Ե՞րբ է կիրառվում խափանման միջոց գրավը, և արդյոք այն վերադարձվո՞ւմ է

Ե՞րբ է կիրառվում խափանման միջոց գրավը, և արդյոք այն վերադարձվո՞ւմ է
Վերջին շրջանում աղմկահարույց քրեական գործերով մեղադրվողների նկատմամբ դատարանի կողմից կիրառվեց խափանման միջոց գրավը, որը խափանման այլընտրանքային միջոց է։ Հիշեցնենք, որ մասնավորապես 5 միլիոն դրամ գրավ կիրառվեց մարտի 1-ի գործով կալանավորված, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ՝ ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի նկատմամբ կիրառված կալանքն էլ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ փոխարինվեց գրավով ազատ արձակման․ Ղազարյանն ազատ արձակվեց աստղաբաշխական՝ 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Մեր ընթերցողներից շատերին հետաքրքրում է, թե ե՞րբ է կիրառվում խափանման միջոց գրավը եւ ինչպե՞ս է սահմանվում գրավի չափը։



Նշենք, որ գրավը, ինչպես նաեւ խափանման միջոցների մի քանի այլ տեսակներ, սահմանված են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով։ Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:



Խափանման միջոցներն են`



1) կալանավորումը.



2) գրավը.



3) ստորագրություն` չհեռանալու մասին.



4) անձնական երաշխավորությունը.



5) կազմակերպության երաշխավորությունը.



6) հսկողության հանձնելը.



7) հրամանատարության հսկողության հանձնելը:



Կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Հսկողության հանձնելը կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ: Հրամանատարության հսկողությանը հանձնելը կարող է կիրառվել միայն զինծառայողի կամ զինապարտի նկատմամբ` զորահավաքներ անցնելու ժամանակահատվածում:



Գրավը, ինչպես արդեն նշեց, համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:



Ե՞րբ է մեղադրյալը ազատվում կալանքից



Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե`



1) կարճվել է համապատասխան քրեական գործի վարույթը, կամ նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը.



2) դատարանը դատապարտյալին նշանակել է պատիժ, որը կապված չէ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ կալանքի հետ.



3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը.



4) լրացել և չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու` դատարանի կողմից սահմանված ժամկետը.



5) լրացել է անձին կալանքի տակ պահելու սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը.



6) մուծված է անձին կալանքից ազատելու համար դատարանի կողմից նշանակված գրավը:



1. Սույն հոդվածի առաջին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում անձին կալանքից ազատելու որոշում կարող է ընդունել նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:



Կալանքից ազատված անձը չի կարող նորից կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին:



Գրավ․ ի՞նչ է դա



Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է`քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը: Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից: Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն: Դատարանի նշանակած գրավի չափը չի կարող պակաս լինել`



1) նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից` ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս.



2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափից` միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս:



Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից: Եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ` առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատարանի որոշումը գրավատուն կարող է բողոքարկել վերադաս դատարան: Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված խախտումները կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:Դրված պարտականությունները և նախատեսված սահմանափակումները մեղադրյալի կողմից խախտելիս, գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել կալանքով: