Ոստիկանական բաժանմունքներին կից «քսերոքս» ծառայությունները թալանում են քաղաքացուն

Ոստիկանական բաժանմունքներին կից «քսերոքս» ծառայությունները թալանում են քաղաքացուն
Արձակուրդային շրջանում անձնագրային և վիզաների վարչության հաճախորդներն ավելանում են, իսկ վարչության գրասենյակներին կից գործող պատճենահանման կետերը գերշահույթներ են ստանում։ **«Հրապարակը»** մինի ուսումնասիրություն կատարեց և պարզեց, որ ոստիկանության բաժանմունքների մոտ պատճենահանման ծառայությունների գները նվազագույնը՝ 5-ից 20 անգամ ավելի բարձր են, քան Երևանի այն հատվածներում, որտեղ ոստիկանական բաժանմունք չկա։ «Քսերոքսն» ամենաթանկն արժե Դավթաշենի 4-րդ թաղամասում՝ անձնագրերի և վիզաների վարչության կենտրոնական գրասենյակի հարևանությամբ գործող կետերում՝ մեկ էջը 100 դրամ, այն դեպքում, երբ քաղաքի մյուս մասերում 5 դրամ է։ Շենգավիթի ոստիկանության հարևանությամբ՝ Նժդեհի 27 հասցեին կից պատճենահանման մեկ էջ փաստաթղթի գինը 50 դրամ է։ Աշխատողը մեր հարցերին հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ ինքը կապ չունի։



«Ես աշխատողի բարեկամն եմ, նա դուրս է եկել գործերով»,- պատասխանեց նա։ Երբ փորձեցինք այնուամենայնիվ պարզել, թե ինչու է «նրա բարեկամը» թալանում ՀՀ քաղաքացիներին, նա պատասխանեց․ «Մասնավոր բիզնես է, ինչ գին ուզում ենք, դնում ենք, ձեռք չի տալիս, գնացեք ուրիշ տեղ»։ Իսկ Նոր Նորքի 1-ին միկրոշրջանում գտնվող վիզաների վարչության մասնաշենքում, որի ղեկավարը Աննա Պողոսյանն է,պատճենահանման ծառայությունը ուղիղ գործակցության մեջ է ոստիկանության հետ։ Ի տարբերություն այլ կետերի, այստեղ քաղաքացիների փաստաթղթերը քսերոքս չեն անում։ Նրանց ուղարկում են շենքին կից գործող «քսերոքս», որը էջը 25 դրամով է պատճենահանում։ Իհարկե, քաշքշուկն էլ ու ժամանակի կորուստը տասն անգամ ավելի է, քան, օրինակ, Շենգավիթի անձնագրայինում, որտեղ քաղաքացիների փաստաթղթերը պատճենահանում են հենց ոստիկանության աշխատակիցները։ Մենք ահազանգ ստացանք Նոր Նորքի բնակչից, որը մեծ սկանդալի մեջ էր ընկել անձնագրային վարչությունում։



«Ծանր սեզոն է, պարզ է, հերթեր կան։ Բայց որ ոչ մի տեղ գրած չի, որ դու ելքի վիզայի համար պետք է անձնագրերի «քսերոքս» բերես։ Մի ժամ սպասում ենք, որ մտնենք վիզան երկարացնելու, մոտենում ենք աշխատող աղջկան՝ ասում է՝ «կսերոքսներ» ունե՞ք»։ Քաղաքացին դուրս է եկել, գնացել է մոտակա պատճենահանման կետ, որտեղ կրկին երկար սպասել է։ «Երբ փորձեցինք հարցնել, թե ինչու իրենց մոտ քսերոքսն արժե 25 դրամ, աշխատողը բարկացավ, պատռեց մեր պատճենները և ասեց՝ գնացեք ուրիշ տեղ»։ Ուրիշ տեղը պետի՝ Աննա Պողոսյանի սենյակն է եղել, որը տեսնելով, որ իրավիճակը պայթյունավտանգ է դառնում, վերջապես միացրել է իր աշխատասենյակի պատճենահանման սարքը։



**Սյուզան Սիմոնյան**