Քաղաքագրություն. Երևանի ներքին կյանքը

Քաղաքագրություն. Երևանի ներքին կյանքը
Հայ, թաթար և թուրք երևանցի քաղաքացիները՝ արհեստավորները, առևտրականները, այգեգործները և բանջարաբույծներն ընդհանուր առմամբ իրար հետ ապրել են հաշտ ու խաղաղ։ Դրանցից յուրաքանչյուրը, մանավանդ հայերը, խուսափել են թշնամական վերաբերմունքի առիթ տալուց։ Մենք տեսանք, որ եղել են դեպքեր, երբ հայերն ու մահմեդականները միահամուռ հանդես են եկել այս կամ այն դաժան խանի դեմ և հարկադրել նրան հեռանալու քաղաքից։ Սակայն եղել են նաև դեպքեր, երբ թուրք ու պարսիկ նվաճողները հարաբերությունները սրել են՝ աշխատավոր բնակչության կեղեքումներից և պայքարից նրանց ուշադրությունը շեղելու համար։



Քաղաքում մահմեդականներն ու հայերը տեղ-տեղ ապրում էին խառը կերպով, միևնույն թաղում կամ քաղաքամասում։ Բայց ընդհանուր առմամբ մահմեդականները բնակվում էին քաղաքի արևելյան կեսում, իսկ հայերը՝ արևմտյան։ Քաղաքի բերդում գրեթե բացառապես ապրում էին միայն թուրքերն ու պարսիկները։ Հայերն այստեղ ունեին խանութներ, որոնցում ցերեկն զբաղվում էին առևտրով և երեկոյան փակելով դրանք գնում էին բուն քաղաք՝ իրենց տները։



Նախորդ տարիների նման 16-18 դարերի Երևանի բնակչության թվի վերաբերյալ մեզ տեղեկություններ չեն հասել։ Միայն պատմության տրամաբանությանը հետևելով կարելի է ենթադրել, որ 16-18 դարերում Երևանը չուներ աճելու և բազմամարդ քաղաք դառնալու հնարավորություններ։ Թուրք-պարսկական երկարատև պատերազմները և մեծ չափերի հասնող գերեվարությունները, ջալալիների արշավանքները, խաների ու փաշաների միջև մղվող հարատև պայքարն ու կռիվները, վրաց Հերակլ թագավորի արշավանքները, պարբերաբար կրկնվող մահասփյուռ հիվանդությունները, երկրում տիրող փակ բնատնտեսությունն արգելակում էին քաղաքների, որոնց թվում և Երևանի զարգացումը։ Անկայուն քաղաքական վիճակի և բնական չնչին աճի հետևանքով 16-18 դարերի Երևանի բնակչության թվի ավելացումը կամ նվազումը հիմնականում կապված էր բնակչության մեխանիկական ներհոսքի և արտահոսքի հետ, որոնց մասին խոսվեց վերևում։



Նկատի ունենալով որոշ տվյալներ, Ղ. Ինճիճյանը և նրան հետևող Մ. Սմբատյանցը ենթադրում են, որ Երևանը նախքան թուրքպարսկական պատերազմներն ունեցել է 25.000 տուն (կամ ծուխ)։ Եթե այդ թիվը համարենք ընդունելի, ապա պետք է կարծել, որ 16 դարի սկզբներին Երևանն իբր ունեցել է 100.000 - 125.000 բնակիչ՝ յուրաքանչյուր տունը (ծուխ, ընտանիք) հաշվելով 4 - 5 շնչից բաղկացած։ Սակայն այդ թիվը ամենայն հավանականությամբ պարզապես վրիպակ է։ Այն պետք է լինի ոչ թե 25.000, այլ՝ 2.500 տուն, որի դեպքում դարձյալ մեկ ընտանիքը հաշվելով 4-5 շնչից բաղկացած, քաղաքը կունենար 10.000-12.500 բնակիչ։ Եվ դա միանգամայն հավանական կարելի է համարել։ Երևանը, իբրև մեծ կուսակալության կենտրոն, համարվում էր այն ժամանակվա Արևելյան Հայաստանի և Անդրկովկասի խոշորագույն քաղաքներից մեկը, իսկ վերջիններիս բնակչության թիվը ըստ երևույթին 10.000-ից պակաս չէր։ Այդ պարզ երևում է նաև եվրոպական ճանապարհորդների նկարագրություններից։



Անուղղակի նկարագրություններից և հիվանդությունների մասին մեզ հասած վկայություններից երևում է, որ Երևանի բնակչության առողջապահական վիճակը աննախանձելի էր։ Այդ տեսակետից այն հար ու նման էր Նախիջևանին, Շամախուն, Թավրիզին և Պարսկաստանի, Արևելյան Հայաստանի ու Վրաստանի քաղաքներին, որոնցում նույնպես բացակայում էին բնակչության առողջապահության նվազագույն պայմանները։ Հայտնի է, որ բնակչության առողջապահության վիճակի վատթար կամ բարվոք լինելն առաջին հերթին կապված էր բժիշկների և բժշկական հիմնարկների՝ դեղատների, հիվանդանոցների, բուժկայանների գոյության հետ։



**Թ. Խ. Հակոբյան. «Երևանի պատմությունը»**



Պատրաստեց **Արամ Պաչյանը**