Ծիծեռնակը բույն է շինում

Ծիծեռնակը բույն է շինում
Կգա՞ մի օր, երբ բոլորս կհոգնենք խոսել մեր երկրի ոչ հեռավոր ու ոչ փառավոր քաղաքական անցյալից, կզզվենք տալ մի շարք անձանց անուններ, որոնք իմաստազրկեցին մեր երկրի մեկնարկային տնտեսական կյանքը, ժողովրդին հասցրին հուսալքության ու փակուղային տրամադրության։ Կգա՞ ժամանակ, երբ մենք ազգովի մինչեւ մեր ոսկրերը լցված կլինենք ինքնավստահությամբ ու հավատով առ այն, որ մենք աշխարհի անքակտելի մասն ենք կազմում եւ ամենակարեւորը՝ ոչ մեկի համար երբեք բեռ չենք լինելու ու ոչ մեկի ոտքի տակ չենք մնալու։ Դրա համար այժմ շատ կարեւոր է գիտակցել մեր երկրի տնտեսության իրավիճակն ու պատասխանել այն հարցին, թե ինչու Հայաստանում, սկսած խելքից մինչեւ գիշերանոթը, ներկրվում է արտերկրից, բայց Հայաստանում դրանք արտադրելն անեկամտաբեր է դարձել, իսկ մեր երկրի աշխատուժը, Կամչատկայից մինչեւ Վլադիկովկաս Ռուսաստանն է ծաղկեցնում։ Մեր հարեւան Թուրքիայում գերմանացիները քիմիական արտադրություն են ծավալել, ու ամբողջ տարածաշրջանը սնվում է այդ երկրից, իսկ մեր քիմիական արտադրական հզորությունները, որոնք ժամանակին ԽՍՀՄ-ի պես իմպերիային էին կերակրում, մետաղի ջարդոնի տեսքով հուղարկավորվեցին արտերկիր՝ մեր իշխանությունների կողմից գրված տնտեսաքաղաքական ռեքվիեմի ներքո։ Մեզ, որպես ժամանակակից գլոբալիզացված միջազգային տնտեսական համակարգերում յուրովի գործոն-երկրի, հարկավոր չէ նաեւ տնտեսական աուտիզմով տառապել։ Թող ներկրվեն տեխնոլոգիական բարդ սարքավորումներն ու բոլոր այն ապրանքները, որոնք Հայաստանում անհնար է արտադրել։ Բայց ցեմենտ, գիպս, շինարարական քիմիա ու հազար տեսակի այլ ապրանքներ, որոնց արտադրությունը մեր ժողովրդի բանուգործն է եղել, ինչո՞ւ ներկրել։



Հիմա անցնենք այդ «ինչու»-ների պատասխաններին։ Այդ պատասխանները, իմիջիայլոց, ներկրովի չեն, ո՛չ բախտ նայողի ու գուշակների կողմից են տրամադրվել, ո՛չ էլ որեւէ կուսակցության նախընտրական լիբրետոյից ենք ծաղկաքաղ արվել։ Աշխատավարձ կոչված գումարը մեզնից ոչ մեկը միայն իր անձնական կարիքների համար չի ծախսում։ Կան ընտանիքի անդամներ, որոնցից մի մասն ուսանողներ են, ծեր ծնողներ, հիվանդներ, անչափահասներ։ Նրանցից ոչ մեկը պետության կողմից սոցիալապես պաշտպանված չէ։ Իսկ երբ հիվանդանում ենք, կամ բանկերը մեզ տնանկ են անո՞ւմ։ Այնպես որ՝ այդ աշխատավարձն ինչքան էլ շատ լինի, այն ոչ մեկի քթին չի հասնի։



Հայաստանում ազգաբնակչությունը կազմում է, ասենք, երեք միլիոն։ Այս երկրում մեկ շնչին եթե բաժին ընկնի ամսական նույնիսկ հարյուր հազար դրամ փող, քիչ է։ Դա տարեկան կկազմի 7,2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մինչեւ այդքան գումար ժողովուրդը տարեկան չունենա իր գրպանում, այս երկրում ինչ էլ արտադրվի, այն անեկամտաբեր կլինի։ Ինչքան ուզում են մեր գործարարներն օտարերկրյա գործարարների հետ տելեվիզորով պաչպչվեն, ժողովրդից ընտրաձայներ կորզեն ու ծախեն, միեւնույն է՝ կյանքն իր օրենքներն ունի, որոնք չեն տրվում մեր ԱԺ-ի ու կառավարության ալքիմիային։



