Հեղաշրջում՝ վարչապետի ցանկությամբ

Հեղաշրջում՝ վարչապետի ցանկությամբ

Վերջերս Նիկոլ Փաշինյանը բավականին շատ է խոսում հեղաշրջման և հիբրիդային պատերազմի սպառնալիքների մասին։ Իրավիճակն այս իհարկե չափազանց տարօրինակ է և տպավորությունն այնպիսին է, թե վարչապետը ներկայացնում է ոչ թե օբյեկտիվ իրականությունը, այլ իրականության իր նախընտրելի սցենարը։ Այսինքն, ոչ այնքան հեղաշրջման վտանգ կա, որքան հենց վարչապետն է ուզում, որ դա լինի։ 

Միգուցե վերոհիշյալ միտքը աբսուրդային է, բայց համանման պնդման համար, այնուամենայնիվ, որոշակի հիմքեր կան։ 

Եթե խորանանք այլաբանությունների մեջ, ապա Փաշինյանն իր խառնվածքով հիշեցնում է այն զինվորականներին, որոնք փայլուն դրսևորվում են ռազմաճակատում, բայց խաղաղ պայմաններում մատնվում են անգործության և պարապուրդի։ Վերջիններս անընդհատ ձգտում են պատերազմի, քանի որ ռազմաճակատն է համակեցական այն միջավայրը, որտեղ իրենք լիարժեք են ու անկաշկանդ։ Եթե շարժվենք այս նույն տրամաբանությամբ, ապա Փաշինյանն էլ դասակարգվում է որպես ճգնաժամային իրավիճակների կառավարիչ, այսինքն՝ նրա դրսևորման ամենահարմար տարածությունը ճգնաժամն է, այս դեպքում՝ հեղափոխությունը։ 

Հենց այստեղ է թաքնված վարչապետի մեծագույն ողբերգությունը, քանի որ ի բնությունե նա հակահամակարգ է և չի կարողանում տեղավորվել կառավարման համակարգի նեղ և ձանձրալի տիրույթում, որտեղ ամեն ինչ պլանավորված է և ըստ ծիսակարգի սահմանված։ Փաշինյանին անընդհատ կոնֆլիկտ է անհրաժեշտ, տարերային պայթյուն, որտեղ ինքը անպայման պետք է հաղթի։ 

Թերևս հենց սրանով են բացատրվում հեղաշրջման մասին նրա հիշատակումներն ու արդեն իսկ պարբերական դարձած հուզումնալից պոռթկումները։ Նա հեղաշրջման փորձ է փափագում, որ հեղափոխական մահակով փառահեղ հաղթանակ տանի և վերստին բազմի իր «սուպերվարչապետական» գահին։ Եվ այսպես անդադար, դարձ ի շրջանս յուր, քանի որ հեղափոխականն այդպես էլ չկարողացավ հրաժարվել իր հեղափոխականությունից։ 

Ասվածի համատեքստում առաջնային պլան է մղվում նախկին իշխանության գործոնը։ ՀՀԿ-ն ու «քոչարյանականները» հեղափոխական Փաշինյանի գոյության հիմնական աղբյուրներն են կամ էլ մոտիվացիայի լիցքավորիչները։ Եթե չլինեն նախկինները, ապա չի լինի նաև հեղափոխական Նիկոլը։ Ասվածից հետևում է, որ սևերի ու սպիտակների հակամարտությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը Փաշինյանն է։ 

Իրավիճակն այս իհարկե տրամաբանական է, քանի որ յուրաքանչյուր ոք ցանկանում է գործել այն տարածությունում, որտեղ ինքը հաղթող է։ Ճշմարտությունն այս շատ լավ հասկանում է նաև Փաշինյանը և դրանից ելնելով անընդհատ փորձում է կոնֆլիկտ սանձազերծել, քանի որ պարզից էլ պարզ է, որ խաղաղ պայմաններում ինքը դատապարտված է պարտության։ 

Շարադրանքի տրամաբանությունից բխում է հետևյալ եզրակացությունը․ Իր վարչապետական կարիերայում Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ առաքելություն ունի, որն է՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության անցնցում փոխանցումը։ Ուրիշ առաքելություն իսկապես չկա և եթե հայ հանրությունը կարողանա անցնել այս բարդագույն քննությունը, ապա 2018 թ․-ի հեղափոխությունն իսկապես հաջողված կլինի։ 

Այսինքն, համակարգային և արժեքային փոփոխություններ այս իշխանությունից ակնկալել չի կարելի։ Խնդիրը ցանկության բացակայությունը չէ, այլ Փաշինյանի վարչակազմը գաղափարական և ինտելեկտուալ տեսանկյունից ի զորու չէ շարժվել այդ ճանապարհով։ Պարզապես նրանք այդպիսի առաքելություն չունեն։ 

Վերադառնալով հեղաշրջման թեմային՝ նշենք, որ Փաշինյանի պաշտոնավարման առաջին ժամկետում դա գրեթե անհնար ձեռնարկ է։ Դեռևս արթուն է հեղափոխության հիշողությունը, ինչն էլ սնուցում է զանգվածների աջակցությունը։ Այլ կլինի իրավիճակը պաշտոնավարման երկրորդ շրջանում, եթե իհարկե Փաշինյանը որոշի ևս մեկ անգամ վարչապետ դառնալ։ 

Կանխատեսվում է, որ երկրորդ շրջափուլում արձանագրվելու է համակարգի ճահճացում և հանրային լայն հիասթափություն, ինչն էլ մեծացնելու է հեղաշրջման ճանապարհով վարչապետին հեռացնելու հեռանկարը։ Հեղաշրջումներն իհարկե վտանգավոր և ցնցումներով լեցուն հայտնություններ են։ Համանման սցենարից խուսափելու համար, ճիշտ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվի երկրորդ ժամկետից և իշխանությունը հանձնի այնպիսի գործիչների, որոնք ի զորու կլինեն արմատախիլ անել հեղափոխականությունն ու հանդես կգան խաղաղ պետականաշինության դիրքերից։ Հեղափոխությունները ոչ միայն հեղափոխականների պետք ունեն, այլ նաև սանձողների։ Իսկ ո՞վ կլինի Թավշյա հեղափոխության սանձողն ու Հայաստանին խաղաղություն բերողը։