ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ խաղաղություն կնքել

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ խաղաղություն կնքել
ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղություն կնքել Իսրայելի հետ, որը կամրագրվի մշտական հրադադարի պայմանագրով։ Այս մասին հայտնում է «Հադաշոտ» պարբերականը։ Նշվում է, որ իսրայելական կառավարությունը, սակայն այս առաջարկը դեռ քննության չի առել եւ չի պատասխանել։ Սպասվում է, որ երկարատեւ խաղաղության հետ կապված հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 5-ին։ Հաղորդվում է, որ Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչը արդեն մեկնել է Քաթար՝ տեւական խաղաղության բանակցություններին մասնակցելու համար։ Տեւական խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի առաջին քայլը պետք է լինի Գազայի սեկտորի եւ Եգիպտոսի միջեւ «Ռաֆիյաք» անցակետի պերմանենտ գործունեությունը, ինչպես նաեւ Իսրայելի եւ Գազայի սեկտորի միջեւ գործող «Քերեմ Շալոմ» անցակետի ռեժիմի թեթեւացումը։



Այնուհետեւ, պետք է Գազան հանձնվի Պաղեստինյան Ինքնավարության հսկողությանը, ինչի մասին «Ֆաթըհ» եւ ՀԱՄԱՍ խմբավորումները պայմանավորվել էին դեռ անցյալ տարի, սակայն այդպես էլ հնարավոր չէր եղել կյանքի կոչել։ Սա թերեւս ամենաբարդ հարցն է, քանի որ այս քայլը նշանակում է, որ ՀԱՄԱՍ-ը զինաթափվելու է, ինչը մի փոքր բարդ է նույնիսկ պատկերացնելը։ Արդեն երրորդ փուլում նախատեսվում է երկարատեւ մարդասիրական նախագծերի իրականացում, ինչը նշանակում է, որ Սինայի թերակղզում հատուկ նավահանգիստ է կառուցվելու, որը սպասարկելու է Գազայի սեկտորի կարիքները։



Արդեն վերջում Իսրայել պետության հետ ստորագրվելու է մինչեւ 10 տարի ժամկետով, բայց ոչ պակաս, քան 5 տարի նվազագույն ժամանակահատվածով հրադադարի համաձայնագիր, ինչը ենթադրում է նաեւ զոհված զինվորների աճյունների եւ գերիների փոխանակում։