Երբ արդյունքը կլինի, նորի՞ց կասեն՝ Կարգին Հայկոն ինչու եղավ քաղաքապետ

Երբ արդյունքը կլինի, նորի՞ց կասեն՝ Կարգին Հայկոն ինչու եղավ քաղաքապետ
Երաժիշտ, կոմպոզիտոր Գիսանե Պալյանը կողմ է Երեւանի քաղաքապետի պաշտոնում դերասան Հայկ Մարությանի թեկնածությանը։



«Իմ խորին համոզմամբ սխալ է ինչ- որ դատողություններ անել՝ ասելով, որ ինքը դերասան է եւ չի կարող լինել քաղաքապետ։ Քաղաքական կենսագրությունը չգիտեմ, բայց իր կենսագրությունը բավականին նորմալ կենսագրություն է, Պոլիտեխնիկն է ավարտել, Ամերիկյան համալսարանը, այդպես եմ կարդացել։ Ես հակված եմ նրան, որ մարդուն աշխատանքով է պետք դատել։ Պարզ է, որ առանձնակի մեծ քաղաքական ճանապարհ չի անցել, բայց դա չի նշանակում, որ ինքը վատ քաղաքապետ կլինի։ Եթե սիրում է այս քաղաքը ու Երեւանին վերաբերվում է որպես իր քաղաքին, իսկ դա մենք բազմաթիվ անգամներ նկատել ենք տարբեր ակցիաների ժամանակ, ուրեմն՝ կարող է։ Հետո քաղաքապետը մի անձ չէ, որ աշխատում է ու ամեն ինչ կարգի է բերում, քաղաքապետարանը ունի տարբեր բաժիններ, տարբեր մասնագետներ, ընդամենը պետք է այդ սրտացավ վերաբերմունքը գործի դնել եւ մնացած կադրերին օգտագործել ճիշտ եւ նպատակաուղղված»,-ասաց երգահանը։



Գիսանե Պալյանն ընդգծում է՝ իր համար, մեծ հաշվով միեւնույնն է՝ ով կլինի քաղաքապետ․ «Թող աշխատեն, ինչ-որ արդյունքներ տան, ու երբ դրանից հետո արդյունքը կլինի, նորի՞ց կասեն Կարգին Հայկոն ինչու եղավ քաղաքապետ։ Չեն ասի, որովհետեւ արդեն անձի շուրջ չեն խոսի։ Հետո մինչեւ իրեն ո՞վ էր քաղաքապետ․․․, եթե մարդը սրտացավ է, ունի կազմակերպչական ջիղ, եթե աշխատասեր է եւ իսկապես ունի կամք ինչ-որ բան փոխելու, մնացածը լուծելի է, որովհետեւ մեծ թիմ է աշխատում, դրա համար վստահ եմ, որ գլուխ կբերեն»։



«Ես այնքան ոգեւորված եմ վերջին փոփոխություններով եւ այնքան հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Երբեւիցե չեմ պատկերացրել, որ կտեսնեմ այն օրը, թե այս բանդան ոնց է ծնկի գալու։ Եթե այս ամեն ինչը տեղի է ունեցել, ես վստահ եմ, որ թե քաղաքապետի, թե մնացած հարցերը հետագայում գլուխ կբերվի։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի կին կամ տղամարդ լինելուն, ի՞նչ տարբերություն, կարեւորը գործ անելն ու սրտացավ լինելն է։ Ոնց է մայրը կամ հայրը իր տանը, ընտանիքի անդամներին վերաբերվում, այդպես պետք է վերաբերվել նաեւ մեր քաղաքին»,-ընդգծեց Պալյանը։