Իրավական վեճեր Քոչարյանի շուրջ

Իրավական վեճեր Քոչարյանի շուրջ
Ռոբերտ Քոչարյանին պատժված տեսնելու ցանկությունը Հայաստանում պարբերաբար սրվում է՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին, 2001 թ․ սեպտեմբերի 26-ին, երբ «Պոպլավոկում» նրա թիկնապահները ծեծելով սպանեցին Պողոս Պողոսյանին, 2003 թ․ ապրիլի 12-ին բռնի ուժով Բաղրամյան 26-ի մոտ հավաքված ժողովրդին ցրելուց հետո, Հյուսիսային պողոտայի կառուցման շրջանում, երբ «հանրային շահի» զոհերին ոստիկանները դուրս էին շպրտում տներից, 2008 թ․ մարտի 1-ին, երբ մարդիկ ծեծվեցին եւ սպանվեցին։ Երեկ կատարվեց այն, ինչի մասին ոմանք Հայաստանում վաղուց են երազել՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քոչարյանն այն համարում է «ծայրահեղ ապօրինի», «շինծու», «ռումբ պետության տակ»։ «Մինչեւ ինձ այս կարգի մեղադրանք առաջադրելը պետք է ԿԸՀ-ի կեսը բանտերում լինեին, ապացուցված լիներ, որ նրանք հանցանք են գործել, ՍԴ վերաբերյալ պետք է ակտեր լինեին, պատիժներ, սա իրավական սյուրռեալիզմ է, Կուստուրիցան կերազեր այս որոշման մակարդակի իրականություն ունենար ֆիլմեր անելուց»,- ասաց Քոչարյանը «Երկիր մեդիայի» եթերում՝ զգուշացնելով, որ ցուցմունք չի տալու, քանի որ հարցաքննության է կանչվել որպես վկա, իսկ քննիչը հենց սկզբից տեղեկացրել է, որ նա այլեւս մեղադրյալ է։



Անմիջապես հարցաքննությունից հետո ՀՔԾ-ն կալանքի միջնորդություն ներկայացրեց, առանց օր անգամ հապաղելու՝ 26-ի գիշերը։ Քոչարյանը չներկայացավ, նիստը հետաձգվեց։ «Պարզ չէ, թե ինչն է հապճեպության պատճառը»,- ասում է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Երկրորդ նախագահը բազմաթիվ փաստաբաններ է վարձել։ Նրա շահերը պաշտպանում են նաեւ Հովհաննես Խուդոյանը, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը։ «Ականջներից ձգված մեղադրանք է։ ՀՔԾ-ն ուզում է անպայման հիմնավորել, որ Քոչարյանը խուսափում է ներկայանալ դատարան։ Նա այն մարդը չէ։ Եթե խուսափելու լիներ, չէր վերադառնա»,- ասաց Սահակյանը։ Դատարանի մոտ հավաքված մարդիկ կողքից հակադարձում էին․ «Ինքը հանցագործ մարդասպան է, նման վերաբերմունք չի կարելի ժողովրդի նկատմամբ, 10 տարին բավական չէ՞, բա 6։30-ին ո՞նց հարձակվեց մեզ վրա»։



«Մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու հարցում շտապողականություն չկա,- գտնում է ՀԱԿ իրավական հարցերով խորհրդատու **Արմեն Խաչատրյանը**, որը տարիներ շարունակ զբաղվել է Մարտի մեկի եւ քաղբանտարկյալների խնդիրներով,- 10 տարին արդեն բավարար ժամանակ էր, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեր եւ կալանավորման որոշում կայացվեր։ Բացակայել է քաղաքական կամքը, բայց այսօր նոր կառավարությունը հստակ եւ սկզբունքային դրսեւորում է այդ քաղաքական կամքը։ Ունեմ հստակ տպավորություն, որ ՀՔԾ-ն ունի բավարար հիմքեր մեղադրանք առաջադրելու եւ անհապաղ կալանավորման միջնորդություն ներկայացնելու համար։ Քրեական դատավարության օրենսգիրքն էլ չի արգելում առանց ժամային սահմանափակման կալանավորման միջնորդություններ ներկայացնել դատարանին, ուստի ՀՔԾ-ն, ինչպես կասեր դասականը, օրենքի տառին համապատասխան իրացնում է իր գործառույթները։ Ծանուցման հետ կապված չեմ կարծում, որ խնդիր կա։ Միգուցե պաշտպանվող կողմն անհրաժեշտություն ուներ մինչեւ առավոտյան 11-ը հետաձգել կալանքի միջնորդության քննությունը, ինչպես իրենք են ասում՝ գործի նյութերին ծանոթանալու համար»։



Իրավական վեճը Քոչարյանի անձեռնմխելիության եւ մեղադրանքի շուրջ սկսվել է Մարտի մեկով քրեական հետապնդում սկսելու առաջին իսկ պահից։ Արդյոք կարելի՞ է մարդու արարքը որակել մի հոդվածով, որն ընդունվել է այդ արարքը կատարելուց հետո։ Այս հարցը բարձրացավ դեռեւս պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքի հետ կապված։ 2008թ. մարտի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքում չի եղել այդ հոդվածը, հետեւաբար՝ Միքայել Հարությունյանին չի կարող առաջադրվել այնպիսի մեղադրանք, որն արարքի կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Փաստաբան Նորայր Նորիկյանն էր այս համոզմունքը հայտնել։ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ հանցակազմի պահով «ֆանտաստիկ դիպուկ է գործել հատուկ քննչականը։ Սպանությունների անմիջական կատարողների, ապօրինի հրաման կատարողների, իշխանության յուրացման եւ այլնի մասին դեռ խոսք չկա։ Խոսքը սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու մասին է՝ ներգրավելով զինուժը։ Ես վստահ եմ, որ ՀՔԾ-ն չէր անի մի գործողություն, որը հետագայում իրավական շահարկումների առարկա կդառնար, ընդհուպ միջազգային դատական ատյաններում։ Կա հանցակազմ, որը եղել է նաեւ նախկին ձեւակերպման մեջ։ Կոնկրետ մարդիկ կատարել են գործողություններ, որոնք որակվում են որպես սահմանադրական կարգի տապալում։ Այս հանցակազմը չի փոխվել։ Մի պրակտիկ օրինակ՝ մարդը հանցագործություն է կատարել, փախուստի է դիմել, նրան հայտնաբերում են, երբ Քրեական օրենսգիրքը փոփոխված է։ Ի՞նչ անեն, ասեն՝ շնորհակալությո՞ւն, դուք գնացեք, որովհետեւ հոդվածի թիվը փոխվե՞լ է։ Հոդվածը չէ, արարքի նկարագրությունը չէ, հոդվածի թիվը… Հանցագործությունը կատարված է, հանցակազմը նկարագրված է թե՛ նախկին, թե՛ 2009 թ․ օրենսգրքում։ Վարույթ իրականացնող մարմինը գնահատել է ենթադրյալ հանցագործության արարքը եւ համապատասխան որակում է տվել Քրօր․ հոդվածով։ Թե՛ նախկին օրենսգրքի 301 հոդվածով, որով Քոչարյանը ժամանակին մեղադրում էր ընդդիմությանը սահմանադրական կարգը տապալելու մեջ, թե՛ այսօր 300․1 ցուցիչ հոդվածով նույն հանցակազմն է։ Միջազգային կազմակերպությունների պահանջով փոխվեց դիսպոզիցիան», - ասում է նա։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**