Ոչ ոքի համար հաճելի չէ ստեղծված վիճակը․ ԳՊՀ -ում կրքերը չեն հանդարտվում

Ոչ ոքի համար հաճելի չէ ստեղծված վիճակը․ ԳՊՀ -ում կրքերը չեն հանդարտվում
Գորիսի պետական համալսարանում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: Բուհական անձնակազմը բաժանվել է երկու թևի: Մի մասը պահանջում է ռեկտոր Արտյուշ Ղուկասյանի հրաժարականը, իսկ մյուս մասը դեմ է փոփոխություններին:



Հիշեցնենք, որ Գորիսի պետական համալսարանի դասախոս, դոցենտ Մհեր Քումունցին ռեկտորն ազատել էր դեկանի պաշտոնից, քանի որ ընդվզողներից առաջինը հենց նա էր: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով հուլիսի 26-ին Գորիս էր մեկնել: Իրեն հասցեագրված բոլոր բաց և փակ նամակների հեղինակներին նախարարը հրավիրել էր այդ հանդիպմանը:



Մեր տեղեկություններով հանդիպումը անցել է լարված մթնոլորտում, հնչել են մեկը մյուսի նկատմամբ փոխադարձ մեղադրանքներ, իսկ նախարարը ԳՊՀ-ից հեռացել է բավական մտահոգ: Ի վերջո, ի՞նչ են քննարկել եւ ի՞նչ եզրահանգման են եկել բուհի անձնակազմն ու նախարարը, **hraparak․am**-ը հետաքրքրվեց բուհի գիտական խորհրդի քարտուղար Թեհմինա Մարությանից։



**-Դուք նույնպես ներկա էիք հանդիպմանը, Ձեր տեսակետը հանդիպման, համալսարանում առկա խնդիրների շուրջ:**



-Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջերս համալսարանի ներքին աշխատանքային վիճակը որոշակիորեն խարխլվել է, թնջուկային հարցեր ու հարաբերություններ կան, որոնք, անհապաղ շտկում են պահանջում՝ հաշվի առնելով համալսարանի բուն առաքելությունը և ուսումնակրթական գործառույթը: Իհարկե, մի կարճատև հանդիպմումը, փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտում այնքան էլ արդյունավետ չէր կարող լինել, որովհետև խնդիրները խոր ուսումնասիրություն են պահանջում, այսպես ասած, թացի ու չորի զանազանում, անհրաժեշտ հիմնավորումներ ու հստակեցումներ, իրավական մոտեցումներ ու գնահատականներ: Ոչ ոքի համար հաճելի չէ ստեղծված վիճակը, աշխատանքային անկայուն հարաբերությունները, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը: Կարելի է շատ ավելի սթափ և, ինչպես նախարարը շեշտեց հանդիպման ժամանակ, «ակադեմիական մակարդակով» մոտենալ խնդիրներին, անհարկի չվնասել բուհի հեղինակությունը: Մի բան ինձ համար պարզապես հասկանալի չէ:



Այն աշխատակիցները, որոնք համալսարանում ինչ-որ խնդրի առաջ են կանգնել(բոլորս էլ երբևէ ունեցել ենք), անհամաձայնություն են արտահայտել ռեկտորի այս կամ այն քայլի շուրջ, համոզված են, որ ռեկտորն իրենց հանդեպ հանիրավի տույժեր է կիրառել կամ գիտական խորհուրդը ճիշտ որոշում չի կայացրել, և հետևաբար դիմել են դատարան, ինչու՞ են իրենց հուզող հարցերը շահարկում երբեմն պարզագույն, մտավորականին ոչ վայել միջոցներով՝ տարբեր մեդիահարթակներում հանդես գալով զրպարտող, սպառնալից ու ստորացուցիչ գրություններով, բաց և փակ նամակներով, փոքրիկ «բեմադրություններով»՝ տարված հասարակության մեջ անպայման սենսացիա առաջացնելու և համալսարանի հեղինակությունը վնասելու մոլուցքով: Իհարկե, դա իրենց որոշելիքն է, որ բխում է անհատական խառնվածքից: Բայց և այնպես, մի՞թե նրանք համոզված չեն, որ և՛ նախարարը, և համապատասխան օղակները շատ լավ հասկանում են իրենց գործը և, ի վերջո, համապատասխան մեխանիզմներով և օրենքի օգնությամբ կպարզեն, թե ով ով է և ինչն ինչոց է: Թնջուկները խորացնելով, հարցերը ավելի ու ավելի մանվածապատ դարձնելով, հարաբերությունները սրելով, իրար զրպարտելով արդյունքի չենք հասնի:



**-Հանդիպումը հնարավորություն տվե՞ց լուծումներ գտնել, նախարարը հասկացա՞վ, թե որոնք են համալսարանի բուն խնդիրները և ինչպես պետք է լուծվեն դրանք։**



-Իհարկե, նախարարի հետ հանդիպումը նախադրյալներ ստեղծեց հարցերի հետագա լուծման մեխանիզմների հստակեցման և վիճակի կայունացման համար: Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ համալսանում իրավաբանական բնույթի խնդիրներ կան և հարցերին պետք է տրվեն իրավական լուծումներ: Այս ընթացքում ԿԳՆ-ից համալսարան ուղարկվել էին միայն Իրավագիտության ամբիոնի վարիչ Մ.Թելունցի դիմում-բողոքները, որոնց նշված ժամկետում համալսարանի ռեկտորի կողմից տրվել էր պահանջվող պարզաբանումը:



Չգիտենք՝ ինչքանով է պարզաբանումը բավարարել նախարարությանն ու դիմումատուին, ով նաև հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և հիմա հարցը տեղափոխված է իրավական դաշտ: ԿԳ նախարարություն հասցված հարցերից մի քանիսն այսօր իրավական դաշտում են: Մայիսից դատական վարույթում է արհեստակացական կազմակերպության նախագահի հայցադիմումը: Օրերս համալսարան են ուղարկվել նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրությունները` քաղաքացիական գործով համալսարանի երկու աշխատակիցների հայցադիմումներ վարույթ ընդունելու և ապացույցներ պահանջելու մասին որոշումներով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ և 212-րդ հոդվածների պահանջների համաձայն համալսարանը պարտավոր է հայցադիմումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում դատարանին ներկայացնել հայցադիմումի պատասխանն և պահանջվելիք ապացույցները, ինչը և արվում է: Անշուշտ, դատական գործընթացների և արդյունքների մասին հասարակությունը կտեղեկանա: Իրավական քննությամբ, կտարորոշվեն ճիշտն ու սխալը, կտրվեն բոլոր հարցերի իրավական ու իրավաչափ գնահատականները: Անկախ պաշտոնից, զբաղեցրած դիրքից, միջանձնային հարաբերություններից, միմյանց նկատմամբ փոխադարձ համակրանքից ու հակակրանքից, օրենքի առաջ բոլորը հավասար են:



Հիշեցնենք, որ Մհեր Քումունցն էլ հայտարարել է, որ ռեկտորի դեմ ակցիան կշարունակվի մինչև նոր ուսումնական տարի, քանի դեռ նա հրաԺարական չի ներկայացրել: