Հացադուլ Վանաձորի բանտում․ «7 հազար դրամանոց կուլոնի համար տարի ու կես է, դատվում եմ»

Հացադուլ Վանաձորի բանտում․ «7 հազար դրամանոց կուլոնի համար տարի ու կես է, դատվում եմ»
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Գագիկ Կարապետյանը հուլիսի 25-ից հացադուլ է հայտարարել: Այս միջոցին նա դիմել է ծայրահեղ հուսահատությունից: Իր ընկերների միջոցով նա **«Հրապարակին»** փոխանցեց, որ դատվում է կեղծ մեղադրանքով: «Ոստիկանությունում պահանջեցին, որ ես ինձ վրա վերցնեմ տնային երեք գողություններ: Ես հրաժարվեցի: Ինձ սպառնացին, որ գործ կսարքեն վրես: Տենց էլ եղավ: Ինձ մեղադրում են 7 հազար դրամանոց կուլոնի ու հազար դրամանոց ցեպի գողության համար»,- հաղորդեցին մեզ:



Դատաքննությունը 7 դրամանոց կուլոնի գողության գործով տևում է մեկ տարի երեք ամիս: Գագիկ Կարապետյանի մեղադրականում գրված է, որ նա «ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ… Նա ապօրինի մուտք է գործել Մ. Բաբայանին և Հ.Փիլիկյանին պատկանող առանձնատները և գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 203.000 ՀՀ դրամ և 2.043.700 ՀՀ դրամ արժողության բիժու և ոսկյա զարդեր ու դիմել փախուստի»:



Մեղադրականում ասվում է 2 մլն-ից ավելի զարդեղենի գողության մասին, սակայն որպես իրեղեն ապացույց գործին կցված են Գագիկ Կարապետյանի նշած «կուլոնն» ու շղթան: Գագիկ Կարապետյանը վստահեցնում է, որ իր դեմ բոլոր ապացույցները կեղծ են, որ նախաքննություն որպես այդպիսին չի եղել, այլ կեղծ վկայություններ են կորզվել, որոնք չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում:



Գագիկ Կարապետյանը նշում է իր դեմ կեղծ քրեական գործ «սարքողների» անունները՝ մարզի ոստիկանության վարչությապետ Արամ Ղազարյան, քննիչ Լևոն Պառավյան, Արամ Չիտչյան, Ստեփանավանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, նախկին բաժնի պետ Սարգիս Այվազյան, ով քաղաքաու դեմ կեղծ քրեական գործ հարուցելու համար հեռացվել է համակարգից, մեղադրող դատախազ Արամ Ավագյան: «Իմ գործում չեն եղել ընթերականեր, բայց արձանագրություններ են կազմվել, նշվել են ընթերակաների անուններ, որոնք տասնյակ քրեական գործերով որպես վկա ցուցմունքներ են տալիս: Գործում կեղծ արձանագրություն կա, թե, իբր՝ ինձ գաղտնալսել են և գաղտնալսումների արդյունքում իմացել են, որ կուլոնը գողացել եմ: Բայց գաղտնալսումների ձայնագրությունը գոյություն չունի, դատարան չի ներկայացվել: Կուլոնը ես գտել եմ: Իմ դեմ չկա ոչ մի ապացույց: Բնակարանատերերը, ումից, ես իբր, կուլոն և շղթա եմ գողացել, կեղծ վկայություններ են գրել ոստիկանների հրահանգով: Նրանցից մեկը չէր գալիս դատարան: Ոստիկանները գրեցին, որ նա Ստեփանակերտում է, բայց դատավոր Սուսաննա Գզոգյանը հարցումով պարզեց, որ նա չի բացակայում, ոստիկանները դատավորին խաբել են: Առգրավման արձանագրություններ են կատարել առանց ամսաթվի՝ ժամ-պատարագի: Իմ գործը խայտառակ գործ է, իմ դեմ չկա ոչ մի ապացույց: Մեր մարզում դատախազ, ոստիկան, քննիչ՝ բոլորն իրար հետ ընկեր են, եթե ուզում են շանտաժով գործ սարքեն, անպայման անում են: Իմ մեղքն այն է եղել, որ ես հրաժարվել եմ ինձ վրա չբացահայտված երեք գործ վերցնել»,- ընկերների միջոցով մեզ հայտնում է կալանավորը:



Նա պահանջել է, որ իրեն այցելության գան դատախազության, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության ծառայության, վարչապետի գրասենյակի ներկայացուցիները: Իր նշած ապօրինությունները նա խոստանում է «բառ առ բառ» ապացուցել: Արդեն 5 օր է, Գագիկ Կարապետյանը հացադուլի մեջ է, բայց ոչ ոք նրան չի այցելել:



**Սյուզան Սիմոնյան**