Գայանե Հակոբյանն ինքն է ցանկացել հեռանալ
Շաբաթ օրը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ խորհրդի ընդլայնված նիստում որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։ Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։
«Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ-ն շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով»,-նշված է հայտարարության մեջ։ «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանին:
- Պարոն Վահիդ, նշում եք, որ Գայանե Հակոբյանի հետ գաղափարական տարաձայնություններ ունեք: Ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը:
- Ճիշտն ասած՝ էդ բառի իմաստը ես էլ չեմ հասկանում, դա գրել ա լրատվականի աշխատակիցը:
- Ամեն դեպքում, եթե Գայանեն հեռացվել է ձեր շարքերից, նշանակում է տարաձայնություններ ունի ձեզ հետ, կամ՝ դուք իր հետ, և ընդհանուր հայտարարի չեք եկել:
- Սենց թե նենց էդ աղջիկը պիտի հեռանար, էդ աղջիկը չէր կարող մնալ:
- Բայց ինչո՞ւ: Պայքարում էր, ընդդիմադիր էր, ի՞նչ փոխվեց:
- Դե ինքը պայմանական ազատության մեջ ա, իսկ պայմանականը գիտե՞ս ինչ ա:
- Այսինքն` եթե ՀԿ-ում գործունեություն ծավալեր, կազատազրկեի՞ն:
- Դե էդպես ա նպատակահարմար գտել, չեմ կարող իր տեղը բան որոշել:
- Գայանե Հակոբյանի հետ ե՞րբ և որտե՞ղ եք հանդիպել:
- Մի անգամ` Եռաբլուրում:
- Ես տեղեկացա, որ ցանկացել եք գնալ նրանց տուն` տեսակցելու, սակայն Գայանեն մերժել է անգամ ձեզ ընդունել իր տանը:
- Չգիտեմ, ծնողներից պետք է ճշտել:
- Իսկ հնարավո՞ր է՝ նոր պայքար եք պատրաստվում սկսել, դրա համար է տիկին Գայանեն հեռացել ձեր շարքերից:
- Դեռ որևէ ծրագիր չկա էս պահին:
- Եթե անգամ նոր պայքարի ծրագիր չունեք, այդ դեպքում նրա հեռանալը չի հասկացվում:
- Մարդ, որ մի բան ա ցանկանում, չես կարող իր ցանկությանը դեմ գնալ:
- Այսինքն` ի՞նքն է ցանկություն հայտնել, իսկ ձեր հայտարարության մեջ գրված է, որ հեռացվել է ՀԿ-ից:
- Ինքն ա ցանկացել: Կայացած կուսակցություններ կան, որոնցից շատ մարդիկ դուրս են գալիս, բայց հո չե՞ն ասում խի եք դուրս գալիս: Դե մարդ ա՝ ինչ ցանկացել, արել ա: Գայանեն ի սկզբանե ցանկացել ա դուրս գալ ՀԿ-ից:
- Իսկ երբ Եռաբլուրում հանդիպեցիք, ի՞նչ քննարկեցիք:
- Առանձնապես ոչ մի բան, ասաց, որ ցանկանում է հեռանալ, անձամբ ես որևէ բարոյական իրավունք չունեմ մտնել իր անձնական կյանք, ոնց ցանկանում է, էդպես էլ թող անի:
Կարծիքներ