«Նաիրիտի» շուրջ նոր ինտրիգ են հյուսում՝ ԱԱԾ անունը շահարկելով

«Նաիրիտի» շուրջ նոր ինտրիգ են հյուսում՝ ԱԱԾ անունը շահարկելով
Հուլիսի 19-ին «Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտատերերը և սնանկության խորհուրդը վերջապես կայացրել էին որոշում, որի համար գործարանի կոլեկտիվը պայքարում է արդեն մի քանի տարի՝ «Նաիրիտ» գործարանում տեխնիկական աուդիտ է սկսվել, ինչը, փաստորեն, նոր ներդրողի՝ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի» առաջ ճանապարհ էր բացելու:



«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողներից արդեն ձևավորվել է մասնագետների խումբ՝ 30 հոգուց բաղկացած, որը պետք է իրականացնի ուսումնասիրությունը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից էլ հրահանգ է եղել, որ աուդիտը հնարավորինս արագ անցկացվի: Սակայն խմբի մուտքը ամեն կերպ խոչընդոտում են:



Այս մասին **«Հրապարակին»** հայտնեց «Նաիրիտ» գործարանի համակարգող խմբի ղեկավար, «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը: «Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ պայմանավորվածություն ունեինք, որ պետք է նրան ներկայացնենք փորձագիտական խմբի անդամների անունները: Կառավարիչն ասեց, որ այդ անվանացանկը ինքը պետք է ուղարկի ԱԱԾ՝ ստուգեն, որ նոր թույլ տան, որ փորձագետները մտնեն «Նաիրիտ» ՓԲԸ-ի տարածք: Ես փորձեցի գնալ ԱԱԾ Շենգավիթի բաժնի պետ Արտաշ Սարոյանի մոտ, որ իմանամ, ինչ ստուգումներ են կատարում, ինչի համար է պետք այս մարդկանց ստուգել: Նա ինձ ասաց, որ ոչ մի նման ցուցակ ինքը չի պահանջել և դրանից տեղեկություն չունի: Հիմա մենք չգիտենք, ինչ անենք, հո չե՞նք առերեսելու սնանկության կառավարչին և ԱԱԾ բաժնի պետին: Մի 5-6 օր առաջ ուղարկել ենք ցուցակը, պատասխան չկա», - ասում է գործարանի նախկին տնօրենը:



Այսպիսով, «Նաիրիտ» գործարանի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքը ուշանում է: Խումբը պետք մտներ աուդիտի օգոստոսի մեկից: Սակայն մինչ օրս չունի նաև դատարանի որոշումը; Օրենքով, այն պետք է տրվեր սնանկության խորհրդի որոշման հիման վրա եռօրյա ժամկետում: Որոշման նախագիծն ուղարկվել է դատարան երկու շաբաթ առաջ, բայց դատարանից պատասխանել են, որ դատավորը արձակուրդում է, վերադառնալու է օգոստոսի 15-ին:



«Վաղվանից էլ սնանկության կառավարիչն է արձակուրդ գնում, իսկ փորձագետները արդեն ընդունված են աշխատանքի, և ներդրողը նրանց աշխատավարձ է վճարում: Այսինքն, ստացվում է, որ գործը դեռ չսկսած. արդեն վնաս է կրում», - ասում է Կարեն Իսրայելյանը: Նա տպավորություն ունի, որ ինչ որ մարդիկ անում են ամեն ինչ, որ «Նաիրիտում» ստուգումներ չսկսվեն: ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը «Հրապարակին» հայտնեց, որ փորձագետների ոչ մի ցուցակ էլ ԱԱԾ-ն չի պահանջել: «Պաշտոնապես կարող եմ հայտնել, որ նման ցուցակ ԱԱԾ-ն չի պահանջել: Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - ասաց նա:



**Սյուզան Սիմոնյան**