Խոշորացույցի տակ առնել մեր պետբյուջեն ու ծախսելուց առաջ «Հայր մեր» կարդալ՝ թող ոչ մեկը թավշյա հույսեր չփայփայի։ Երբ միացնում ես հեռուստացույցն ու դիտում մեր ԱԺ նիստերը, է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն...։ Մեկը չկա, ասի՝ խեղճ Արմեն Աշոտյանից ի՞նչ եք ուզում։ Նա ինչ որ կարողացել, արել է, արածն էլ սա է, ինչ ունենք։ Նա ո՞ր հեքիմի մոտ գնա, երբ մեր ազգային հարստության 80 տոկոսը Ռոբերտի ու Սերժի ձեռքերում է, իսկ մեր պետբյուջեն բանջար-մանջար ծախելուց է գոյանում, այսինքն՝ մանր ու միջին բիզնեսի վզին է մնում։ Մարդ կա՝ բյուջեն է շալակած տանում, մարդ էլ կա՝ տուշոնկան։



Ասում են՝ Ռուսաստանը շուտով գազը թանկացնելու է։ Այդ ե՞րբ ենք մենք Ռուսաստանի գներով գազ առել ու օգտագործել։ Հայաստան մտնելուց հետո գազին իր ծավալի կեսի չափով օդ է խառնվում, հետո սուրուներով օդ ծախող գազավիկների ենք կերակրում, Վաչոյի փայն էլ, որ հաշվում ենք, արդեն մեր արտադրությունները ցնդող գազ են դառնում։ Այդպես էլ էլեկտրականությունն ու խարդախ բենզինները։ Դե արի ու բան արտադրիր Հայաստանում։



Ինչո՞ւ Հայաստանում բնակարանաշինությունն ինքնասպան եղավ։ Քա՞ր չունենք, շինարարնե՞ր չկան։ Ատկատների ինստիտուտի տնօրենն ո՞վ է եղել հին Հայաստանում։ Նույն բնակարանը հինգ մարդու վրա է միանգամից վաճառվել՝ միաժամանակ պատկանելով բանկերին։ Սրանից ավել եկամտաբերությո՞ւն։ Դրանք էլ Ռոբերտի ու Սերժի կերած բողկերն են։ Ամբողջ Արարատյան դաշտավայրի ավազահանքերի ավազը Մուկն առանց որեւէ թուղթ ու թամասի ծախում էր շինարարների վրա։ Էլ չեմ ասում Ջրաբերի սարերն ու քարհանքերը, որտեղից ապրանք գնելիս կեղծ թուղթ էին տալիս։ Դե արի ու ծախս ու ինքնարժեք հաշվարկիր։ Հայաստանի գործարարներին Նիկոլը պետք է տիեզերագնացի կոչում շնորհի, քանի որ նրանք տասնյակ տարիներ գործել են ուրիշ հաշվանքային համակարգում։



Լավ, ինչպե՞ս ապահարզանել բիզնեսը քաղաքականությունից։ Բոլորը քաղաքական իշխանության են գալիս՝ ոսկե սարեր խոստանալով, հետո էլ պարզվում է, որ դրանք չուգունից էին։ Այս հանգամանքն անհավասար պայմաններ է ստեղծում գործարարների համար եւ անխուսափելիորեն տանում է տնտեսության մեջ մենաշնորհային դաշտի մակածության ու օրենսդրական անհեթեթությունների։ Սուրուներով ձրիակերներ ենք պահում պետական ապարատում։ Այդ բոլորի աշխատավարձերն ու գողոնը հարկատուների վզին է։ Դրանց փոխարեն կարելի է սուրուներով ոչխար պահել։ Այդ դեպքում մենք նրանց կկթեինք, ոչ թե նրանք՝ մեզ։ Ուրիշ երկրներում սկսվող բիզնեսը մեկ-երկու տարի չի հարկվում, մինչեւ որ ամրանա, հաստատվի։ Առանց տոկոսադրույքի վարկավորվում է։ Մեզ մոտ սկզբից տոկոսն են վերցնում։ Ըստ էության՝ մեր բանկիրները մեզնից գողացված փողերը մեզ տոկոսով են տալիս։ Բոլորն էլ գիտեն, թե ում է Հայաստանի բանկերի հիմնական մասը պատկանում։



Ինչպե՞ս ազատվել պետական բժշկությունից։ Այդ հսկայածավալ յուրացումները, որոնք կատարվում են բժշկական հիմնարկների ղեկավարության կողմից, նորից հարկատուների հաշվին են, իսկ մենք երազում ենք Հայաստանում բիզնես դնել։ Այստեղ աշխատելու համար տաղանդ է պետք, ինքնասպան չլինելու համար՝ իշխանություն։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



**«Գրավիտոն» ՍՊԸ տնօրեն**