Կա հնարավորություն՝ պահպանելու «Ելք» դաշինքի մասնակցության ձևաչափը․Դավիթ Խաժակյան

Կա հնարավորություն՝ պահպանելու «Ելք» դաշինքի մասնակցության ձևաչափը․Դավիթ Խաժակյան
Մոտնում են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, արդեն որոշ կուսակցություններ առաջադրել են քաղաքապետի իրենց թեկնածուին, սակայն դեռ հստակ չէ «Ելք» դաշինքի մասնակցության ձևաչափը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Հայկ Մարությանն է, և արդեն իսկ խոսվում է, որ ՔՊ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, սակայն դեռ պաշտոնական հայտարարություն այդ մասով ՔՊ-ն չի տարածել։ Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության ղեկավար և «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը մեզ հետ նախորդ զրույցում ասել էր, որ դաշինք կազմած 3 կուսակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետություն» կուսակցության միջև բանակցություններ են ընթանում՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ։ Խաժակյանին հարցրինք, թե այդ բանակցությունները ի՞նչ փուլում են՝ մանավանդ, որ արդեն մամուլում հրապարակումներ կան, որ «ՔՊ»-ն մասնակցելու է առանձին։ Ի վերջո՝ միասի՞ն , թե՞ առանձին։ Խաժակյանը խորհուրդ տվեց, որ «ՔՊ»-ին ուղղենք այդ հարցը, որպեսզի իրենք նույնպես իմանան՝ հավելելով․



«Առայժմ մենք դրա մասին հստակ տեղեկացված չենք, դրա մասով քննարկումները դեռ շարունակվում են։ Մենք քննարկում ենք դեռևս «Ելք» դաշինքի պահպանման հարցը, և քանի դեռ «Քաղաքացիական պայմանագիրը» չի հայտնել, որ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, կա հնարավորություն՝ պահպանելու «Ելք» դաշինքի մասնակցության ձևաչափը»։



Խաժակյանը վերջերս հայտարարել էր, որ ՔՊ-ի առանձին մասնակցելու դեպքում ՝ դաշինքի թեկնածուն լինելու է արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը, ով «Հանրապետություն» կուսակցությունից է, հարցրինք, թե «Լուսավոր Հայաստանը» չի՞ առաջադրելու թեկնածու՝ նկատի ունենալով, որ Մանե Թանդիլյանի անունն էր շրջանառվում․



«Դրա մասին ես հայտարարել եմ՝ ասելով, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին մասնակցի առանձին, «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետություն» կուսակցությունը քննարկում են Արտակ Զեյնալյանի առաջադրման հարցը, հետևաբար Արտակ Զեյնալյանը հանդիսանում է այս 2 կուսակցությունների միասնական թեկնածուն։ Դեռևս քննարկվել է քաղաքապետի թեկնածուի հարցը, որը 2 կուսակցությունների դեմքով Արտակ Զեյնալյանն է»։



Դավիթ Խաժակյանին հարցրինք, թե ինչպիսի՞ ընտրություններ է ակնկալում, մասնակցում են նաև կուսակցություններ, որոնք տևական ժամանակ ակտիվ քաղաքականության մեջ չէին, և ինչպիսի՞ ավագանի է լինելու սեպտեմբերից․



«Կարծում եմ՝ լինելու է մրցակցային ընտրություն, և ավագանին էլ բնականաբար իր կազմով բավականին թարմացված է լինելու, վստահ եմ, որ այնտեղ լինելու են ներկային ավագանու «Ելք» խմբակցության բոլոր անդամները, մնացած կազմի մասին, կարծում եմ, քարոզարշավի ժամանակ պարզ կլինի, և հետագայում բնականաբար ընտրությունների արդյունքներով»։



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից հարցրինք, թե ի վերջո կուսակցությունը միտված է առաձի՞ն, թե՞ դաշինքով մասնակցության, պատասխանեց, որ դեռ քննարկում են։



Հարցին, թե կուսակցությա՞ն ներում են քննարկումները, թե՞ դաշինքի մասշտաբով, Սիմոնյանը ասաց՝ և՛ կուսակցության ներսում, և՛ դաշինքի կազմով։