Ծայրաստիճան մտահոգիչ է, որ հանրապետության երկրորդ նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում

Ծայրաստիճան մտահոգիչ է, որ հանրապետության երկրորդ նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում
Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանին նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ գնահատական տալու համար պետք է ծանոթ լինի մեղադրանք առաջադրելու այդ որոշմանը, որին, սակայն, ծանոթ չէ։ Փոխարենն ինքն օրեր առաջ իր իրավական գնահատական է տվել 300.1 հոդվածի վերաբերյալ, որով մեղադրում են Միքայել Հարությունյանին և որով այսօր մեղադրանք է առաջադրվել նաև Ռոբերտ Քոչարյանին։



Այստեղ, սակայն, նա իրավական հատված չի տեսնում։ Հարությունյանը ծայրաստիճան մտահոգիչ է համարում այն, որ հանրապետության երկրորդ նախագահը այս պահին քրեական հետապնդման է ենթարկվում։ «Բազմաթիվ պատճառներ կան։ Նախ կարծում եմ, որ եթե իրավական լուջ փաստարկներ լինեին, ապա այդ փաստարկները պետք է ներկայացված լինեին նաև մամլո հաղորդագրության մեջ, որը, ինչպես ես արդեն նշել էի, չէր պարունակում իրավական տարրեր։ Ավելին, ես այնտեղ տեսնում եմ սխալ մեկնաբանություններ և՛ օրենքի, և՛ տերմինաբանության մեջ։ Բերեմ մեկ պարզ օրինակ։ Խոսվում է, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով, և կարծում եմ, գոնե ինձ մոտ այդ տպավորություն է ստեղծվել, որ այդ նյութի հեղինակները ենթադրում են, որ ՀՀ անվտանգությունը միայն արտաքին սպառնալիքների անվտանգությունն է։ Իրականում դա այդպես չէ, և բավական է մի քիչ ավելի խորանալ իրավունքի մեջ, կարդալ մեր օրենքները, և անմիջապես պարզ կդառնա, որ ՀՀ անվտանգությունն ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին կոմպոնենտ, և այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է նման իրավիճակներում»,-ասաց Դավիթ Հարությունյանը։



Ինչ վերաբերում է Սահմանադրության 56.1 հոդվածին, որ հանրապետության նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, և առհասարակ, ինչ հիմքերով կարող են նախկին նախագահին պատասխանատվության ենթարկել, Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ Սահմանադրությունը հստակ նախատեսել է, թե նախագահն ինչ լիազորություններ ունի և ինչ գործիքակազմ ունի, որ այդ լիազորությունները կյանքի կոչի։



«Արտակարգ դրությունը հայտարարելը գործիքակազմ է։ Իսկ ինչի՞ համար էր այդ գործիքակազմը տրված նախագահին։ Որովհետև նախագահի սահմանադրական խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավորված է ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Եվ հենց այդ լիազորություններից բխող ցանկացած գործողություն, այո, չի կարող ենթադրել հետագայում պատասխանատվություն այդ քայլերի համար։ Դրանից դուրս, եթե դրանք չեն բխում նախագահի լիազորություններից, իհարկե կարող են, բայց դարձյալ իր պարտականությունները դադարեցնելուց հետո»,- բացատրեց Հարությունյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**