Փաշինյանի հայտարարությունը կոռուպցիայի ծավալների մասին նորություն չէր գործարարների համար

Փաշինյանի հայտարարությունը կոռուպցիայի ծավալների մասին նորություն չէր գործարարների համար
_Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություն հռչակած Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում նկարագրեց այն շոկը, որն ապրում է ինքը՝ կոռուպցիայի ծավալների մասին պատկան մարմինների կողմից ներկայացվող պատկերին ծանոթանալով։_



Պատգամավորի կարգավիճակում կոռուպցիայի թեմաներով ԱԺ ամբիոնը քանիցս դղրդացրած Փաշինյանը միաժամանակ ասաց, թե հնարավոր չէ հոգեկան հավասարակշռություն պահպանել՝ ծանոթանալով այդ փաստերին, եւ հավելեց, թե կոռուպցիան եղել է եւ շարունակում է լինել այն բոլոր ոլորտներում, որոնց դեռ չի այցելել հակակոռուպցիոն «արշավախումբը»։



Գործարար որոշ շրջանակներ, սակայն, վարչապետի այս հայտարարությանը ծանոթանալով, բնավ չեն զարմացել ու չեն կորցրել իրենց հոգեկան հավասարակշռությունը, այլ զարմացել են այն բանից, որ վարչապետն է զարմացել մի բանից, որը վաղուց հայտնի իրողություն է եւ հովանավորվել է պետական ամենաբարձր մակարդակով։ «Ալեքս հոլդինգի» վերաբերյալ հայտնի սկանդալը՝ ԱՁ-ներ գրանցելու եւ հարկեր թաքցնելու հետ կապված, պարզվում է, ոչ միայն ընդունված, այլեւ մեծ կիրառման արժանացած բիզնես կանոն է հայաստանյան գործարարներից եթե ոչ շատերի, ապա ոմանց համար, ում հետ զրուցեցինք։ Ավելին՝ այդ եւ այլեւայլ աճպարարությունների գործում այնպիսի հմտացած մասնագետներ կան ՀՀ-ում, ովքեր կարող են խորհրդատվական ծառայություններ մատուցել «սիլիկոնային հովտի» ներկայացուցիչներին, ավելին՝ իրենց մտածած սխեմաների հանճարեղությամբ ապշեցնել նրանց։



Չբացելով փակագծերը՝ մեր զրուցակից գործարարը պարզ օրինակ բերեց, որը երկու առանձին հաշվապահություն վարելն է՝ պայմանականորեն ասած՝ «սեւ» եւ «սպիտակ»։ «Սեւը» բիզնեսի իրական շրջանառությունն է արտացոլում եւ ներքին օգտագործման համար է, «սպիտակն» արտահայտում է այն պատկերը, որը պետք է ցույց տալ հարկային մարմիններին։ Նրա խոսքով, հենց կոռուպցիոն մախինացիաներն ու հովանավորչությունն են եղել խաղի այն կանոնները, որոնց վրա կառուցվել է ՀՀ բիզնես հիերախիան։ Իսկ ով էլ չի ցանկացել խաղալ սահմանված կանոններով, փորձել է «մաքուր» աշխատել, շատ է փոշմանել, քանի որ կա՛մ զրկվել է բիզնեսից, կա՛մ էլ սնանկացել, վաճառել այն, թքել-հեռացել երկրից։ Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանում անհաջող բիզնես գործունեության, միջավայրի վերաբերյալ բավականին բացասական ազդակներ են ուղարկվել արտերկրի բիզնեսմեններին, որոնցից շատերին դժվար կլինի համոզելը, թե թավշյա հեղափոխությունից հետո հուսալի միջավայր է ձեւավորվել ներդրումների համար։ Մեր զրուցակից սփյուռքահայ գործարարը նշում է, որ, որպես տնտեսական քաղաքականության առաջնահերթություն, կոռուպցիայի դեմ պայքարի ու անկախ դատական համակարգի մասին Փաշինյանի հայտարարությունը ոչ այնքան ներքին, որքան արտաքին բիզնես լսարանին է ուղղված, սակայն դա չի նշանակում, որ նրանք պետք է փողերն առնեն ու վազքով Հայաստան գան։ Դա անելու համար դեռ շատ ժամանակ է պետք, ու միայն հայրենասիրական մղումները բավարար չեն։ Հաջողված բիզնես օրինակներ են պետք, ինչպես նաեւ՝ հարկային օրենսդրական կայուն երաշխիքներ։



