Սերժ Սարգսյանի հայտարարությունները Մարտի 1-ի մասին․ Հրահրողները պիտի պատասխան տան օրենքի առաջ

Սերժ Սարգսյանի հայտարարությունները Մարտի 1-ի մասին․ Հրահրողները պիտի պատասխան տան օրենքի առաջ
Մարտի 1-ի ողբերգական դեպքերի լիարժեք բացահայտման, բոլոր մեղավորներին պատժելու անհրաժեշտության մասին քանիցս է խոսվել անցած 10 տարիների ընթացքում։ Մատնանշվել են այդ իրադարձություններում պատասխանատվության իրենց բաժինն ունեցող մի շարք պաշտոնատար անձանց անուններ, սակայն որպես գլխավոր պատասխանատու, ով եղել է ՀՀ-ում սահմանադրական կարգի պահպանման գլխավոր երաշխավորը, մշտապես հոլովվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։ Այդ իրադարձություններում պատասխանատվության իր բաժինն ունի մասնավորապես նաեւ այդ օրերին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարումը նախագահի պաշտոնում հաջորդեց այդ իրադարձություններին։ Վերջինս, ի դեպ, մատի 1-ի դեպքերի վերաբերյալ այդ դեպքերից երկու օր անց բավական էմոցիոնալ հայտարարությամբ հանդես եկավ, որում, ինչպես եւ այդ օրերին հայտարարություններով հանդես եկած իշխանական գործիչները, որպես այդ իրադարձությունների մեղավոր մատնանշում էր «արմատական ընդդիադիրների հակաօրինական գործողությունները»։



«Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով մեր ժողովուրդը ծանր կորուստներ կրեց: Կրեց անդառնալի կորուստներ. եղան մարդկային զոհեր թե՛ ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների, թե՛ մի խումբ մարդկանց ազդեցության տակ ընկած ցուցարարների շարքերում: Հարյուրավոր քաղաքացիներ են տուժել արմատական ընդդիմադիրների անօրինական գործողությունների հետեւանքով: Այսպես կոչված «շարժման» հեղափոխական պարագլուխները հասարակական կարգը պահպանողներին ու սեփական աջակիցներին դարձրեցին իրենց անհագուրդ նկրտումների պարպման թիրախ: Այդ ամենի համար անկարգությունների կազմակերպիչներն ու հրահրողները դեռ պատասխան պիտի տան օրենքի, պատմության ու սերունդների առաջ: Ցավով եմ նշում, որ մեր հայրենակիցները դարձան որոշ մարդկանց կույր ատելության զոհը: Այսօր ես կիսում եմ յուրաքանչյուրիդ վիշտն ու բոլորիդ մաղթում եմ կամք, ուժ եւ հոգեկան կորով այս արհավիրքը հաղթահարելու համար»։



Մարտի 1-ի գործը, սակայն, այդպես էլ տեղից չշարժվեց «չհասկացվածության պատեր» քանդելու, արդարադատությունը վերելքի տանելու խոստումներով հանդես եկած նախագահի պաշտոնավարման օրոք, ընդհակառակը՝ ընթացող նախաքննությունը ծածկադմբոց էր հիշեցնում եւ պարբերաբար հայտարարվում էր, թե նախաքննության գաղտնիության շահերից ելնելով նոր ի հայտ եկած հանգամանքերի մասին հայտել չեն ցանկանում։ Այժմ՝ Սերժ Սարգսյանի հեռացումից կարճ չանցած, փաստորեն, միտումները փոխվել են, նախաքննական մարմինը դուրս է եկել գաղտնիության վարագույրի ետեւից եւ անկաշկանդ է դարձել իր հայտարարություններում ու գործողություններում։



Սերժ Սարգսյանն այս՝ չափազանց զգայուն թեմային իր պաշտոնավարման ընթացքում էլի է անդրադարձել, մասնավորապես 2011-ին, նագահական պալատում դատաիրավական բարեփոխումների շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին՝ նա նշել էր․ «Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են եւ, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ եւ ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում։ Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երեւի ինձնից լավ որեւէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ եւս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է եւ մեր պետության, եւ´ մեր հասարակության, եւ´ նաեւ տարբեր շահարկումներից խուսափելու համար»։ Սերժ Սարգսյանն այնուհետ նաեւ ընդգծել էր․ «Ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տեւական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել եւ այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»:



«Մարտի 1» արտահայտությունը Սերժ Սարգսյանի շուրթերից վերջին անգամ հնչեց ապրիլյան հանրահավաքների թեժ օրերին՝ իր հրաժարականից առաջ։ Նիկոլ Փաշինայնի հետ հանդիպման եկած նորընտիր վարչապետը, հիշեցնենք, հայտարարել էր․ «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, եւ եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է միայն ձեզ եւս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ դեպքում՝ ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է, ընտրեք»։ Նրա այս հայտարարությունը, հիշեցնենք, մեծ ցնցում առաջացրեց հանրության շրջանում եւ շատերի կողմից ընկալվեց որպես խոստովանություն առ այն, որ այդ ողբերգական դեպքերի կազմակերպիչն ու մեղավորը ինքն է։ Արդյոք նրա նկատմամբ ե՞ւս քրեական հետապնդում կիրականացվի՝ որպես սահմանդրական կագի տապալմանը մասնակցած պաշտոնյա, եւ նա էլ Քոչարյանի պես կհայտնվի կալանավայրում, կարելի է միայն կռահել։



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**