Լույս է տեսել Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը

Լույս է տեսել Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը
Հայաստանի մշակութային մայրաքաղաքի՝ Գյումրիի ընթերցասերներն առաջինը հնարավորություն ստացան տեսնելու ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ, գրքի շնորհանդեսը կազմակերպեց Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածքում: Շնորհանդեսի անցկացման վայրը պատահական չէր ընտրված. վերջերս տեղադրված արձանը յուրահատուկ հարգանքի տուրք է մեծանուն հային: Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է, թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները:



«Առաջին հերթին մեզ համար մեծ պատիվ է Քըրք Քըրքորյանի նման մեծանուն հայի մասին պատմող գիրքը հրատարակելը: Երկրորդ՝ մեծ պատիվ է Գյումրիում առաջինը այս գիրքը ներկայացնելը: Գիրքն այս տարի է լույս տեսել, այժմ ԱՄՆ-ում բեսթսելեր է: Քըրք Քըրքորյանը երբեք չէր տալիս հարցազրույցներ: Գրքում դուք կգտնեք այնպիսի ինֆորմացիա, որը նախկինում չգիտեիք: Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ ներկայիս նախագահը, Քըրքորյանին արքա էր անվանում: Դուք կկարդաք, թե Էլվիս Փրեսլին, Ջոն Քենեդին, Բարբարա Սթրեյզանդը և այլք առնչություններ են ունեցել մեծանուն հայի հետ, թե Քըրքորյանն ինչ է արել Հայաստանի համար»,-շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:



Կարապետյանի խոսքով՝ Քըրքորյանին կարելի է երկու տեսանկյունից դիտարկել՝ մեծանուն հայ և բիզնես հանճար: Որ ոլորտում էլ Քըրքորյանը գործունեություն ծավալեր, առաջինն էր: Մեծանուն հայը մի առիթով ասել էր, որ բարեգործությունը բարեգործություն չէ, երբ ինչ-որ բան է ակնկալվում դրա դիմաց: Եվ այդպես էլ ապրել է իր ողջ կյանքի ընթացքում՝ բազմիցս աջակցելով իր հայրենակիցներին:



Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը շնորհանդեսի ընթացքում կարևորեց հատկապես Գյումրիում նմանատիպ միջոցառման կազմակերպումը: «Քըրքորյանն այն պահին իր առատ ձեռքը մեկնեց Գյումրիին, երբ Գյումրին ավերակված էր և ավերակված էին հատկապես մշակութային օջախները, և նրա տրամադրած 151 մլն դոլարը դարձան թաղամաս, բանուկ փողոցներ ու մշակույթի օջախներ»,-նշեց Հասմիկ Կիրակոսյանը:



«Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: 



Հեղինակը՝ Ռեմփելը, փաստում է՝ սա իննսունութամյա մի կյանքի ոգեշնչող պատմություն է Քըրք Քըրքորյանի մասին՝ մի տղայի, որը ոտաբոբիկ վազվզում էր Կալիֆորնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչև ընտանեկան ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որն ստիպված էր պայքարել Լոս Անջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար: Նա պինդ տղա էր, որ լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնես հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-ի խորհրդատուներին, համարձակ օդաչու և կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում և Ուոլ Սթրիթում, որը մի գերբնական հմտությամբ նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում: 

Ի դեպ, սա փաստագրական գիրք է. բոլոր մեջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնված են ականատեսների հուշերի կամ նախկինում հրատարակված պատմությունների վրա:



Նշենք, որ գիրքը շնորհանդեսներով կներկայացվի նաև հանրապետության այլ մարզերում, ինչպես նաև Երևանում: