ԱԱԾ բացահայտումները սուպերմարկետներում աղետ են ստեղծել մսի շուկայում

ԱԱԾ բացահայտումները սուպերմարկետներում աղետ են ստեղծել մսի շուկայում
Խոշոր առևտրային ցանցերում հարկերից խուսափելու սխեմաների աղմկահարույց բացահայտումը աղետալի վիճակ է ստեղծել անասնաբուծության ոլորտում: Սուպերմարկետները հրաժարվում են գյուղացիներից միս գնել, նախընտրելով վստահելի գործարարների միջոցով կենդանի անասուն ներմուծել: Բանն այն է, որ խոշոր եղջերավոր անասուններ ներմուծելիս, նրանք հետագայում կարողանում են հետ ստանալ սահմանին վճարած ավելացված արժեքի հարկը: Մինչդեռ գյուղացիներից միս գնելու դեպքում դառնում են ԱԱՀ վճարող: Ահա ինչու տնտեսվարողների մոտ միտում է ձևավորվել, որ նրանք խոշոր եղջերավոր անասուններ ներմուծեն այլ երկրներից, քանի որ այս դեպքում նրանք ԱԱՀ -ը հետ են ստանում։



Հիշեցնենք, որ մինչեւ 115 մլն դրամ շրջանառություն ունեցող ԱՁ-ներ գրանցելով, որոնք միայն շրջանառության հարկ են վճարում, սուպերմարկետները՝ «ՍԱՍ», «Զովք», «Ծիրան», տրոհում էին շրջանառությունը և խուսափում էին ավելացված արժեքի հարկ վճարելուց: Սակայն ԱԱԾ բացահայտումներից հետո այս սխեմայից, որը նախկինում գործում էր ՊԵԿ գիտությամբ և թողտվությամբ, գործարարները հրաժարվեցին և սկսեցին ԱԱՀ-ից օրենքի շրջանակներում խուսափելու նոր ձևեր կիրառել: Այս իրավիճակի պատճառով անսնաբույծները հայտնվել են ծանր իրավիճակում: Նրանք նախկինում միսը հանձնում էին սուպերմարկետներում աշխատող ԱՁ-ներին: Քանի որ գյուղացին ազատված էր ԱԱՀ-ից, իսկ ԱՁ-ն ՝ ԱԱՀ մուծող է, սուպերմարկետների համար այլևս ձեռնտու չէ գյուղացուց միս վերցնել։ Արդյունքում ստեղծվել է ,մի իրավիճակ, երբ գյուղացին այլևս ունի մսի ավելցուկ, որը ոչ մի տեղ չի կարողանում իրացնել, իսկ տնտեսվարողները նախընտրում են «կենդանի» միս բերել արտասահմանից։ Գյուղացուց վերցնելը այլևս ձեռնտու չի։ Գյուղացիները պարբերաբար գալիս են կառավարության առաջ, ինչպես եղավ հուլիսի 6-ին, ահազանգում են, որ անասունների միսը չի վաճառում, քանի որ քսան տոկոս ավելացրած արժեքի հարկի պատճառով սուպերմարկետներն իրենցից միս չեն գնում:



«Մեր ցլիկները բերելու ենք, հանձնենք վարչապետին, գնանք,- ասաց մեզ Ջրաշենից մի տղամարդ հակոբյան ազգանունով, - առաջ ես միսը 2800 դրամով էի վաճառում, հիմա եթե 2300-2400-ով վերցնում են, ես ուրախ եմ լինում: Խանութն ասում ա՝ 20 տոկոս ավելացված հարկ պետք է տա, դրա համար միսը 3000-ից էլ թանկանալու ա, իսկ էդ գնոց չի ծախվի»: Այժմ պետությանբը անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, գյուղացուն աջակցելու համար: Հիշեցնենք, որ մթերային ցանցային խանութների՝ «Նոր Զովք», «Կրպակ», «Կայզեր»,«Սաս Գրուպ», այլ սուպերմարկետների ղեկավարները ԱԱԾ բացահայտումներից անմիջապես հետո, դեռ հունիսի սկզբից զգուշացրել էին ՀՀ վարչապետին այս ռիսկերի մասին:



«Խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ, - գրում էին նրանք, պարզաբանելով, որ ՊԵկ-ը սնանկացնում է ցանցերին,- գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը նա արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել: Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի»: Փաստորեն, այն, ինչի մասին զգուշացնում էին խոշոր ցանցերի ներկայացուցիչները, արդեն իրականություն է:



**Հ.Գ**. ԱԱԾ կողմից ապօրինի սխեմաների բացահայտման գործը շարունակություն չունեցան: Հայտնի է միայն, որ ԱԱԾ-ն «Ալեքս Հոլդինգ» ՍՊ-ի դեմ «Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու» և «Կեղծ ձեռնարկատիրության» հատկանիշներով քրեական գործ է քննում, որի մասնրամասները, չնայած դրանց նկատմամբ հանրային մեծ պահանջարկին, 7 կողպեքի տակ են պահվում: ԱԱԾ-ն մերժում է տվյալների տրամադրումը, մեկ պատճառաբանելով նախաքննության ընթացքի գաղտնիությունը, մեկ գրավոր հարցումներ պահանջելով: Ամենայն հավանականությամբ, մանրամասներ պարզապես չկան, և քննությունը «Սիթիների»՝ որպես անհատ ձեռներեցներ ձևակերպված աշխատակիցների դեմ փակուղի է մտել:



**Սյուզան Սիմոնյան**