Քոչարյանն աննկատ եկավ ու գնաց

Քոչարյանն աննկատ եկավ ու գնաց
Երեկ Հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը։ Մամուլում լուրեր տարածվեցին, թե հարցաքննության ժամ է նշանակվել 12։00-ն, սակայն մոտավորապես մինչեւ 14։00-ն հայտնի չէր՝ Քոչարյանը ժամանե՞լ է ՀՔԾ, թե՞ ոչ։ Մինչ այդ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ 2-րդ նախագահը պետական պահպանության տակ գտնվող անձ է, եւ նրա գտնվելու վայրը պահվում է գաղտնի։ Երկար սպասումներից հետո հայտնվեցին Քոչարյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները, որոնք ՀՔԾ-ի առջեւ մի յուրահատուկ շոու բեմադրեցին։ Նախ իրենց ներկայությամբ ավետեցին Քոչարյանի մոտալուտ գալուստը, ապա սկսեցին լրագրողներին հրահանգներ տալ՝ «դիմացը մի մեքենայի տեղ ազատեք»։ Մոտ քսան րոպե ՀՔԾ-ի դիմաց շրջելուց հետո անվրդով հեռացան: Հարցին, թե երբ է գալու Քոչարյանը, պատասխանեցին, թե որեւէ ինֆորմացիայի չեն տիրապետում։ Հետագայում պարզ դարձավ, որ դա աշխատակիցների կողմից շեղող «մայովր» էր․ այդ ընթացքում Քոչարյանը ծառայողական մուտքով արդեն մտել էր ՀՔԾ։



Միայն լրագրողների կողմից ՀՔԾ շենքը «գրավելուց» եւ հստակ պահանջից հետո, որ որեւէ պաշտոնատար անձ գա եւ տեղեկացնի, թե որտեղ է Քոչարյանը, ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց, որ Քոչարյանը գտնվում է ՀՔԾ-ում, եւ նրա հետ քննչական աշխատանքներ են տարվում։



Քոչարյանի նման լրագրողներից խույս տալ չհաջողվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, իսկ Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին։ Ըստ էության՝ տեսնելով, որ ՀՔԾ գլխավոր մուտքի առջեւ որեւէ լրագրող չկա, նա հենց գլխավոր մուտքով մտավ շենք։ Այն հարցին, թե ինչ գործի շրջանակներում է ներկայացել Հատուկ քննչական ծառայություն, Խաչատուրովը պատասխանեց՝ «Մարտի 1-ի», իսկ մեկ այլ հարցի, թե չի՞ վախենում, որ կարող է վկայի կարգավիճակը փոխվել մեղադրյալի կարգավիճակի, նա կարճ պատասխանեց՝ «ոչ», եւ հեռացավ։



Կեսօրից ՀՔԾ-ի դիմաց էր ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով, իր պնդմամբ, եկել էր Քոչարյանի հետ առերեսվելու եւ նրան մի քանի հարց ուղղելու։ Հետաքրքրվեցինք, թե նա ինչպես է գնահատում այն փաստը, որ Քոչարյանը գործով ներգրավվել է որպես վկա։ «Ես, ճիշտն ասած, այդ հարցերին էսօրվա դրությամբ գնահատականներ չեմ հնչեցնում, իրավական գործընթաց է, եւ ես նույնպես ցանկանում եմ, որ զուտ իրավական հարթության վրա էդ գործերն առանց կողմնակի լարվածության ընթանան։ Գործի շահերից ելնելով՝ պետք է որոշեն, թե իրեն պետք է ընդգրկել որպես մեղադրյա՞լ, թե՞ ոչ»։



Մինչ լրագրողները սպասում էին, թե երբ պետք է դուրս գա Խաչատուրովը, ՀՔԾ եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Հիշեցնենք՝ նա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ՝ բողոքելով Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանից, որ նա իրեն շանտաժի է ենթարկում։ Նրա խոսքով՝ Մարտի մեկն անպայման բացահայտվելու է, ինքը չի կասկածում․ «Դե թող քննությունը պարզի, որ Մարտի 1-ը պետք է բացահայտվի, չեմ կասկածում, բայց թե ով ինչ մասնակցություն ունի, քննությունը ցույց կտա, ամեն ինչ կպարզաբանվի»։



Ալիկ Սարգսյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի վերջին շրջանում տեղի ունեցող բացահայտումների մասով, ինչպե՞ս է պատահում, որ երկրում տեղի է ունենում իշխանափոխություն, որին անմիջապես հետեւում են օրինապահ մարմինների բացահայտումները։ «Շատ նորմալ եմ վերաբերվում, որ բացահայտումներ են արվում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ես հայտարարել եմ ու հիմա էլ պնդում եմ՝ ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա»։ Գուցե քաղաքական կա՞մքն է բացակայել։ «Դե՝ միգուցե, գնահատականը թողնում եմ ձեզ, ես չգիտեմ, թե ինչն է պատճառը, որ չէր բացահայտվում»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ կասի շրջանառվող լուրերի մասին, որ ինքը մոտ ապագայում պատրաստվում է լքել Հանրապետական կուսակցությունը։ «Ես ասել եմ՝ աշնանը իրադարձություններն ինչպես կզարգանան, ես կորոշեմ ԱԺ-ում իմ հետագա գործունեությունը՝ կմնա՞մ, թե՞ չէ, ես կուսակցությունից չեմ ասել։ Կուսակցությունը լքելու մասին առայժմ որեւէ բան չեմ որոշել՝ զուտ հանրահայտ օրենքից ելնելով»։



Անդրադառնալով Քոչարյանի հարցաքննությանը՝ նշենք, որ նրան «բռնացնել» այդպես էլ չհաջողվեց, ՀՀ 2-րդ նախագահը ՀՔԾ ելումուտ արեց առեղծվածային կերպով։ Մոտ 2 ժամից դարձյալ հայտնվեցին նրան ուղեկցող թիկնապահները, շրջեցին ՀՔԾ տարածքում եւ հեռացան, այնուհետեւ սկսեցին խոսել, որ Քոչարյանն արդեն հեռացել է։ Իսկ Մարինա Օհանջանյանն էլ ուշացած հաստատեց Քոչարյանի հեռանալու լուրը։



Հետագայում ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»: Մեր ուշադրությունը գրավեց այն, որ ՀՔԾ-ն կարծես դատավճիռ արձակած լիներ՝ ոչ թե իրենց հաղորդագրությունների ոճով՝ «փորձել է տապալել», այլ՝ «տապալել է»։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**