ՊՆ-ից 22 միավոր տրանսպորտային միջոց հետ կվերցվի ու կնվիրաբերվի ԵԿՄ-ին

ՊՆ-ից 22 միավոր տրանսպորտային միջոց հետ կվերցվի ու կնվիրաբերվի ԵԿՄ-ին

Պաշտպանության նախարարությունից պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր 33 միլիոն 663 հազար 410 դրամ մնացորդային արժեքով 22 միավոր տրանսպորտային միջոց հետ կվերցվի և կնվիրաբերվի «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան օգտագործելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ տրանսպորտային միջոցները ՊՆ-ի կողմից չեն օգտագործում և հետագա շահագործման համար ոչ պիտանի են ճանաչվել։

ԵԿՄ վարչության նախագահը 2023թ. հունվարին գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով կազմակերպության կանոնադրական խնդիրների և գործունեության շրջանակներում կազմակերպությանը հատկացնել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից չօգտագործվող և հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված տրանսպորտային միջոցներ:

«Հաշվի առնելով կազմակերպության կանոնադրական խնդիրները, այդ թվում նաև այն հանգամանքը, որ կազմակերպության հարյուրավոր անդամներ ներկայումս ընդգրկված են մարտական հերթապահության հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ գտնվող մարտական դիրքերում, որոնց փոխարինման նպատակով տեղափոխություններ և տրանսպորտային բնույթի այլ լոգիստիկ հարցերի կազմակերպումն ու իրականացումն ապահովում է նաև կազմակերպությունը, ինչպես նաև անհրաժեշտ տրանսպորտային ապահովման անհրաժեշտություն ունեն նաև կազմակերպության կողմից մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարվող աշխատանքները՝  ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում չօգտագործվող և հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված ընդհանուր 33.663.410 դրամ մնացորդային արժեքով 22 միավոր տրանսպորտային միջոցը նվիրաբերել կազմակերպությանը», - նշված է որոշման մեջ։