«Ջուրն էլ խմեցինք, էլի չպրծանք». Սևանի պաշտպանները դավադրություն են կասկածում

«Ջուրն էլ խմեցինք, էլի չպրծանք». Սևանի պաշտպանները դավադրություն են կասկածում
Սևանա լճի դեմ իսկական տեղեկատվական արշավ է սկսվել: Կապուտաչյա գեղեցկուհու ջրերի մասին վերջերս տարբեր ահազանգեր են տարածվում: Բնապահպաններն ու քաղաքացիները տագնապում են, որ Սեւանա լճի ջուրը անբնական կանաչ է և ախտոտված, վտանգավոր է առողջության համար: Նույնիսկ խոսակցություններ լսվեցին, թե լճի ջուրը վարակվել է ինչ որ անհայտ սնկային միկրոօրգանիզմներով և լողացողներն անպայման վարակվելու են: Իսկ օրերս էլ համացանցում հայտնվեց շնաձկան լուսանկար, որին ձկնորսներն, իբրև թե հանել են Սևանից: «Բոլոր այս սուտ խոսակցությունները բերել են նրան, որ Սևանում հանգստացողների շարժը կտրուկ նվազել է,- ասում է թերակղզու հանգստյան գոտիներից մեկի սեփականատեր Դավիթ Ջանիկյանը,- մենք կասկածներ ունենք, որ այս լուրերը հատուկ են տարածվում ՝ կոմերցիոն նպատակներով: Դա կարող են անել Սև ծով, Բաթում, Քոբուլեթի տանող տուրիստական գործակալները: Նրանց է ձեռնտու, որ մարդիկ չգան Սևան»:



«Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը չար լեզուների դեմն առնելու ձև գտավ: Օրերս նա սեփական օրինակով ապացուցեց, որ ջուրը մաքուր է: Նա իր մոտորանավակով հասել է խոր տեղ, մի բաժակ ջուր է վերցրել լճից և խմել է այն, ասելով. «Ես հիմա էս սաղ ջուրը խմելու եմ, ու առաջիկայում հրապարակումներ կլինեն, որ ինձ ոչ մի բան էլ չեղավ»: Իր անձնուրաց արարքը Գուլանյանը հավերժացրեց տեսախցիկների միջոցով: «Մենակ ինքը չի խմել, ինչքան «սուպերկատերի» մարդ կար, սաղս խմել ենք,- ասում է Դավիթ Ջանիկյանը, բա ինչ անենք, ստիպված արինք»: Բայց արի ու տես, հաջորդ օրը ճիշտ հակառակ բովանդակության հրապարակումներ եղան: Լրատվական կայքերը տարածեցին, թե «Սևան ազգային պարկի» տնօրենը Սևանի ջուրը խմելուց հետո ընկել է հիվանդանոց:



«Ես պաշտոնապես հերքում եմ: Նա սաղ- սալամաթ, ողջ-առողջ է: Ոչ մի հիվանդանոց էլ չի ընկել,- ասում է Դավիթ Ջանիկյանը,- ջուրն էլ խմեցինք, էլի չպրծանք»:



**Սյուզան Սիմոնյան**