Շվեյցարահայ գործարարը ներգաղթի կազմակերպման նոր ծրագիր է առաջարկել

Շվեյցարահայ գործարարը ներգաղթի կազմակերպման նոր ծրագիր է առաջարկել
Շվեյցարահայ գործարար, Franck Muller-ի համասեփականատեր, մեկենաս Վարդան Սրմաքեշը նոր նախագիծ է հեղինակել՝ Build Armenia, որին արդեն ավելի քան մեկ տասնյակ սփյուռքահայ գործարարներ են միացել։ Արտերկրում ապրող մեր հայրենակիցների ներգաղթը կազմակերպելուն միտված այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, նախնական փուլում, շուրջ 100 միլիոն դոլարի ներդրում կարվի։ Այս մասին սփյուռքահայ գործարարը հայտնել է «Ա․Ալիք» հեռուստաալիքի հետ հարցազրույցում, հայտնում է [asbarez.com](http://asbarez.com/arm/321212/)-ը։



«Կարծում եմ, որ այսօր Հայաստանում տիրող նոր էներգիան եւ օրենսդրական դաշտի բարելավումը կնպաստեն ներդրումային ներհոսքին դեպի երկիր, ինչը կարող է դառնալ լայնածավալ հայրենադարձության առիթ»,-ասել է գործարարը՝ ընդգծելով, որ հայրենիք վերադարձող հայրենակիցներին հիմնադրամը բնակության վայր պետք է տրամադրի եւ օգնի աշխատանք ապահովելու եւ մի շարք այլ սոցիալական՝ կրթական, առողջապահական խնդիրների հարցում։



Ըստ Սրմաքեշի՝ հիմնադրամի գործունեությունը պետք է ապահովվի Եվրոպական չափանիշերին համապատասխան: «Մենք բաց եւ թափանցիկ կլինենք, որպեսզի բոլորը կարողանան հետեւել մեր աշխատանքին եւ մեր նպատակային ծախսերին»,- հայտնել է գործարարը՝ ավելացնելով, որ հիմնադրամին կարող են միանալ նոր հայրենադարձներ, հատկապես Ռուսաստանից։ «Ես վստահ եմ, որ եթե մենք շարժվենք ճիշտ ուղղությամբ, ապա կկարողանանք բարձրացնել Հայաստանի վարկանիշը միջազգային մակարդակով եւ ապահովել հայրենադարձների լայնամասշտաբ ներհոսք, ովքեր կկարողանան նոր Հայաստանում հասնել նոր հաջողությունների»,- եզրափակել է Սրմաքեշը:



Նշենք, որ վերջես Իտալիա կատարած գործուղման ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել էր Վ․Սրմաքեշին, քննարկել ՀՀ-ում մի շարք նախագծեր՝ ջրամբարների կառուցման, քաղաքային շինարարության, վերականգնվող էներգետիկայի, այդ թվում եւ աննախադեպ ծավալով արեւային էներգիայի արտադրության մեծացման հնարավորությունները, խոսվել էր նաեւ «Հին Երեւան» բազմաչարչար նախագծի կյանքի կոչման մասին։ Հուսանք, որ ՀՀ-ում մինչ այս ներդրումային այլ ծրագրեր հեղինակած Սրմաքեշի այս հավակնոտ նախաձեռնությունը կհաջողի, եւ ներգաղթի կազմակերպման գործընթացը, որը նաեւ նախկին իշխանության, մասնավորապես Սերժ Սարգսյանի բաղձալի նպատակներից մեկն էր (2040-ին ՀՀ-ն դարձել 4 միլիոնանոց երկիր), առարկայական կդառնա։