«Մասիսը առանց քեզ տխուր ա, Դավիթ ջան»․ ակցիա դատարանի առջև

«Մասիսը առանց քեզ տխուր ա, Դավիթ ջան»․ ակցիա դատարանի առջև
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում արդեն մեկուկես ժամ է՝ ընթանում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու վերաքննիչ բողոքի քննությունը: Ի աջակցություն քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի՝ մի խումբ քաղաքացիներ այս պահին ակցիա են իրականացնում հիշյալ դատարանի վարչական շենքի դիմաց:



Հանրահավաքը համակարգում է համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Հակոբյանը։ Ակցիայի մասնակիցները Համբարձումյանի դիմանկարով պաստառներ են պարզել եւ անընդհատ բացականչում են՝ «Մասիսը առանց քեզ տխուր ա, Դավիթ ջան», «Մասիսը սիրում ա քեզ, Դավիթ ջան», «Ազատություն Դավիթին»։ Նշենք, որ Դ․Համբարձումյանին երկու մեղադրանք է առաջադրվել՝ Երևանի Էրեբունի թաղամասում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաեւ Արարատի մարզի Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործերով:



Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, նախնական քննության տվյալներով՝ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել են դեպի Երևան՝ մասնակցելու ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք՝ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել են դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն։ 4 անձ ճանաչվել է տուժող։ Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ, և հունիսի 23-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։



Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սույն քրեական գործով պարզվել է նաև միջադեպի ժամանակ հրազեն կիրառած անձի ինքնությունը, ով Մասիս քաղաքի բնակիչ է, և դեռևս մայիսի 17-ին որոշում է կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել հետախուզում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։