Այլ խաղադաշտ

Այլ խաղադաշտ
Բարդ շրջան ենք անցնում, պատասխանատու, խիստ կարևոր շրջան, հեղափոխությանը մասնակցություն  ցուցաբերած յուրաքանչյուր ոք իր բաժին պատասխանատվությունն ունի, հրաժարվել, դեն նետել, չտանել այդ պատասխանատվությունը կնշանակի խաչ քաշել, ջնջել անցյալի, ներկայի ու գալիք օրերի ողջ իմաստն ու իսկությունը: Հայաստանում անշրջելի փոփոխությունները պիտի շարունակվեն, վերադարձի ճանապարհ չկա ու չի էլ կարող լինել: Մանիպուլյացիաներով, խարդավանքներով, անզգույշ մեկնաբանություններով հեղեղված մեդիան ամեն քայլափոխի նոր զոհեր է փնտրում՝ սայթաքումները, թյուրըմբռնումները, անխոհեմությունը չեն ներվելու, ավելին՝ իրենց հետ տանելու են նույնիսկ սթափ, իրատեսական միտքն ու սահմանումը, ցեխի ու քաոսի հեղեղը իր հետ տանելու է դույզն միամտությունը:



«Հռենոսյան վեցերորդ լանդգտագի վիճաբանություններում» Մարքսը գրում է․ «Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ մարդկային ամեն ինչն անկատարյալ է արդեն այն բանի հետևանքով, որ նա _գոյություն ունի_, ապա մի՞թե դրանից հետևում է, որ մենք պետք է ամեն ինչ իրար խառնենք, ամեն ինչ՝ բարին ու չարը, ճշմարտությունն ու սուտը միանման հարգենք: Դրանից բխող միակ ճիշտ հետևությունը սա է՝ ճիշտ այնպես, ինչպես նկար դիտելիս անհրաժեշտ է թողնել այն տեղը, որտեղից նկարի վրա երևում են միայն բծեր և ոչ թե ներկեր, միայն անկանոն կերպով իրար միահյուսվող գծեր և ոչ թե նկար, ճիշտ այնպես էլ անհրաժեշտ է թողնել նաև այն տեսակետը, որից աշխարհը և մարդկային հարաբերությունները երևում են միայն իրենց արտաքին կողմով»:



Ինչո՞ւ ամեն պատեհ, անպատեհ առիթով արտանետել բառաժայթքումներ, զուտ արտաբերման ֆունկցիոնալ գործառույթները բավարարելու համար (ինչը շատ ժամանակ չի էլ գիտակցվում), ինչո՞ւ, եթե կարելի է պարզապես լռել, պահպանել «չիմացության» իսկապես սրբազան լռությունը, ասել ու անել միայն այն, ինչը խորապես գիտակցված է, կշռավորված, իմանալի ու ճանաչելի է, ինչը անձնավորված չէ, միտված չէ բավարարելու միայն գլխուղեղում տեղակայված հաճույքի թմբիկը: Չի կարող այդպես լինել, որ Հայաստանում բոլորը էապես, հույժ ճշգրտությամբ բացատրեն ու պարզաբանեն քաղաքականությունը, տնտեսագիտությունը, մշակույթը, հասարակական կյանքը, գիտությունը:



Կայունորեն՝ հեղափոխությունը (արարքով, գործով հեղափոխելը) տեղափոխվում է սոցիալական կայքեր, մեդիա դաշտ, ինչը պայքարի լրիվ այլ տրամաբանություն, այլ մարտավարություն է ենթադրում: Ցավոք սա արդեն փողոցը չէ, բաց ճակատով միմյանց տեսնել-հակադրվելը չէ, սա ենթադրությունների, թակարդների, անհեթեթությունների, հիմարության, հոգեբանական ներգործություն, սոցիալ-հոգեբանական երևույթների բավականին անհուսալի աշխարհ է, որտեղ միտքը պարտվում է՝ մտքին շատ մոտ թվացող ճարպկությանը, հավաքագրմանը, իսկությունների ձևախեղման:



**Արամ Պաչյան**