Ես արդեն լրիվ լավ եմ…

Ես արդեն լրիվ լավ եմ…
Ես լա՛վ տղա եմ, ես, ես, ես լա՛ա՛ա՛վ տղա եմ: Ես շատ կարգապահ վարորդ եմ, կարգ, կարգ, կարգապահ վարորդ եմ… Երբ ինձ տուգանում են, երբ տուգ, տուգ, տուգանում են, իմ ֆազը քցում ա, իմ ֆազը քցում ա… Խելքս իմը չէ տուգանք վճարելու համար… Տուգանքն ինձ տանում ա, տուգ, տուգ, տուգանքն ինձ տանում աաաա…



Նախաբանն այս, անշուշտ տարօրինակ թվաց շատերին: Այո, շատերին, բացառությամբ 2 մարդու` Նիկոլ Փաշինյանի և Վալերի Օսիպյանի: Տղերք, փողերս ե՞րբ եք բերելու: Մի երկու շաբաթ առաջ հստակ գրել էի, որ ինձ 300 հազար դրամ եք պարտք: Երկու ճանապարհ կա` կամ հերքեք, հրաժարվեք, կամ տվեք էդ փողը: Ես ինչի՞ տեր եմ, որ ՀՀ վարչապետի և ոստիկանապետի պատճառով 300 հազար դրամի վնաս կրեմ: Պատահաբար ձեզ հո չի՞ թվում, թե կատակ եմ անում: Նորից չպատմեմ եղելությունը: Միայն կարճ հիշեցնեմ, որ մի խումբ հեղափոխականներ Նիկոլ Փաշինյանի նկարով և ՀՀ դրոշներով զարդարված իրենց ավտոմեքենայով, ճանապարհը փակելիս, ջարդել են իմ ավտոմեքենան և դիմել փախուստի: Հա, համարներն էլ փակ էին: Հետո ես իմացա, որ Նիկոլ Փաշինյանը հայրենի ոստիկանությանը հրահանգել է ԱՊՊԱ-ների հաշվին վերանորոգել հեղափոխական երթերում վնասված ավտոմեքենաները: Իմ դեպքում բացառություն է արվում: Ինչո՞ւ: Ո՞վ լիներ իմ փոխարեն, որ չվիրավորվեր ու չդիմեր դատարան` արդարադատությունը վերականգնելու համար: Բայց ես մտածեցի ամեն ինչ համերաշխությամբ ու սիրով կարգավորել: Պարզվում է` սխալվել եմ:



Այս թեմայով իմ նախկին [հրապարակման](https://www.hraparak.am/posts/5b581b485acf3506c8eb77f0/) մեջ հստակ ասել էի, որ այդ գումարն ինձ փոխանցելու արարողությունը կարող ենք կազմակերպել «Հրապարակի» խմբագրատանը, ցիվիլ պայմաններում: Ես նույնիսկ պատրաստակամություն էի հայտնել պարոնայք Փաշինյանին և Օսիպյանին սուրճ ու պաղպաղակ հյուրասիրել, բայց նրանք, ինչպես երևում է իրենց քար լռությունից, չեն էլ պատրաստվում պարտքը վերադարձնել: Ավելին ասեմ, Օսիպյանն իմ ավտոմեքենայի համարը ֆիքսել է և ակտը ակտի հետևից է ուղարկում տուն, որպեսզի այդ տուգանքներով զրոյացնի 300 հազարի պարտքը:



Ի՞նչ անել: Ասում եմ` չդիմե՞մ ԱԱԾ-ին առ այն, որ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանն ու Վալերի Օսիպյանը, գալով հանցավոր համաձայնության, ինչպես նաև չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հրաժարվում են փոխհատուցել իմ կրած վնասը, որը տեղի է ունեցել առաջինի բարձրացրած ապստամբության և երկրորդի ցուցաբերած անգործության արդյունքում: Մեկ էլ մտածում եմ` գուցե դեռ չարժե՞ ԱԱԾ-ին խառնել այս գործին, մարդ են, կհասկանան, կվերադարձնեն 300 հազարս: 100 օր սպասել եմ, 100 օր էլ սպասեմ, ի վերջո խոսքը մեր վարչապետի և ոստիկանապետի մասին է, օտար չեն, մերն են: Բայց գոնե մի երկտող գրեն, կամ կես բերան ասեն, որ հենց ձեռքներին լինի, կտան այդ փողը և օձիգներն ինձնից կազատեն:



Էն էլ ասեմ, որ Օսիպյանը հասցրել է այս ընթացքում 14 հազար դրամի նոր տուգանք ուղարկել: Տրամադրությունս հազար է: Մարիխուանա եմ ուզո՛ւմ: Իսկ հիմա նորից կարդացեք նախաբանը: Այն այլևս տարօրինակ չի թվա:



**Էդիկ Անդրեասյան**