Ինչի՞ց են դժգոհ մնացել բժշկականի շրջանավարտները

Ինչի՞ց են դժգոհ մնացել բժշկականի շրջանավարտները
Ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ մասնակցել էր բուհի շրջանավարտների երդման եւ դիպլոմների հանձնման արարողությանը։ Վարչապետի հետ միջոցառմանը կառավարությունից ներկա են եղել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Միջոցառումը վատ չի անցել, բայց դրանից դժգոհ են մնացել մի շարք ուսանողներ, հատկապես նրանք, որոնք կարմիր դիպլոմ չեն ստացել։ Ուսանողներից մեզ պատմեցին, որ իրենք, կարելի է ասել, անտեսված են եղել որպես շրջանավարտ, միայն կարմիր դիպլոմ ունեցողներն են առաջ մղվել, վարչապետից անձամբ ստացել դիպլոմները, ու միայն նրանց են մանտիա տվել, որ հագնեն, ավելին՝ մյուսներին անգամ ներս չեն թողել, ասես դա ավելի շատ կառավարության ու Բժշկական համալսարանի PR-ն էր, ոչ թե իրենց դիպլոմների հանձնման արարողությունը, քանզի ամեն ինչ կարծես կենտրոնացած լիներ վարչապետի, նրա թիմի ու բուհի վրա։ Նաեւ նշեցին, որ ամեն տարի այդ միջոցառումն անցկացվել է օպերային դահլիճում, էլի միայն կարմիր դիպլոմավորներն են բեմ բարձրացել, բայց մյուսներն էլ են հավասարապես գնահատված եղել։ Այս անգամ դա անցավ համալսարանի բակում։



«Մենք կարծես երկրորդական նշանակություն ունեինք էնտեղ, ավելի շատ PR-ի տպավորություն էր թողնում էնտեղ, շատ պաշտոնական անձինք էին հրավիրված, որն ավելորդ անհարմարություն էր բերում, եւ կարծես մենք ուղղակի մարդաքանակ լինեինք էնտեղ»,- մեզ հետ զրույցում դժգոհեց ուսանողներից մեկը, ով իր կապույտ դիպլոմի պատճառով այդ օրը չէր երդվել։ Մեկ ուրիշ ուսանող էլ ՖԲ-ում գրառում էր կատարել՝ նշելով․ «Ես չեմ երդվել այդտեղ, որովհետեւ երդվեի ես, թե չէ, դա ոչ մեկը չէր նկատի: Ես չեմ երդվել, որովհետեւ տվյալ երդումն իդեոլոգիա է, իսկ իդեան ամենաթանկն է եւ չի իրականացվում նման ճոխ, բայց դատարկ միջավայրում: Ես չեմ երդվել, որովհետեւ իմ դիպլոմը կապույտ է: Ես չեմ երդվել այդ օրն այդտեղ, որովհետեւ ես որպես բժիշկ ինձ չէի զգում տվյալ միջավայրում: Ես չեմ երդվել այդտեղ, այդ օրը, որովհետեւ մարդիկ եկել էին վարչապետին տեսնելու, ոչ թե ուսանողների երդում լսելու…»։



Բժշկական համալսարանի մամուլի խոսնակ **Շուշան Դանիելյանն **այս դժգոհություններին ու մեղադրանքներին ի պատասխան՝ մեզ հետեւյալն ասաց․ «Հուլիսի 25-ին գիտխորհրդի հանդիսավոր նիստ է եղել, ներկա են եղել գիտխորհրդի անդամները: Միջոցառումը կազմակերպվել է հանդիսավոր կերպով, շրջանավարտներին շնորհավորել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, գիտխորհրդի նիստը բացել է ԵՊԲՀ ռեկտորը եւ իր խոսքն է հղել շրջանավարտներին, ապագա բժիշկներին կոչով դիմել է անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանը, իսկ հանդիսավոր նիստի վերջում վարչապետն իր խոսքն է հղել ապագա մասնագետներին: Արդեն ավանդույթի համաձայն, 2-րդ տարին է, որ գիտխորհրդի հանդիսավոր նիստը կազմակերպվում է Երեւանի ամենահին հիվանդանոցի բակում՝ վայրը խորհրդանշական է, քանի որ բոլոր բժիշկներն իրենց մասնագիտական գործունեությունը սկսում են հենց այդ վայրից: Հանդիսավոր նիստը կարեւոր է ԵՊԲՀ-ի պատմության, զարգացման եւ միջազգայնացման համար, քանի որ ի ցույց է դնում ամբողջ աշխարհին, որ պետությունը կարեւորում է իր երկրում բժշկական կրթության զարգացումը: Գիտխորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում գերազանց առաջադիմություն ունեցող, անվանական կրթաթոշակ ստացող եւ ռազմական ֆակուլտետի շրջանավարտներին հանձնվել են ավարտական դիպլոմները: Ինչ վերաբերում է այն խնդրին, որ մյուս ուսանողներին պատշաճ ուշադրություն չի ցուցաբերվել, եւ հատուկ ընդգծվել են կարմիր դիպլոմ ստացողները, ապա փաստենք, որ յուրաքանչյուր տարի հանդիսավոր կերպով հանձնվել են դիպլոմներ միայն գերազանց առաջադիմություն ունեցողներին, մասնավորապես նշենք, որ այս տարի 1001 շրջանավարտ է ունեցել Բժշկական համալսարանը»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**