**Ականջդ կանչի, Իշխան Զաքարյան**



Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունը, իսկապես, նորություն չէր թե՛ մեր զրուցակից գործարարների, թե՛ նաեւ, կարծում ենք, հանրության լայն շերտերի համար, քանի որ տարիներ առաջ նույնաոճ մի հայտարարություն, բայց շատ ավելի զիլ ու ահազանգի նման, արվել էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից։ Ընթերցողի հիշողությունը թարմացնենք՝ վերհիշելով, թե ինչպես 2012 թվականին Զաքարյանն ԱԺ էր եկել մալուխը ձեռքին՝ պետական գնումների արդյունքում հսկայական գումարների մսխումն ավելի պատկերավոր բացատրելու համար։ Նրա բացահայտումները մեծ աղմուկ հանեցին՝ պետական բյուջեի ոչ արդյունավետ կառավարումը դարձնելով ավելի առարկայական։ ՎՊ 2012-ի հաշվետվությունից պարզվեց, որ բյուջեի 70 տոկոսը ռիսկային գոտում է, հայտարարվեց ավելի քան 700 մլն բյուջետային չարաշահումների մասին։ Այդ բացահայտումներին հետեւեց իշխանությունների կոշտ արձագանքը, որոշ ժամանակ անց էլ Զաքարյանը հեռացվեց պաշտոնից։ Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրած խորհրդակցության ժամանակ հրապարակայնորեն կշտամբեց Զաքարյանին՝ Վերահսկիչ պալատին մեղադրելով տեսչական մարմնի, ռեւիզորի վերածվելու մեջ: «Դու քաղաքական գործիչ չես, հասկանո՞ւմ ես, դու պարտավոր ես փաստերն ի հայտ բերել։ Դու պետք է հասկանաս, որ որեւէ մեկը քո կարծիքը չի ակնկալում լսել, բոլորի համար մեկ է՝ դու ինչ կարծիք ունես դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին։ Դու պիտի հասկանաս, մարդիկ լսում են, պաշտոնատար անձը հայտարարություն է անում։ Ինձ մոտ եկել են մշակույթի գործիչներ, ասում են՝ էս ո՞նց է, 700 մլրդ-ն բա ո՞վ է կերել։ Ու ընդհանրապես՝ կարելի՞ է պատկերացնել, թե 900 մլրդ-ից 700-ը կարելի է ուտել, Իշխան»։



Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված քննարկման ժամանակ կշտամբանքների թիրախում հայտնեց նաեւ դատախազ Աղվան Գառնիկիչը, որին ուղղված նախկին նախագահի խոսքերը կարելի է դիտարկել որպես կոռուպցիայի կանխարգելմանը խոչընդոտելուն միտված ցցուն օրինակ։ «Ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել: Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-ը գրեթե տնօրինում է պաշտպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 տոկոսն աշխատավարձ է: Այսինքն՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահում այդպիսի հայտարարություններ անել ու դրանից հետո պատասխան չստանալ»։



Այդ հետո՝ ապրիլյան պատերազմից շատ չանցած պետք է պարզվեին բանակին հատկացված փողերը «լափելու» փաստերը, եւ պետք է պաշտոնանկ արվեին եւ քրեական հետապնդման ենթարկվեին ՊՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ գեներալներ ու գնդապետներ։ Եվ եթե չլիներ Սարգսյանի այս զսպող հայտարարությունը, գուցե կոռուպցիոն ռիսկերը ՊՆ-ում կանխվեին, եւ չունենայինք ապրիլյան պատերազմի դառը կորուստները։ Ուշագրավ է Սարգսյանի ելույթի մյուս դրվագը, որում նա հորդորում է իրավապահներին հրաժարվել նախկին պրակտիկայից․ «․․․Մի տեղ մի փաստ կա՝ միանգամից սկսում են տարածվել, ընդլայնվել եւ ընդգրկել մեր ողջ տնտեսական դաշտը: Եթե խոսվել է ինչ-որ մի կազմակերպության մասին՝ գնալ այդ կազմակերպություն ու սկսել ստուգել կազմակերպությունը բոլոր ուղղություններով ու հետո այդ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող այլ կազմակերպությունների եւ այլն, անթույլատրելի է: Այդպես մենք չենք կարող աշխատել. կոնկրետ փաստ, փաստի գնահատական ու այնուհետեւ՝ որոշում»:



Այս հայտարարության համատեքստում նշեք այս օրերին ի հայտ եկած եւ եկող մի քանի կոնկրետ փաստեր, որոնք հենց այդ փոխկապակցվածության կծիկի մասին են վկայում։ Մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը հայտնեց, որ նախկին նախագահի ընտանիքի հետ փոխկապակցված «ՋԼՋ պրոյեկտ քոմփանի» ընկերությունը պետությանը մոտ 300 մլն դրամի վնաս է հասցրել։ Նախաքննությամբ պարզվել է, որ 2010-ին հիմնադրված այս ընկերության հիմնադիրների կազմում է նաեւ Նարեկ Սարգսյանը՝ իր 20 % բաժնեմասով, ինչպես նաեւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 % բաժնեմասով, որի համահիմնադիրն ու տնօրենը Լեւոն Ազատի Սարգսյանն է՝ Նարեկ Սարգսյանի հայրը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը։ Հիմա ակնհայտ է, որ երբ Ս․ Սարգսյանը փրփուրը բերանին հայտարարում էր «շատ չընդարձակվել» եւ սեւեռվել կոնկրետ փաստի վրա, ապահովագրում էր իրեն փոխկապակցված անձանց բիզնեսն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելուց՝ դրանից բխող հետեւանքներով։ Ընդամենը երկու օր առաջ էլ մեկ այլ «փոխկապակցված» չարաշահման մասին բացահայտում արեց ՊԵԿ-ը, այս անգամ՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար, օֆշորային հայտնի սկանդալից հետո Սերժ Սարգսյանի կողմից «համաներված» եւ պատգամավոր դարձած Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ «Քեթրին գրուպ», ինչպես նաեւ վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր ստուգումների արդյունքում պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։ ՊԵԿ քննչական վարչությունում որոշումներ են կայացվել ընկերություններում բյուջեի վերստուգումներ նշանակելու մասին։ Թե քանի այսպիսի փոխկապակցված ընկերությունում՝ պետությանը խաբելու վերաբերյալ բացահայտումներ կլինեն կամ կլինե՞ն արդյոք, ցույց կտա ժամանակը։ Առայժմ բացահայտումների ուղղությամբ քննություն է ընթանում։



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**