Քաղաքապետարանում միայն մարդիկ փոխվեցին, քաղաքում ոչինչ չփոխվեց

Քաղաքապետարանում միայն մարդիկ փոխվեցին, քաղաքում ոչինչ չփոխվեց
Հրազդան քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը 2 շաբաթ է ինչ պաշտոնավարում է: Պաշտոնավարման հենց առաջին օրը նա առաջնահերթ համարեց քաղաքի աղբահանության, փողոցային առեւտրի եւ Միկրոշրջանի գլխավոր խաչմերուկում մեքենաների կուտակման խնդիրները: Քաղաքում աղբահանությունը այսօր ավելի վատ վիճակում է, քան երբեւէ եղել է, չի լուծվել նաեւ փողոցային առեւտրի խնդիրը, չնայած այն բանին, որ Հրազդան քաղաքում կա շուկա, իսկ գյուղացիները իրենց միրգ-բանջարեղենը վաճառում են փողոցում:



Ի դեպ, քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ քաղաքի շուկայի տերն ու տիրականը Լիլիթ Ստեփանյանի ազգականն է: Աղբահանության վատ վիճակի մասին Հրազդանի համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջով պարզաբանում է. «Ինչպես ձեզանից շատերը հասցրել էին նկատել՝ Հրազդան քաղաքում աղբահանության տեմպերը զգալիորեն նվազել էին: Դա պայմանավորված էր նոր համայնքապետին հասած անասելի վատ ժառանգությամբ՝ կապված տեխնիկայի ծայրահեղ վատթար վիճակով և արհեստականորեն ստեղծվող խնդիրներով:



Ընտրված կարգախոսին համահունչ՝ Հրազդանում աղբահանության խնդիրն այլևս անցյալ է: Արդեն վաղը քաղաքում ինտենսիվ կաշխատեն 4 ինքնաթափ և 3 ռոբոտ-աղբահան մեքենաներ: Հրազդանցին վստահաբար կնկատի փոփոխությունը: Ի դեպ, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ռոբոտ-մեքենաներից մեկը մեզ տրամադրել է Պտղնի համայնքը: Կոմունալ բաժնի աշխատողների ուժերով վերանորոգվել են նաև համայնքին պատկանող մյուս աղբահան մեքենաները, որոնք վերածվել էին մետաղական ջարդոնների:



Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ինտերնետ հարթակից շնորհակալություն ենք հայտնում Չարենցավանի համայնքապետ պարոն Հ. Շահգալդյանին և Ծաղկաձորի համայնքապետ պարոն Ա.Հարությունյանին, ովքեր նախորդ ողջ շաբաթվա ընթացքում օգնեցին մեզ իրենց ենթակայության տակ գտնվող աղբահան մեքենաներով, մինչ մեր մասնագետները վերանորոգում էին մեր տեխնիկան:



Տեղեկացնում ենք, որ այս խնդրով Հրազդանի համայնքապետը դիմել է կառավարությանը՝ Հրազդան քաղաքին նոր աղբահան մեքենաներ տրամադրելու համար: Հույս ենք հայտնում, որ առաջիկայում հնարավորություն կընձեռնվի համալրելու համայնքի գույքը և մի քանի անգամ արագ լուծելու այս խնդիրը»:



Նկատենք, որ այս օրերի ընթացքում քաղաքում ոչինչ չի փոխվել, փոխարենը՝ քաղաքապետարում զբաղված են ազատվել նախկին քաղաքապետի կադրերից, այդ տեղերը համալրելով «իրենց» մարդկանցով:



Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ժողով է արել եւ իր աջակիցներին ասել է, որ ովքեր ունեն բարձրագույն կրթություն, թող գնան եւ ընդունվեն աշխատնքի, հասկանալի է, թե ինչ պատճառով: Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, նոր քաղաքական ուժը գործում է նույն ձեւով, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ՝ ծանոթ-բարեկամ մեխանիզը ավանդույթի պես շարունակվում է:



**Նելլի Կարապետյան**