ՀՀ-ին պետք չէ քաղբանտարկյալ՝ երկրորդ նախագահի տեսքով

ՀՀ-ին պետք չէ քաղբանտարկյալ՝ երկրորդ նախագահի տեսքով
Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելուց հետո դատական գործընթացի ժամանակ չպետք է լինի որեւէ կասկած, որ այն իրավական հարց է։ «Դատական գործընթացը պետք է ընթանա հարյուր տոկոսանոց հիմքով, քանի որ Հայաստանի Հանրպետությանը բնավ պետք չէ քաղբանտարկյալ՝ երկրորդ նախագահի տեսքով։ Եվ այստեղ որեւիցե կասկած չպետք է լինի` եւ՛ մեղադրանքի, եւ՛ դատական գործընթացի տարբեր փուլերի, եւ՛ դատավճիռների նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Արմեն Բադալյանը կարծում է, որ ներկա իշխանություններն իրոք ունեն հանրային վստահության մեծ պաշար, սակայն դժվար է այն չափելն ու ասելը, թե կոնկրետ ինչքան է այդ վստահությունը, քանի որ չկա վստահելի սոցիոլոգիական կազմակերպություն։



Նրա դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ խոշոր պայքար չի իրականացվում, ընդամենը մի քանի մանր-մունր կոռուպցիոներների են ձերբակալում, որոնց մի մասը փոխհատուցում է վնասը, սակայն այն կոռուպցիոներների նկատմամբ, որոնք պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով հարստություն են դիզել, որեւէ քրեական հետապնդում չի իրականացվել։ «Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին եւ երրորդ նախագահի թիկնազորի պետին, ապա նրանցից մեկի դեպքում եղել է պաշտոնեական դիրքի չարաշահում՝ սահմանադրական կարգի խախտում, մյուսն՝ անօրինական հարստացում»,- ասաց մեր զրուցակիցը։



Արմեն Բադալյանը կարծում է, որ պետք է ներկայացնել նաեւ Հայաստանի զարգացման տեսլականը, թե ինչ երկիր է լինելու Հայաստանը, ինչ ճյուղեր են զարգանալու, ինչպես է երկիրը զարգանալու։ Իսկ դրա վերաբերյալ, ըստ մեր զրուցակցի, ոչ միայն չեն ներկայացնում ծրագրեր, այլեւ քննարկում էլ չկա։ Եվ դա, ըստ նրա, ազդելու է իշխանությունների վարկանիշի վրա։