Միֆերից մեկն արդեն հօդս ցնդեց

Միֆերից մեկն արդեն հօդս ցնդեց

Պատերազմից հետո կոտրված ժողովուրդն ամիսներ շարունակ խելքի չէր գալիս եւ բոլոր սոցիոլոգիական հարցումների ժամանակ ահռելի թվով մարդիկ ասում էին, որ չեն գնալու ընտրության, ընտրությունների միջոցով հարց չի լուծվելու եւ այլն։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ աննախադեպ ակտիվություն կա երկրով մեկ եւ գրեթե ամենուրեք ընտրատեղամասերում հերթեր են։ Ինչը վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդն անտարբեր չէ ընտրությունների, այսինքն՝ իր ու իր զավակների ապագայի, իր երկրի ճակատագրի հանդեպ եւ որոշել է ակտիվորեն մասնակցել իշխանություններ ձեւավորելու գործընթացին։ 

Անկախ նրանից, թե մարդիկ ում են ընտրելու, լավ է, որ հասարակությունը քաղաքացիական գիտակցություն ունի եւ կարեւորում է ընտրությունները։ Հիշեցնենք, որ 2018 թվականին ամենացածր ակտիվությունն արձանագրվեց՝ ցուցակներում առկա 2 մլն 573 հազար 779 ընտրողից ընտրություններին մասնակցեց 1 մլն 261 հազար 105 մարդ, ինչը ընտրելու իրավունք ունեցողների 48,63 տոկոսն էր։ Այս ցուցանիշը վկայում էր այն մասին, որ մարդիկ ընտրություններին իրենց մասնակցությունը չէին կարեւորում եւ կարծում էին, որ իրենց քվեն ոչինչ չի որոշելու՝ միեւնույնն է հեղափոխությամբ իշխանության ուժը վերընտրվելու է՝ նրան ոչ աջակցելու, ոչ խանգարելու ձեւը չկա։

Այսօր իրավիճակն այլ է։ Մի կողմից՝ մարդիկ հասկանում են, որ իրենց քվեով է որոշվելու երկրի ճակատագիրը, մյուս կողմից բավականին լայն ընտրություն կա՝ 26 կուսակցություն է հայտ ներկայացրել՝ ամեն գույնի ու ձեւի, ամեն ճաշակի ու կողմնորոշման։ Եւ ընտրողի բոլոր քմահաճույքները, այսպես ասած, կարող են բավարարվել։ Իշխանություն ես ուզում՝ խնդրեմ, արմատական ընդդիմություն ես ուզում՝ համեցեք, լայթս ընդդիմություն ես ուզում, արեւմտամետներին ես համակրում, եւրոպամետներին, ազատ սեռական կողմնորոշման կողմնակից ես, թե ազգային արժեքների ջատագով՝ ամեն ինչ կա։

Այս ակտիվությանը նպաստեց նաեւ այն, որ թեժ քարոզարշավ ընթացավ։ Իշխանությունն ակտիվացրեց իր ընտրողին, ընդդիմությունն՝ իր։ Գործի դրվեցին եւ քաղաքական անթույլատրելի բառապաշարն ու գործիքները, եւ քաղաքական կիրթ տեքստեր ու մանրակրկիտ մշակված ծրագրեր հրապարակվեցին։ Անգամ հմուտ քաղտեխնոլոգներ, քաղաքական փիառի տարրեր, ընտանի, եկեղեցի, սեր, համերաշխություն հասկացությունները գործի դրվեցին։ Այս առումով էլ բոլոր էմոցիոնալ եւ պահի ազդեցության տակ կողմնորոշվող մակերեսային մարդիկ, նաեւ ավելի խոր վերլուծություններ անողները, հայրենիքը սիրողներն ու արտագաղթի որոշում կայացրածները՝ բոլոր-բոլորն ընտրության հնարավորություն ունեին։

Եւ ամենակարեւոր ակտիվացնող գործոնը՝ քվեարկությանը գնացել են նրանք, ում այս իրավիճակն ու իշխանությունը շատ է դուր գալիս, ինչպես նաեւ նրանք, ովքեր սարսափում են այս իշխանությունների գոյատեւումից եւ համարում են, որ նրանց վերարտադրությունը կործանարար կլինի երկրի համար։ 

Այսինքն՝ միֆը, լեգենդը, որ հունիսի 20-ի ընտրություններին ամենացածր մասնակցությունն է գրանցվելու, քանի որ մեր ժողովուրդը հոգնած է, հուսահատ, հեռանկար չի տեսնում եւ պայքարի կամքից զրկված է, հօդս ցնդեց։