Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ ես պիտի հրաժարվե՞մ Հրայր Թովմասյանի հետ ընկերությունից

Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ ես պիտի հրաժարվե՞մ Հրայր Թովմասյանի հետ ընկերությունից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի հասարակական հիմունքներով ութ խորհրդական, որոնք աշխատավարձ չեն ստանում` անվճար խորհուրդներ են տալիս վարչապետին։ Նրանցից մեկը Գրիգոր Մուրադյանն է, ով վարչապետի առաջարկով նշանակվել է նրա խորհրդական՝ իրավական հարցերով։ Նա Սերժ Սարգսյանի օրոք նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն էր, իսկ Հրայր Թովմասյանի օրոք էլ արդարադատության նախարարի առաջին տեղակալն է եղել եւ մինչ օրս համարվում է Հրայր Թովմասյանի մտերիմը, նրա թիմակիցն ու, ինչպես մամուլն է սիրում ձեւակերպել՝ նրա կադրը։ Հիմա «Թովմասյանի կադրը» խորհուրդներ է տալու մի մարդու, ով ժամանակին սուր քննադատության էր ենթարկում թե՛ նրա ընկերոջը՝ այժմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, թե՛ նրա ողջ թիմին։ Ինչպե՞ս դա ստացվեց, ո՞րն էր մոտիվացիան՝ հրաժարվել բարձր աշխատավարձով իրավաբանական վարչության պետի պաշտոնից եւ անվճար հիմունքներով գալ ու խորհուրդներ տալ նոր իշխանության վարչապետին։



«Մոտիվացիան այն էր, որ եթե ես ստացել եմ առաջարկ, եւ կարեւորվել է իմ շարունակական մասնակցությունը գործընթացներին, ես համաձայնել եմ այդ առաջարկին։ Բացի այդ, իմ խնդիրն աշխատավարձը չէր, եւ այնպես չէր, որ հիմա ես չեմ աշխատում կամ չեմ վարձատրվում։ Ես ունեմ հիմնական աշխատավայր»,- մեզ հետ զրույցում բացատրեց պարոն Մուրադյանը։



**-Ձեր նշանակումը տարօրինակ էր այն առումով, որ Դուք տարբեր պաշտոններ եք զբաղեցրել նախորդ իշխանությունների օրոք, համարվել եք Հրայր Թովմասյանի կադրը, ներկայիս վարչապետն էլ բազմիցս քննադատել է Թովմասյանին, եւ հիմա նրա թիմակիցն այսօր իր ծառայություններն է մատուցելու նոր իշխանությանը։**



-Թերեւս կարող եմ համաձայնել, որ եղել եմ Հրայր Թովմասյանի թիմակիցը եւ, ինչու չէ, հիմա էլ կարող եմ որոշ առումով ինձ համարել իր թիմակիցը։ Բայց որեւէ մեկի կադրը լինելը՝ այդ հրապարակախոսական, ծայրահեղականացված արտահայտությունը, ճիշտն ասած, չեմ կիսում, համարում եմ դա պարզապես մոտեցում՝ որեւէ մեկի կադր լինել-չլինելը, եւ համարում եմ, որ ես միայն ինձ եմ պարտական իմ մասնագիտական ուղիով։ Ինչ վերաբերում է քննադատությանը կամ այլ քաղաքական հարցադրումներին, դա որեւէ կերպ չի կարող ազդել իմ ընտրության վրա՝ շարունակել մեր բազմամյա ընկերությունը Հրայր Թովմասյանի հետ, որ սկսվել է դեռ 96 թվականից։ Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ ես պիտի հրաժարվե՞մ այդ ընկերությունից, ինչ է թե քննադատություն կա։



**-Պարզապես որոշակի կաշկանդվածություն կարող է առաջանալ Ձեր աշխատանքում։ Դիցուք, վարչապետը կարող է Ձեզնից պրոֆեսիոնալ խորհուրդ ակնկալել, թե ինչպես վարվել, օրինակ, Հրայր Թովմասյանի հետ կապված այս կամ այն հարցում, որը կարող է նրա շահերից չբխել, եւ Դուք կարող եք կաշկանդվել, որովհետեւ կա՛մ պետք է ազնիվ չգտնվեք վարչապետի հանդեպ եւ ոչ արդարացի խորհուրդ տաք նրան, կա՛մ պետք է Ձեր ընկերոջ շահերին դեմ գնաք։**



-Դուք կարծես թե փորձեցիք կանխորոշել իմ անելիքները, թե ես ինչպես պիտի վարվեի։ Հիմա ես փորձեմ պատասխանել, թե ես ինչպես կվարվեմ։ Նախ ես բացառում եմ այն հանգամանքը, որ վարչապետը կարող է հարց դնել՝ ինչպես վարվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ։ Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ դատական իշխանության անկախությանը որեւէ միջամտություն չի կարող լինել։ Եթե խոսք լինի այն մասին, որ օրենքով սահմանված ընթացակարգով ինչ-որ պաշտոնանկություն կարող է սկսվել, դա վարչապետի ցուցումով չի սկսվելու։ Այստեղ պարտադիր է Ազգային ժողովի որակյալ մեծամասնության ներգրավումը։ Տվյալ պարագայում ես էդպիսի հիմքերի մասին որեւէ հայտարարություն չեմ լսել որեւէ պաշտոնյայի կողմից, լսել եմ որոշակի քննարկումներ ԶԼՄ-ներում։



**-Իսկ ինչպիսի՞ն էր Ձեր վերաբերմունքը, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավորի կարգավիճակում բավականին կոշտ գնահատականներով էր արտահայտվում Թովմասյանի հասցեին, երբ վերջինս ՍԴ անդամի թեկնածու էր։ Անձնական որեւէ էմոցիաներ չէի՞ն առաջացնում Ձեզ մոտ՝ Ձեր ընկերոջը քննադատելիս։**



-Նախկին պատգամավոր վարչապետի քննադատությունը ցանկացած պաշտոնատար անձի նկատմամբ իր իրավունքն է։ Ես վարչապետի մամլո խոսնակը չեմ, եւ Դուք այնպիսի հարցեր եք տալիս, որ ես չպետք է մեկնաբանեմ, թե ինչու էր վարչապետն այդ որակումները տալիս։ Նրա որակումների մասով հարցրեք կա՛մ իրեն, կա՛մ նրա խոսնակին։



**-Եթե չեմ սխալվում, Ձեզ մոտ մտադրություն է եղել առաջադրվել որպես ՍԴ անդամի թեկնածու, բայց ինչ-ինչ պատճառներով հետ եք կանգնել այդ մտքից։**



-Որոշակի նման մտադրություններ կային, ճիշտն ասած, բայց, անկեղծ ասած, այս իրավիճակում ես կարծում եմ, որ գործընթացը մի քիչ շատ քաղաքականացված է։ Դրա համար իմ մասնակցությունն այդ գործընթացներին ես մի փոքր վերաիմաստավորել եմ, եթե հետո տեսնեմ, որ իրավիճակը նորից մտել է բնականոն հուն, այդ գործընթացը ոչ թե զուտ այդքան քաղաքականացված է, այլ Սահմանադրությամբ եւ սահմանադրական օրենքով նախանշված շրջանակներում է շարունակում ընթանալ, հավանաբար, քանի դեռ հնարավորություն կա, եւ թափուր հաստիքներ կան, հնարավոր է, որ մտադրություններս նորից վերանայեմ։



**-Ասում են նաեւ, որ չեք ցանկացել առաջադրվել, քանի որ տեսել եք, թե ինչպես են ձախողվում Էմիլ Բաբայանն ու մյուս թեկնածուները, եւ Դուք էլ կարող եք նույն բախտին արժանանալ քաղաքական նման իրավիճակում։**



-Ինձ ոչ թե մտահոգել են ինչ-ինչ ձախողումները, այլ ինձ մտահոգում է այն, որ գործընթացը չափազանց քաղաքականացված է։ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, այո, կարող է լինել քաղաքական գործընթացի մի մաս։ Բայց եթե դա լինում է առաջնային, կամ եթե շարժառիթները, որով առաջնորդվում է այսօր դեռ, էսպես ասեմ, հեղհեղուկ, ոչ կայուն մեծամասնությունն Ազգային ժողովում, զուտ քաղաքական են, եւ այդ հիմքով է ձախողվում այս կամ այն թեկնածուն, կամ այդ հիմքով է գնահատական տրվում այս կամ այն թեկնածուին, ապա այս գործընթացի մաս ես չեմ ցանկանում դառնալ՝ գոնե այս պահին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**