Վերլուծում ենք անվերլուծելին

Վերլուծում ենք անվերլուծելին
Մի վերլուծաբան է գործում 1in.am կայքում` Արամ Ամատունի անունով: Շատ զիլ վերլուծաբան է, նիկոլագիտության իսկական դոկտոր: Բավական է Փաշինյանը հոնքը շարժի, այդ շարժումի մասին հոդվածը հայտնվում է կայքում: Բեղուն գրիչ ունի, փայլատակող միտք, վերլուծաբանի ձիրք, և, այդ բարեմասնությունների շնորհիվ կարողանում է միմյանց կապել անկապակցելին, բացատրել անբացատրելին, մեկնաբանել անմեկնելին: Որ իրեն մնա` մութ սենյակում կատու էլ կբռնի: Այ այդպիսի վերլուծաբանի մասին է խոսքը:



Հուլիսի 24-ին Նիկոլ Փաշինյանն օպերայում մասնակցել էր Հ.Մ.Ը.Մ. 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Փաշինյանի այդ քայլը մի հոնքի շարժում չէր, որ հանկարծ Ամատու աչքից վրիպեր: Մի քանի ժամ անց հոդվածն արդեն կայքում էր, իսկ ընթերցողը` լուսավորված Ամատունու կողմից: Բա գիտե՞ք, գրել է Ամատունին, Փաշինյանն իր քայլով ժեստ արեց Դաշնակցությանն ընդդեմ ԲՀԿ-ի: Սա, իհարկե, քաղաքական իդիոտիզմ է, որի ակունքները գտնվում են հեղինակի ուղեղի ծալքերում: Նա գրում է. «ՀՄԸՄ-ն անկասկած համազգային նշանակության կառույց է, որն այդուհանդերձ գտնվում է Դաշնակցության ենթակայության տակ, ՀՅԴ կառուցվածքային օղակներից է»: Դոկտորը վստահաբար սխալվում է, որովհետև Դաշնակցության մեջ Հ.Մ.Ը.Մ. կառուցվածքային օղակ չկա: Այլ հարց, որ համահայկական այդ միությունը 100 տարի առաջ ծնունդ է առել ՀՅԴ-ի` ողջ աշխարհում հայության կազմակերպման անդուլ աշխատանքի և նվիրումի արդյունքում: Այսօր իր անդամակազմով ՀՅԴ-ին տասնյակ անգամներ գերազանցող Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը սեփական միջոցներով և ծրագրերով առաջնորդվող, հայությանն առաջ մղող ինքնուրույն կառույց է, իսկ Դաշնակցության հետ կապ ունի այնքանով, որքանով աշխարհի 10 միլիոն հայության հետ: «Մենք Հ.Մ.Ը.Մ. ենք ստեղծել ոչ թե ՀՅԴ-ի, այլ ողջ հայության համար: Հ.Մ.Ը.Մ.-ն մեր ամենամեծ հայկական հասարակական կազմակերպությունն է` ինքնաղեկավարվող և ինքնակազմակերպվող»,- Միության հոբելյանի առիթով ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։



Եվ ուրեմն, ՀՀ վարչապետի մասնակցությունը համահայկական միության հոբելյանական երեկոյին, մեղմ ասած` ոչ թե ներքաղաքական ժեստ է ՀՅԴ-ին, ինչպես Ամատունին է կարծում, այլ համահայկական մեծ երևույթների նրա ընկալման, իրեն այդ երևույթներից դուրս և մանավանդ այդ երևույթներից վեր չտեսնող ղեկավարի քայլ: Ընդամենը օրեր առաջ Փաշինյանը մասնակցեց նաև Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը և հանդես եկավ ոգևորիչ ելույթով: Արդյոք դա ժեստ էր Դաշնակցությա՞նը, թե՞ տուրք Արամ Մանուկյանի` հայ քաղաքական կյանքի ամենապայծառ դեմքերից մեկի անուրանալի սխրանքին:



Եթե մենք առաջնորդվենք Ամատունու մտածողությամբ, ապա պետք է ասել, որ Սարդարապատում մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառմանը Փաշինյանի ներկայությունը նույնպես ժեստ էր Դաշնակցությանը: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կգրի Ամատունին, եթե Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Աշոտյանը Նժդեհի արձանի մոտ որևէ միջոցառման մասնակցեն:



Ամատունին, բնականաբար, հասկանում է, որ ընթերցողի մոտ կարող է այսպիսի հարց առաջանալ` իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ժեստ ժեստի հետևից անում Դաշնակցությանը, մանավանդ որ ՀՅԴ-ն, նույն այդ Ամատունու խոսքով, «լինելով ըստ էության ամենագաղափարականն ու քաղաքականը, միաժամանակ նաև ամենաանօգնականն է ընտրական գործընթացում և, 1998-ից հետո, ըստ էության, մշտապես կախված է իշխանությունների աջակցությունից»: Թե երբ է Նիկոլ Փաշինյանը թույլ քաղաքական ուժերի պաշտպանը դարձել, մեզ անհայտ է, բայց փոխարենը շատ հետաքրքիր է, որ Ամատունին ցանկանում է սղղացնել անսղղացնելին: Նրան հիշեցնենք, ՀՅԴ-ն ոչ միայն 1998 թվականից հետո, այլև հայրենիք վերադառնալուց ի վեր միշտ գործել է ինքնուրույն և, հատկապես ընտրական գործընթացներում, հույսը չի դրել իշխանությունների վրա: Այդ գործընթացներում եղել են և հաջողություններ և անհաջողություններ, բայց ոչ մեկը և ոչ էլ մյուսը չի կարելի բացատրել իշխանությունների աջակցությամբ կամ չաջակցությամբ: Այսօր էլ այնպես չէ, որ Փաշինյանն է որոշելու` ով մտնի խորհրդարան, ով` ոչ: Հակառակ պարագայում, հավանաբար, ակնկալիք ունեցողները պետք է ժեստեր անեին Փաշինյանին, մինչդեռ, ինչպես Ամատունին է ասում, Փաշինյանն է ժեստեր անում:



Ամատունին նաև պնդում է, թե Փաշինյանն ընդդեմ իր հիմնական մրցակից ԲՀԿ-ի է ներկա գտնվել «ՀՅԴ-ական» Հ.Մ.Ը.Մ.-ի հանդիսությանը: Ենթադրենք: Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նման ժեստեր չի անում, ՀԱԿ-ին և «Ժառանգությանը», որոնք «հրաշալի եռյակի» անհաջողության և քաղաքական վախճանի կապակցությամբ պետք է որ հին հաշիվներ ունենան Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչո՞ւ է «ժեստ անելու» համար նա հենց Դաշնակցությանն ընտրել: Հիմա ես, քաղաքականությունը մի կողմ դրած, մտածում եմ` Դաշնակցությունը, գուցե, մի այնպիսի հմա՞յք ունի, որին Փաշինյանը չի դիմացել: Չի բացառվում, գիտե՞ք:



Նիկոլագիտության մեջ խորացողների համար նշեմ նաև, որ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն «որ մենք հերոս» քաղաքական գործիչների, չի էլ պատրաստվում ընտրությունների գնալ հանուն կամ ընդդեմ որևէ մեկի: Նա, կարծում ենք, լավ է պատկերացնում խորհրդարանական կառավարմամբ երկրում խորհրդարանական ընտրությունների տրամաբանությունը և կպայքարի ԱԺ-ում մեծամասնություն ստանալու համար, որպեսզի ինքը թելադրի ապագա կոալիցիայի պայմանները: Իսկ սա նշանակում է, որ սխալ է նախընտրական շրջանում որևէ մեկի դեմ գործելը, մանավանդ երբ դա այն ուժն է, որ ԱԺ-ում որոշակի տեղերի է հավակնում և կարող է մասնակից դառնալ կոալիցայի:



**Էդիկ Անդրեասյան**