Եթե սա է վարժապետը...

Եթե սա է վարժապետը...
Խոստովանություն լինի՝ ադրբեջանական [մամուլ ](http://www.vesti.az/politika/baku-zakupaet-sverkhsovremennoe-vooruzhenie-ne-potomu-chto-u-nego-mnogo-deneg-da-budet-izvestno-oslu-369640)[կարդալը]() հաճախ զվարճալի զբաղմունք է: Հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է հավանական պատերազմի ադրբեջանական սցենարներին, եւ հեղինակներն էլ նախկին զինվորականներ են: Չկա ավելի մեծ հաճույք, քան հերթական անգամ համոզվել, որ հակառակորդի ռազմաքաղաքական էլիտան, մեղմ ասած, իրականության պատկերացում չունի եւ տարրական հարցերում ցուցաբերում է բացարձակ անգրագիտություն: Մասնավորապես, պահեստազորի գնդապետ Իլգար Ալիեւը, մի երկարաշունչ գովեստ կարդալով Նախիջեւանում տեղակայված հատուկ համազորային բանակի հասցեին եւ գովերգելով Գուննուտ գյուղի «ազատագրման ռազմագործողությունը», տալիս է օպերատիվ իրավիճակի հետեւյալ բացատրությունը.«Տեսեք, թե ինչ նպաստավոր պայմաններ են ստեղծում այդ նոր դիրքերը մեր զորքերի առաջխաղացման, ծավալման, ելման դիրքերի գրավման եւ հարձակման անցնելու համար: Չէ՞ որ այդտեղից մինչեւ Երեւան-Սովետոշեն-Գորուս-Սիսիան եւ հետո դեպի Ղարաբաղ ավտոճանապարհ մի ձեռքի հեռավորություն է»:



Ի՞նչ ասես այս դեպքում, եթե մարդը ոչ միայն չգիտի, որ Երեւան-Ստեփանակերտ ամվոտմայրուղու վրա Գորիսն է հաջորդում Սիսիանին, ոչ թե՝ ընդհակառակը, այլեւ սույն հոդվածը հեղինակելուց առաջ հարկ չի համարել նայել քարտեզին, ճշտել «խոցման ենթակա» բնակավայրերի տեղադրությունը: Կրկնենք՝ հրապարակման հեղինակն ադրբեջանական բանակի պահեստազորի գնդապետ է: Եւ եթե սա է նրա իմացության աստիճանը, ապա պարզ է, թե ինչ մակարդակի սպաներ են առաջնորդում հակառակորդի զինվորներին: Ընդ որում, սույն Ալիեւն իրեն թույլ է տվել կասկածել պաշտպանության նախարար Տոնոյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Մնացականյանի զինվորական պատրաստվածությանը, հեգնել նրանց եւ սեփական հանրությանը վստահեցնել, որ Մինգեչաուրի հէկը «հուսալի հակաօդային պաշտպանություն ունի, հայկական հրետանու կրակի համար անհասանելի է» եւ այլն: Ինչու՞ են գրվում այս կարգի եւ որակի տասնյակ, հարյուրավոր այլ հոդվածներ: Հակառակորդն, ըստ երեւույթին, միայն մի նպատակ ունի՝ սեփական հանրությանը ներշնչել «անպարտելիության» առասպելը: Ստացվում է ճիշտ հակառակը, քանի որ կարծում ենք՝ ադրբեջանական հասարակության մեջ էլ դիտողունակ մարդիկ կան եւ նկատում են սեփական զինվորականների տհասությունը: Եւ, բնականաբար, հիասթափվում ու հուսահատվում են: