«ՔՊ»-ն քաղաքապետի նոր թեկնածու կառաջադրի

«ՔՊ»-ն քաղաքապետի նոր թեկնածու կառաջադրի
Կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին վարչության նիստ է հրավիրելու՝ քաղաքապետի թեկնածու ընտրելու համար: Մինչ այս պահը թեկնածուները չորսն են՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը եւ դերասան Հայկ Մարությանը, ով վերջերս է համալրել «ՔՊ» շարքերը, Զարուհի Բաթոյանը եւ Սրբուհի Ղազարյանը։ Մի քանի օր առաջ կուսակցության վարչության նիստում թեկնածուները ներկայացրել են իրենց ծրագրերը, սակայն կիրակի վարչության նիստում, ամենայն հավանականությամբ, ընտրություն չի կայանա:



Մեր տեղեկություններով, նոր թեկնածու է ներկայացվելու վարչության դատին՝ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանի թեկնածությունը, գուցե՝ վերջինիս հենց Փաշինյանը ներկայացնի։ Գուցե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Չնայած Փաշինյանն անթաքույց համակրանք ունի դերասան Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի հանդեպ, սակայն «ՔՊ» վարչության մեծամասնությունը դեմ է նրան, իսկ Մեսրոպ Առաքելյանի առաջադրման դեպքում գուցե 13 հոգանոց վարչության ձայներն այնպես բաշխվեն, որ Կարգին Հայկոն առավելություն ստանա: Հիշեցնենք, որ Առաքելյանն «Առաքելություն» կուսակցության վարչության անդամ է, 2013 թվականին նրանց նորաստեղծ կուսակցությունը մասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն հավաքեց ընտրողների 0,64 տոկոս ձայները՝ մոտ 2 հազար 600 ձայն: Մեզ հետ զրույցում Մեսրոպ Առաքելյանը չբացառեց իր առաջադրման հեռանկարը: Իսկ վարչապետի խորհրդական դառնալու վերաբերյալ պարզաբանեց, թե քանի որ «իր թիմը թավշյա հեղափոխության առաջին իսկ օրերից «ՔՊ»-ի կողքին է եղել, հեղափոխությունից հետո երկու թիմերի քննարկման արդյունքում հանգել են այդ որոշմանը»: Հիմա երկու թիմերում քննարկվում է նաեւ առաջիկա ընտրություններին համագործակցության հարցը: Իսկ հնարավո՞ր է «Առաքելությունը» լուծարվի՝ միանալով «ՔՊ»-ին։ «Այս պահին նման քննարկում, մտադրություն չկա»:



**- Տեղեկություններ կան, որ վարչապետը Ձեր թեկնածությունը կարող է ներկայացնել «ՔՊ» վարչության դատին, Ձեր հաջողությունը որքանո՞վ եք հավանական համարում:**



-«Առաքելություն» կուսակցությունը մասնակցել է ավագանու նախորդ ընտրություններին, ցուցակը ես եմ գլխավորել, մենք ունենք մեծ պոտենցիալ քաղաքային թիմերի լուծման հարցում, ոչ միայն ընտրություններին, այլեւ դրանից հետո էլ լուրջ ուսումնասիրություններով ու առաջարկներով ենք հանդես եկել եւ այս պահին չենք բացառում համագործակցությունը ոչ թե քաղաքապետի թեկնածության, քաղաքապետի անձը, այստեղ կարեւորում ենք ավագանու ինստիտուտի կայացման խնդիրը եւ պատրաստ ենք մեր ուժերը համատեղել եւ ներկայացված լինել քաղաքային իշխանությունում ու նպաստել քաղաքային խնդիրների լուծմանը: Իսկ մասնակցության ձեւաչափը եւ անձամբ իմ թեկնածությունը քննարկման փուլում են։ Եթե ընդհանուր թիմի կողմից լինի վերջնական որոշում իմ՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հարցում, ապա ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը, քանի որ նոր իշխանության պարագայում հասարակության սպասումները բավականին մեծ էին, եւ այն խնդիրները, որոնք ծառացած են ոչ միայն կառավարության առջեւ, այլեւ քաղաքի, ունեն հրատապ եւ արդյունավետ լուծման անհրաժեշտություն, կարծում եմ, որ բոլորն իրենց առավելագույն ռեսուրսները պետք է ներդնեն, հեղափոխություն անեն տնտեսության եւ մնացած ոլորտներում:



**- Ինչո՞ւ պետք է «ՔՊ»-ն ընտրի ոչ թե իր կուսակիցներին, այլ ուրիշ կուսակցությունից մեկին, սա չի՞ նշանակի, որ վարչապետի թիմը կադրային խնդիր ունի, ի վերջո, Երեւանի քաղաքապետի պաշտոնն առանցքայիններից է:**



-Եթե հնարավորություն լինի, ես նրանց կներկայացնեմ իմ կարծիքը, բայց խնդիրն այստեղ քաղաքապետի թեկնածուի կուսակցական պատկանելությունը չէ: Երկրում ստեղծված իրավիճակն առաջացնում է անհրաժեշտություն՝ միավորել բոլոր կարող ուժերին: Այո, հեղափոխության կրողն ու իրականացնողը «ՔՊ»-ն է, որն անձնուրաց, հերոսական պայքարի արդյունքում հասավ հաղթանակի, սակայն հեղափոխությունից հետո այսօր էլ կառավարությունն ունի այլ կուսակցություններից ներգրավվածություն, որոնց մեծ մասը վերապահումներ ուներ այն ամենի մասին, ինչ իրականացրեց «ՔՊ»-ն: Այդ կուսակցությունն արդեն ապացուցել է, որ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխության արդյունքում բոլոր այն անհատները, որոնք կարող են նպաստել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, ապա կաշխատեն: Եթե կորոշվի, որ իմ ռեսուրսներն ու պոտենցիալը լավագույնս կարող են ծառայել քաղաքի հիմնախնդիրների լուծմանը, ապա համոզված եմ, որ լինելու է թիմային աշխատանք, եւ կուսակցական պատկանելությունը «ՔՊ»-ի կողմից բազմաթիվ անգամ երկրորդվել է:



**- Իսկ եթե Ձեր առջեւ պայման դրվի հրաժարվել Ձեր կուսակցությունից՝ թեկնածության դիմաց, կընդունե՞ք:**



-Ոչ:



**- Չնայած Կարգին Հայկոն վերջերս ինտեգրվել է կուսակցության շարքերը, սակայն վարչությունում միանշանակ չի ընդունվում:**



-Նորից եմ կրկնում՝ քննարկումների ընթացքում կհասնենք լավագույն լուծման, հստակ է մի բան, որ մեր թիմը կաջակցի Երեւանում բարեփոխումների իրականացմանը՝ կլինի դա ավագանու կազմում, թե ուղղակի աջակցության:



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**