Ի՞նչ է անելու «Հայաստան» հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանի հետ

Ի՞նչ է անելու «Հայաստան» հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանի հետ
Գրեթե մեկ ամիս առաջ, հուլիսի 2-ին, յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ ՀԿ ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա կալանավորվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։Վերջինս խոստովանել էր, որ տնօրինելով 25 մլն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ գումարն օգտագործել է անձնական նպատակներով։ Վարդանյանը հուլիսի 6-ին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Վարդանյանին այնուհետեւ ազատեցին «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից, իսկ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին Պետրոս Թերզյանին։ Վերջինս այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով հիմնադրամի նվիրատուներին։



«Հարգելի նվիրատուներ, Անցյալ 26 տարիների ընթացքին, Հայաստան Համահայկական Հիմնադրամը գործել է թափանցիկ եւ հաշվետու, ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածավալ ծրագրեր: Հիմնադրամը այսօր եւս շարունակում է իր գործունեությունը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մեջ են: Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին: Համոզված եմ, որ Հիմնադրամը իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ եւ կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարեւոր ծրագրեր հօգուտ Հայաստանի եւ Արցախի բնակչության»,- ի մասնավորի նշված է հայտարարության մեջ: "Հայաստան» հիմնադրամի կայքն ուսումնասիրելիս, սակայն, հետաքրքիր պատկերի ենք ականատես լինում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, այլք։ «Հայաստան» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Անուշ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում մնացել պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը։



«Հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխությունը քննարկվում է հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։ Այս տարի նման հարց չի քննարկվել, չեմ կարող ասել՝ մյուս տարի կքննարկվի՞ այդ հարցը, թե՞ ոչ։ Եթե ինչ-որ հարցեր առաջանան կամ Ձեր նշած անձինք ցանկություն հայտնեն դուրս գալ կազմից, արտահերթ նիստում կընդունվի՞ դա, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել։ Բոլոր նախագահներն ի պաշտոնե են լինում «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հետո, երբ դադարում են լինել հանրապետության նախագահ, հոգաբարձուների խորհրդում էլ չեն մնում։ Ռոբերտ Քոչարյանն ինքն է ցանկացել մնալ հոգաբարձուների խորհրդի կազմում, եւ այդ ցանկությունն էլ հաշվի է առնվել։ Արկադի Ղուկասյանը իր սեփական կամքով է մնացել հոգաբարձուների խորհրդի կազմում։ Եվ իրենք շարունակում են մնալ հոգաբարձուների խորհրդի անդամ»,- մեզ հետ զրույցում ասաց Անուշ Մարտիրոսյանը։



Մեր հարցին, թե Սերժ Սարգսյանը չի՞ ցանկացել մնալ հոգաբարձուների խորհրդում, Անուշ Մարտիրոսյանն արձագանքեց․ «Սերժ Սարգսյանը երբ դադարեցրել է նախագահի իր լիազորությունները, ի պաշտոնե չի ցանկացել մնալ հոգաբարձուների խորհրդի նախագահ կամ հոգաբարձուների խորհրդի կազմում։ Եթե պաշտոնավարումից հետո իրենք ցանկություն են ունենում մնալ հոգաբարձուների խորհրդի կազմում, դիմում են նախագահին, հոգաբարձուների խորհրդի անդամներն էլ դեմ չեն լինում, իրենք դառնում են հոգաբարձուների խորհրդի անդամ»։ Նկատեցինք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով ներգրավված է որպես վկա, նա հարցաքննվում է Հատուկ քննչական ծառայությունում։ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը չի՞ պատրաստվում վերանայել իր կազմը գոնե այս դեպքից հետո։ «Համահայկական հիմնադրամը քաղաքական կառույց չէ, ինքը ոչ մի քաղաքական խնդիր ո՛չ մեկնաբանում է, ո՛չ էլ անդրադառնում է դրան։



Եթե լինեն այնպիսի հանգամանքներ, որ ինչ-որ բան պետք է փոխվի, ապա կփոխվի։ Քաղաքական հարցի որեւէ մեկնաբանություն չենք տալիս»,- ասաց մեր զրուցակիցը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն էլ տեղի է ունենում տարին մեկ անգամ։ Այս տարի այդ նիստը կայացել է մայիսի 25-ին, երբ արդեն վարչապետ էր ընտրվել Նիկոլ Փաշինյանը եւ մասնակցում էր այդ նիստին։ Ինչ վերաբերում է «Հայաստան» հիմնադրամի նոր տնօրենի ընտրությանը, ապա օգոստոսի 1-31-ը հայտարարվելու է մրցույթ, սեպտեմբերի 10-ին հինգ հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողովն էլ, որի նախագահն է Պետրոս Թերզյանը, կորոշի գործադիր նոր տնօրենին, որն էլ կհաստատվի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից։



**Թագուհի Հակոբյան**