Էջմիածնում քաղաքապետի նորանոր թեկնածուներ են նշմարվում

Էջմիածնում քաղաքապետի նորանոր թեկնածուներ են նշմարվում
Էջմիածնում, թեեւ տուրիստական այցերի բուռն սեզոն է, եւ առերեւույթ ոչինչ չի հուշում առաջիկա աշնանը սպասվող համայնքի ղեկավարի ընտրությունների մասին, սակայն որոշ շրջանակներ այս օրերին արդեն իսկ քննարկում են քաղաքապետի թեկնածուների անուններ: Շրջանառվում է ավագանու նախկին անդամ, անկուսակցական Սամվել Դավթյանի անունը:



Մեզ հաջողվեց զրուցել վերջինիս հետ: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է բանկային համակարգում, այժմ էլ ձեռներեցությամբ է զբաղվում: «Նման մտադրություն ունեմ, իհարկե, բայց մենակ մեր ուզելով չի, ժողովրդի կարծիքն է շատ կարեւոր՝ կցանկանա՞ն ինձ տեսնել քաղաքապտի պաշտոնում, թե՞ այլ նախընտրելի թեկանծու ունեն: Բայց սպասենք, տեսենք իրադարձություններն ինչպես են զարգանում, ըստ այդմ էլ կկողմնորոշվենք»,-ասաց Դավթյանը:



Նա նաեւ հավելեց, որ աշխատել է նախկին քաղաքապետերի հետ, բոլորի հետ էլ կապերի մեջ է եղել: Նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի օրոք նույնպես եղել է ավագանու անդամ եւ, ի թիվս այլ ավագանու անդամների, բոյկոտել է ավագանու նիստերը, քանի որ, ինչպես ինքն ասաց, «մեր խոսքը չէր անցնում քաղաքի որոշ հարցեր որոշելիս»:



Դավթյանը նշեց նաեւ, որ թեեւ անկուսակցական է, սակայն համակրում է: Հույս ունեն՝ Փաշինյանը մեկին կառաջադրի, ու ժողովուրդն էլ կընտրի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, եղել է համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից, եւ կցանկանար անդամագրվել ՔՊ-ին, սակայն դա եւս հընթացս լուծվելիք հարց է:



Նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի երբեմնի մրցակից, ավագանու նախկին անդամ Արթուր Թումանյանը թեեւ վերջանական որոշում չունի իր առաջադրվել-չառաջադրվելու հարցով, բայց հակված է մեկ այլ թեկնածուի տեսնել նոր քաղաքապետի պաշտոնում: Սամվել Դավթյանին շատ լավ է ճանաչում եւ նրա առաջադրվելու դեպքում պատրաստ է ուժերի ներածի չափով սատարել: Թումանյանը, հիշեցնենք, 2016 թ ՏԻՄ ընտրությունների նախօրեին ծեծի էր ենթարկվել Գրիգորյանի եւ նրա համակիրների կողմից, մարմնական միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել էր եւ ֆիզիկապես չէր կարողացել մասնակցել ընտրություններին:



«Ես մոտ մեկուկես ամիս առաջ մանվելիզի դեմ կազմակերպված հայտնի միտինգում արդեն իսկ հայտարարել եմ, որ չեմ առաջադրվի, թող ջահելները դնեն, ու մի քիչ սիրուն չի լինի այդ հայտարարությունից հետո վեր կենամ, նորից առաջադրվեմ»,-մեր զրույցում ասաց Թումանյանը:



Նա նաեւ ասաց, որ Դիանա Գասպարյանի՝ քաղաքապետի ժ/պ նշանակվելուց հետո հանդիպել է վերջինիս եւ առաջարկել փոխքաղաքապետ նշանակելիս նկատի ունենալ նաեւ իր թեկնածությունը, քանի որ ինքը 2016-ի ՏԻՄ ընտրություններին հավաքել է 3 600-ից ավելի ձայն: «Եւ սա այն դեպքում, երբ քաղաքում վախի մթնոլորտ էր եւ ինքս էլ չէի մասնակցում ընտրություններին: Նշանակում է՝ այդքան մարդ վստահում է ինձ եւ ունեմ ընտրազանգված, որը ակնկալիքներ ուներ ինձանից: Ես ասեցի, որ պատրաստ եմ իմ աջակցությունը հայտնել, օգտակար լինել ի քաղաքին: Նա էլ ասաց՝ մի հատ զանգեմ ստեղ, ընդեղ, ճշտեմ եւ այլն: Ոնց հասկացա՝ ինքը միայնակ չի որոշում իր քայլերը: Մենք էդքան պայքարեցինք, էդքան ջաք թափեցինք, էդքան փորձությւների միջով անցանք, մարդիկ փաստորեն, քնած տեղից եկան, դարձան քաղաքապետ ու մնացածին հաշվի չեն առնում: Կամ՝ նոր փոխքաղաքապետին /ՔՊ անդամ Արսեն Պետրոսյանին-խմբ./որ բերել են, ինձանից ինչո՞վ էր ավել: Լավ տղա է, բան չունեմ ասելու, բայց ես ավելի շատ բան կարող էի եւ կարող եմ անել իմ քաղաքի համար: Բայց հարցը էդ չի, հարց էն է, որ իրենք հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ մեկին առաջադրի, ժողովուրդն էլ գնա, ընտրի: Սա սխալ պալիտիկա է: Բոլորը սպասում են, թե ինչ է իրենց տալիս կուսակցությունը, բայց չեն մտածում՝ իրե՞նք ինչ են տալիս կուսակցությանը,կամ՝ կարո՞ղ են տալ, որ հավակնություններ են ներկայացնում: Կամ ի՞նչ է նշանակում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքը, թե մեզ հները, առաջվանները պետք չեն եւ այլն: Պատկերացրեք, որ դա նույնն է, որ տան մեջ ծնողին կամ մեծին բանի տեղ չդնեն, արհամարհեն: Նման հայտարարություն անելը շատ սխալ է»,-նշեց Թումանյանը՝ հավելելով, թե Էջմիածինը շատ բարդ քաղաք է իր մենթալիտետով, եւ այստեղ ընտրությունների ժամանակ «ցեղ առ ցեղ, տուն առ տուն պետք է աշխատանք տանել, համակրանք նվաճել»:



Հավանաբար, Թումանյանին փոխքաղաքապետի պաշտոնում չնշանակելու հարցում դեր է խաղացել այն, որ վերջինս հայտնի հանրահավաքի օրը Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի, հետ նույն հարթակում էր կանգնած: Վերջինս մեկուկես ամիս է՝ կալանավորված է:



Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ ժամանակին լողավազան է ունեցել քաղաքում, որը Կարեն Գրիգորյանը խլել է իր ձեռքից: «Առաջարկեցի՝ գոնե իմ լողավազանն ինձ արենդով տվեք, էդ էլ չտվեցին»,-սրտնեղեց Թումանյանը:



Ի դեպ, ըստ էջմիածնում շրջանառվող խոսակցությունների, նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը աներոջ՝ Հակոբ Հակոբյանի /Լեդի Հակոբ/, տանն է բնակվում:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**