Միլիարդների հետ գործ ունեցող ՓԲԸ-ն գումարներն ուղղելու է օդանավակայանի կառուցմանը

Միլիարդների հետ գործ ունեցող ՓԲԸ-ն գումարներն ուղղելու է օդանավակայանի կառուցմանը
«Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» գլխավոր դոնոր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, ինչպես հայտնել էինք, շուրջ 2 ամիս է՝ դադարեցրել է հիմնադրամի ֆինանսավորումը։ 2016-ին՝ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի օրոք ստեղծված հիմնադրամը մի շարք ծրագրեր էր իրականացնում մարզում, որոնց շարունակականությունը ֆինանսավորման դադարեցման հետեւանքով առկախված է։ Սյունիքում հակված են կարծել, որ ԶՊՄԿ-ի ֆինանսավորման դադարեցումը պայմանավորված է քաղաքական նոր իրադրությամբ, ավելի ստույգ՝ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնանկությամբ։ Հակոբյանը մինչեւ մարզպետ նշանակվելը ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալն էր եւ, ըստ լուրերի, հեռանալով պաշտոնից, հորդորել է այլեւս չֆինանսավորել հիմնադրամը։



Մենք հարցում էինք ուղարկել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ՝ խնդրելով հիմնավորել ֆինանսավորման առկախումը եւ պարզաբանել՝ դա եղել է նախկին մարզպետ Վահե Հակոբյանի՞ հորդորով: ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ ուղարկված պատասխանում շրջանցել են նախկին մարզպետին առնչվող հարցը։ Նշել են, որ ՓԲԸ-ն անցած 5 ամիսների ընթացքում հիմնադրամին է փոխանցել 205 մլն դրամ, որն ուղղվել է մարզի զարգացմանն ու տարատեսակ ծրագրերի իրականացմանը։ «Ներկայումս ԶՊՄԿ-ի ղեկավարության անմիջական ջանքերով շարունակվում են Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքները, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնական ֆինանսական բեռն ընկնում է հենց ընթացիկ տարվա վրա, կոմբինատի ղեկավարությունը որոշում է կայացրել կոմբինատի կողմից մարզի զարգացման համար նախատեսված միջոցները, մայիս ամսից սկսած, զգալի ծավալով ուղղել օդանավակայանի վերագործարկմանը։ Ինչպես ձեզ հայտնի է՝ ԶՊՄԿ-ի միջոցներով ձեռք է բերվել չեխական Լ410 ինքնաթիռը, որի արժեքի մի մասն արդեն վճարվել է, իսկ մյուս մասը նախատեսվում է վճարել մինչեւ տարեվերջ»։ Պատասխանում նշված է նաեւ, որ ԶՊՄԿ-ի ֆինանսական միջոցներով վերականգնվում են Քաջարանի մշակույթի պալատը եւ արվեստի դպրոցը։



Դրանց ԶՊՄԿ-ն հատկացրել է շուրջ 1 միլիարդ դրամ։ Կատարվում են նաեւ քաղաքի լայնամասշտաբ բարեկարգման աշխատանքներ՝ արժեքն այս տարի 200 մլն դրամ կկազմի։ «Բացի այդ, ԶՊՄԿ-ն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ բարեգործական հիմնադրամի» միջոցով նախատեսում է ընթացիկ տարում սոցիալական, առողջապահական, մշակութային եւ այլ ոլորտների զարգացման համար հատկացնել շուրջ 850 մլն դրամ։ Կոմբինատի կողմից ֆինանսավորվող ծրագրերի նպատակահարմարությունը, հատկացվնող ֆինանսական աջակցության չափն ու ընթացակարգը սահմանվում են ընկերության խորհրդի կողմից»,- հայտնել են ՓԲԸ-ից։ Նշենք, որ, ըստ կանոնադրության, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկին առաջադրում է ԶՊՄԿ-ն, մյուսին՝ Սյունիքի մարզպետը, ով ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Մարզպետի փոփոխությունից հետո խնդիր է առաջացել նոր խորհրդի կազմ նշանակել։ Հունիսի 27-ին, ըստ պատասխանի, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հրամանով հիմնադրամի խորհրդի անդամ է նշանակվել գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Թոմաս Հոֆմանը (մինչ այս խորհրդի անդամ էր Մ․ Պոլոսկովը)։ Թե երբ է լինելու խորհրդի նիստը, ասացին՝ հստակ չէ։ Ում է առաջարկելու մարզպետը՝ նույնպես (նախկինում մարզպետի խորհրդական Միլենա Գասպարյանն էր)։ «Մոտ ապագայում, սակայն, կոնկրետ օրն ասել չեմ կարող, կլինի խորհրդի նիստ՝ փոփոխված կազմով, եւ հիմնադրամին վերաբերող՝ հանրությանը հուզող հարցերի, այդ թվում եւ ԶՊՄԿ-ի կողմից ֆինանսավորման առնչությամբ, հավանաբար, կհնչեն պատասխաններ»,- հայտնեց մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ **Էդգար Մարտիրոսյանը**։