Վանեցյա՞ն, Հայրապետյա՞ն, թե՞ Ջորկայեֆ․ ի՞նչ են կարծում սպորտային լրագրողները․ մաս 2

Վանեցյա՞ն, Հայրապետյա՞ն, թե՞ Ջորկայեֆ․ ի՞նչ են կարծում սպորտային լրագրողները․ մաս 2
Ֆուտբոլային աշխարհը կարծես թե համաձայն է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնություններին։ Մի շարք ակումբներ հայտարարեցին, որ Վանեցյանը ներկայումս այդ պաշտոնում ամենահարմար թեկնածուն է, նույնիսկ հայկական ֆուտբոլի լեգենդները միացան այդ կարծիքներին՝ Վանեցյանից ակնկալելով, որ իր «շոկային բացահայտումներից» նաև ֆուտբոլում կանի։ Սակայն մինչ հիմա անհասկանալի է, թե Վանեցյանի թեկնածությանը նման զանգվածային հավանությունները ավելի շատ կապված են նրանից լավ աշխատանք ակնկալելո՞ւ հետ, թե՞ ավելի շատ Ռուբեն Հայրապետյանից վերջնականապես ազատվելու հետ։ Թեմայի շուրջ զրուցեցինք սպորտային լրագրողների հետ։



**Մենուա Մեհրաբյան՝ ֆուտբոլային մեկնաբան**



«Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե որքանով է պարոն Վանեցյանը կապված ֆուտբոլի հետ: Ես բազմիցս եմ նշել, որ ֆեդերացիան ղեկավարելու եւ ֆուտբոլը զարգացնելու համար այս խաղը միայն սիրելը բավական չէ: Ֆուտբոլը զարգացնելու համար նախ պետք է խորը գիտելիքներ ու պատկերացում ունենալ այս խաղի վերաբերյալ, ֆուտբոլը հասկանալ մտածելակերպով, գիտակցել զարգացման բոլոր ուղղությունները, որից հետո կարելի կլինի մտածել հետագա ընթացքի մասին:



Ընդհանուր առմամբ, Արթուր Վանեցյանի թեկնածության դեմ ոչինչ չունեմ, սակայն պետք է վստահությամբ արձանագրեմ, որ մինչեւ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելը, անհրաժեշտ է ներկայացնել այն ծրագիրը, ֆուտբոլային այն պատկերացումները, զարգացման այն ուղղություններն ու լուծումները, որոնք ունի պարոն Վանեցյանը: Սա նորմալ եւ բնական պահանջ է բոլոր ֆուտբոլասերների եւ հայկական ֆուտբոլի ապագայով իրապես անհանգստացած յուրաքանչյուրի համար: Ներկա պահին կա ֆեդերացիայի նախագահի լավագույն թեկնածու, սակայն անուն չեմ նշի, որպեսզի չդիտվի որպես ուղղորդում:



Պարոն Վանեցյանի ընտրվելու հնարավորությունը շատ մեծ է եւ, գուցե, այս պահին այլընտրանք չունի: Պետք է նաեւ պարզ գիտակցել մեկ բան․ հանրության շրջանում, ինչպես նաեւ ֆուտբոլային աշխարհում, հսկայական դժգոհություն կա՝ կապված Ռուբեն Հայրապետյանի հետ: Ներկա պահին՝ իմ կարծիքով, գերխնդիրը հենց Հայրապետյանին պաշտոնանկ անելն է, որից հետո արդեն կարելի կլինի հանգիստ մտածել հետագայի մասին: Գուցե սխալվում եմ, բայց գրեթե վստահ եմ, որ պարոն Վանեցյանը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է ժամանակավորապես: Նախ, պաշտոնանկ անել ֆեդերացիայի ներկայիս նախագահին, ցրել ֆեդերացիայի գործկոմի կազմը եւ կազմավորել նորը, արմատապես «մաքրել» ֆուտբոլի ֆեդերացիան, որից հետո արդեն, կարծում եմ, հենց Արթուր Վանեցյանն էլ կառաջարկի ֆեդերացիայի նախագահի այլ թեկնածուի:



