քաղաքաբնակին, համակարգի, ճիշտ ուղղությամբ տանի քաղաքի ղեկավարումը և ոչ ավելին: Ավելի կարևոր են լինելու ինստիտուցիաների, բնապահպանական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության շարունակական զարգացումը, քաղաքի ղեկավարման մեջ նրանց ներգրավվածությունն ու կայուն տեղը:



Վերջիվերջո նման սևեռումը, այսպես ասած՝ «ուշադրության տարափը» հենց մի մարդու շուրջ հղի է խիստ վտանգավոր հետևանքներով: Եկեք չմոռանանք՝ Հայկ Մարությանից բացի կան նաև այլ թեկնածուներ, չմոռանանք նաև,որ նոր ընտրություն է լինելու՝ առաջինը հեղափոխությունից հետո, որն ինչ-որ առումով կարևոր ստուգատես է բոլորիս համար, որին աչալրջորեն նախապատրաստվել է պետք: Քաղաքապետին դեռ պիտի ընտրել, քաղաքապետի թեկնածուները բոլորն անխտիր իրենց մոտեցումներով, ծրագրերով ու գաղափարներով դեռ պիտի համոզեն երևանցիներին, որ արժանի, թարմ մտահաղացումներով լի մարդիկ են, որ իրենց և նախկին քաղաքապետերի մոտեցումների միջև արժեհամակարգային, գործնական ու տեսական ահռելի տարբերություններ կան:



**Արամ Պաչյան**