2008թ. մարտի 1-ի հետեւանքները. ահա թե ինչ պայմաններում է ապրում ազատամարտիկի ընտանիքը․ տեսանյութ

2008թ. մարտի 1-ի հետեւանքները. ահա թե ինչ պայմաններում է ապրում ազատամարտիկի ընտանիքը․ տեսանյութ
Հրազդան քաղաքի, Կոճոռ թաղամասի բնակիչ՝ 46- ամյա Նվեր Սարգսյանը այսօրվա պես հիշում է 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունները: Այդ օրը նրա համար ճակատագրական է եղել, եւ սկսվել են մղձավանջային օրերը իր եւ իր ընտանիքի համար: Նա 10 տարի անց, առաջին անգամ համարձակվեց պատմել, թե ինչ է կատարվել իր հետ մարտի 1-ին, եւ ինչ զրկանքներ է կրել իր ընտանիքը. «Միտինգի էի մասնակցում: Մենք նստած էինք, առավոտյան դեմ էր, մեկ էլ հարձակվեցին մեզ վրա: Ես վազեցի մինչեւ Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Հենց այդտեղ, լավ հիշում եմ, մի հատ մասկով ոստիկան վերցրեց պռուշատկեն եւ հարվածեց իմ դեմքին: Էլ ոչինչ չեմ հիշում, աչքերս բացել եմ հիվանդանոցում եմ եղել: Աչքս վիրահատել էին, 14 կար էին տվել դեմքիս: Վիրահատության երկրորդ օրը եկան ոստիկանները, եւ ծեծելով ինձ տարան բաժին: Նախորօք ցուցմունքումս ես գրել էր, որ ինձ հարվածողը ոստիկան է եղել: Նախ բաժնում ինձ դաժան ծեծեցին, որ ցուցմունքս փոխեմ: Հետո էլ սկսեցին ծեծել, որ Սասուն Միքայելյանի վրա ցուցմունք գրեմ: Ցուցմունք չգրելու համար կրկին ծեծեցին: Դատախազության քննչական բաժնի պետ Աշոտ Միրզոյանը մտավ սենյակ, որտեղ ինձ ծեծի են ենթարկում, ասեց, որ պետք է գրեմ, որ ինձ ժողովուրդն է ծեծել: Իրեն ասում եմ, ես ոնց կարող եմ գրել, որ ժողովուրդն է ծեծել:



Հարվածների 90%-ը դեմքիս էր, ոտքերիս տակը լավ ծեծեցին, որ պետք է անպայման ցուցմունք գրեմ: Տեսան, որ ոչ մի բան չի ստացվում տարան կեպեզե: Այնտեղ 3 օր պահելուց հետո տարան բերդ: 4 անգամ էլ բերդից են տարել ծեծել, որ ցուցմունք, բացատրություն գրեմ, որ էս ինչ բանն արել եմ, էս ինչ բանն եղել է: Բայց մենք ոչ մի բան էլ չենք արել: Մենք խաղաղ նստած ենք եղել: Ժողովրդի մոտ ոչ զենք է եղել, ոչ զինամթերք, ոչ էլ բեզինով լիքը շշեր: Ինչ արել են քաղացիական հագուստով մարդիկ են արել, որ մեր շարքերում են եղել»,-պատմում է Նվերը, եւ հավելում, որ դրանից հետո ունի առողջական խնդիրներ, անգամ հաշմանդամության թոշակ չեն տվել, իմանալով, որ մարտի 1-ի գործով մասնակից է եղել, եւ 3 ամիս անցակացրել է բերդում: Առողջական խնդիրների պատճառով 10 տարի է Նվերը չի կարողանում աշխատել, ընտանիքի ողջ հոգսը ընկել է նրա կնոջ՝ Քնարիկի վրա: Երեք անչափահաս երեխաների մայրը սոված օրեր անցկացնելով՝ փորձել է գոնե երեխաների համար ցամաք հացի փող վաստակել: Մինչեւ 2008թ.-ի նա աշխատել է Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի բուժկետում՝ որպես բուժքույր:



Մարտի 1-ի դեպքերից հետո նրան ազատել են աշխատանքից, եւ նրան ոչ մեկը աշխատանքի չի ընդունել միայն այն պատճառով, որ քաղբանտարկյալի կին է. «10 տարի լռել ենք, չենք բարձրաձայնել ,որովհետեւ իմացել ենք, որ մեզ ոչ ոք չի օգնի: 2008թ.-ի մարտի դեպքերից հետո «գեղեցիկ» ձեւով՝ մի գրչի հարվածով ինձ աշխատանքից ազատեցին՝ պատճառաբանելով, որ բուժքրոջ հաստիք չկա: Դրանից հետո ոնց որ իմ ճակատին գրված լիներ, որ ես քաղբանտարկյալի կին եմ, եւ ոչ մի տեղ չեմ կարողացել աշխատանքի ընդունվել, չնայած այն բանին, որ ունեի նաեւ բարձրագույն կրթություն: «Երեխաներ աջակցության հիմնադրամի» տնօրեն Կամո Առաքելյանն իր մոտ ինձ աշխատանքի ընդունեց, որպես հավաքարար: Այս տարիների ընթացքում այդ գումարով ենք ապրել: Օրերով հաց չեմ կերել, որ կարողանամ 3 անչափահաս երեխաներիս պահեմ: Հիմա արդեն ի վիճակի չեմ աշխատելու, առողջական խնդիրներ ունեմ ուղեգիր եմ վերցրել պետք է գնամ հիվանդանոց պառկեմ: Ես մի խնդրանք ունեմ, ուզում եմ, թեկուզ կես ժամով հանդիպել Աննա Հակոբյանին:



Դիմում եմ նաեւ այն դատապաշտպաններին, ովքեր պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին, ով միլիոններ ունի, եւ մարտի 1-ի դեպքերի հետ կապ ունի: Իսկ ո՞վ պետք է պաշտանի մեր նման ընտանիքներին, ո՞վ կվերադարձնի իմ առողջությունը, իմ արցունքները, երեխաներիս սոված մնացած օրերը: Ա՜խ. եթե չլիներ այդ մարտի 1-ը ընտանիքս այս օրը չէր ընկնի»,-արցունքները սրբելով ասում է տիկին Քնարիկը: Նվեր Սարգսյանը 1989թվ.-ից ընգրկվում է Հրազդանի «Կոճոռ» կամավորական ջոկատը եւ մասնակցել է Ոսկեպարի, Բերդավանի, Նոյեմբերյանի ինքնապաշտպանական մարտերին: Վիրավորվել է, սակայն բուժվելուց հետո կրկին վերադարձել դիրքեր:



1992-94թթ. էլ մասնակցել է ԼՀՂ ազատագրական եւ ՀՀ սահմաների պաշտպանության մարտական գործողություններին: Հիշելով մարտական ուղին՝ մեկ րոպե անգամ չի ափսոսացել, որ իր կյանքը վտանգել է հանուն հայրենիքի: Ազատամարտիկի ընտանիքում 3 անչափահաս երեխաներ են մեծանում: Նրանք անգամ չեն մտածում տան պայմանների բարելավման մասին, քանի որ բոլորն էլ ունեն առողջական խնդիրներ:



**Նելլի Կարապետյան**