Շատ է խոսվում այն մասին, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնի հետ կապված զբաղվածությունը լրջորեն կարող է խանգարել նաեւ ֆեդերացիայի աշխատանքով խորությամբ զբաղվելու մասին: Սրա հետ պետք է համաձայնել, քանի որ դա իսկապես այդպես է: Յուրաքանչյուր ոլորտում կարելի է լրջագույն լուծումների եւ ձեռբերումների հասնել միայն այն դեպքում, եթե դու խորությամբ եւ միայն զբաղվում ես տվյալ ոլորտով, այլապես մեկ ոլորտն անպայման խանգարելու է մյուսին: Սա եւս մեկ փաստարկ, թե ինչու եմ մտածում, որ Արթուր Վանեցյանը ժամանակավորապես կլինի ֆեդերացիայի ղեկին: Կրկնում եմ՝ անձնավորված ոչինչ երբեւէ չեմ ունեցել, որեւէ մեկի նկատմամբ: Իմ մոտեցումներն ու դիտարկումները միշտ եւ բացառապես, եղել են կոնկրետ մասնագիտական տեսանկյունից: Հիմա գերխնդիրը՝ Ռուբեն Հայրապետյանին ֆեդերացիայի նախագահի պաշտոնից զրկելն է: Մնացածը կտեսնենք ապագայում: Ամեն դեպքում հույս ունեմ ու ցանկանում եմ, որպեսզի Արթուր Վանեցյանը դառնա այն ուղու սկիզբը, որը հիմք կդնի հայկական ֆուտբոլի զարգացմանը: Վերջում ցանկանում եմ կրկին վստահեցնել, որ պատրաստ եմ ցանկացած համագործակցությանն ու աջակցությանը՝ ի շահ հայկական ֆուտբոլի շուտափույթ զարգացմանն ու վերելքին»:



**Քրիստինա Խաչատրյան՝ սպորտային լրագրող**



«Նախկինում Վանեցյանի անունը որպես Ռուբեն Հայրապետյանին փոխարինող չի շոշափվել: Ինչ-որ տեղ անսպասելի էր, որ ֆուտբոլային ակումբների ղեկավարները, անգամ ՀՖՖ գործկոմի որոշ անդամներ անմիջապես հավանություն տվեցին նրա թեկնածությանը ու վստահ են, որ նա դրական փոփոխություններ է իրականացնելու: Իմ կարծիքով՝ այս ոգեւորությունը առաջին հերթին ոչ թե կապված է Վանեցյանի անձի հետ, այլ այն մտքի, որ վերջապես ազատվում են ֆեդերացիայի ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանից: Ինչ վերաբերում է Վանեցյանին, ապա իհարկե ցանկալի կլիներ, որ ֆեդերացիայի նախագահի թեկնածուն ֆուտբոլային անցյալ ունենար: Նկատի չունեմ ֆուտբոլիստ եղած լիներ, որովհետեւ համաշխարհային ֆուտբոլում կան օրինակներ, որ ֆուտբոլային գործիչը նախկինում պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղված չի եղել: Ֆուտբոլային գործունեության փորձը նրան օգտակար կլիներ. օրինակ այն առումով, որ ֆուտբոլային աշխարհում մեծ կապեր ձեռք բերած կլիներ, ինչը կարեւոր է: Ամեն դեպքում, ֆուտբոլային գործունեությամբ զբաղված չլինելը չի նշանակում, որ նա թերանալու է կամ կձախողվի: Ի վերջո նա ղեկավարելու է թիմ:



Ամեն ինչ կախված կլինի նրա՝ կառավարելու ընդունակություններից: Ֆեդերացիայում եղել են ու կան խելացի մարդիկ, ու հնարավոր է, որ տարիների ընթացքում նաեւ նրանց ներուժը ճիշտ չկառավարելու պատճառով է, որ հայկական ֆուտբոլն այսօր այս վիճակում է հայտնվել: Բացի այդ՝ Վանեցյանը, լինելով ԱԱԾ տնօրեն, կարող է օգտագործել իր լծակները հայկական ֆուտբոլում եղած չարաշահումները բացահայտելու, դրանք կանխելու համար: Օրինակ, վերջերս հաճախ են հայտնի դառնում պայմանավորված խաղերի դեպքեր: Հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները պետք է որ հիմքեր ունենան Վանեցյանին հավատալու: Նրանք վստահություն են հայտնում, որ նա լավ կաշխատի ու իրենք էլ պատրաստ են ամեն հարցով աջակցել: Անձամբ ես ոչ ակումբների ներկայացուցիչների մեծ ոգեւորությունն ունեմ Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ դառնալու հետ կապված, ոչ էլ մտածում եմ, որ նա անհաջողության է մատնվելու»: