Քանի՞ մարդ է մեկնել ՀՀ-ից, քանիսը՝ ժամանել․ հունվար-հունիս ամիսների ուշագրավ տվյալները

Քանի՞ մարդ է մեկնել ՀՀ-ից,  քանիսը՝ ժամանել․ հունվար-հունիս ամիսների ուշագրավ տվյալները
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների 2017 - 2018 թվականների հունվար-հունիս ամիսների հիմնական արտադրական ցուցանիշների վերաբերյալ տեղեկանքը։ Դատելով այդ ցուցանիշներից՝ ՀՀ-ից թե մեկնողներ, թե ժամանողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է։



Այսպես**, «Զվարթնոց» օդանավակայանի** 2017 - 2018 թվականների հունվար-հունիս ամիսների տեղեկանքի համաձայն ՝ մեկնած ուղևորների թիվը 2017-ին կազմել է 532 580 մարդ, 2018-ին՝ 554 359 մարդ։ Ժամանած ուղեւորների թիվը 2017-ի հիշյալ ժամանակահատվածում կազմել է 526 254, 2018-ին այն կազմել է 576 505 մարդ։



Ընդամենը՝ 2017-ին՝ 1 058 834, 2018-ին՝ 1 130 864 մարդ։ Ինչ վերաբերում է առաքված բեռներին, ապա նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են։ Այսպես՝ 2017-ին 8580 տոննա բեռ է առաքվել, իսկ 2018-ին՝ 5425 տոննա։ Ներմուծված բեռները, սակայն, աճել են․ 2017-ին դրանք կազմել են 2332 տոննա, իսկ 2018-ին՝ 2555 տոննա։ Ընդամենը՝ 2017-ին՝ 10912, 2018-ին՝ 7980 տոննա։ Թռիչք –վայրէջք հարաբերակցությունը 2017-ին եղել է 4795, 2018-ին՝ 5251։



**«Շիրակ» օդանավակայանի** 2017 – 2018 թվականների հունվար- հունիս ամիսների հիմնական արտադրական ցուցանիշների վերաբերյալ տեղեկանքում էլ այսպիսի պատկեր է․



Մեկնողների թիվը 2017-ին կազմել է 18 195 մարդ, 2018-ին՝ 38 415 մարդ։ Ժամանած ուղեւորների թիվը 2017-ին կազմել է 16978, 2018-ին՝ 37673 մարդ։ Ընդամենը՝ 2017-ին՝ 35173, 2018-ին՝ 76088։ 2017-ի հաշվետու ժամանակաշրջանում «Շիրակ» օդանավակայանից բեռ չի առաքվել, իսկ 2018-ին առաքվել է 0.2 տոննա։ Ներմուծված բեռները կազմել են՝ 2017-ին՝ 0,2 տոննա, 2018-ին՝ 0,3 տոննա։ Թռիչք-վայրէջք հարաբերակցությունը 2017-ին կազմել է 123 , 2018-ին՝ 227։ Ինչպես տեսնում ենք, ուղեւորաշարժը նկատելի աճել է, ինչը գուցե պայմանավորված է ՀՀ-ում ստեղծված հետհեղափոխական նոր իրավիճակով եւ մեր երկրի հանդեպ աճող հետաքրքրությամբ։



Նշենք, որ «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանները կոնցեսիոն կառավարման են հանձնվել «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերությանը, որի նախագահը, հիշեցնենք, արգենտինահայ գործարար, Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ ազգային հերոսի կոչման արժանացած Էդուարդո Էռնեկյանն է։



Ըստ ամիսներ առաջ «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի՝ նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ըստ պլանի՝ ակնկալվում է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված «բաց երկնքի» նոր քաղաքականության շնորհիվ հաջորդ տարիների ընթացքում ուղեւորահոսքի ավելի մեծ աճ կարձանագրվի: «Միայն այն դեպքում, եթե հաջորդ երեք տարիների ընթացքում ողեւորափոխադրումները կանխատեսվածից ավելին լինեն, մենք պլանավորում ենք ընդլայնել նստեցման հատվածը: Դա թույլ կտա մի քանի ինքնաթիռների միաժամանակ վայրէջք եւ թռիչք իրականացնել, ինչպես նաեւ ավելի լայն տարածք կապահովի ուղեւորների հարմարավետության համար նստեցման հատվածում»,- ասված է մաստեր պլանում:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**