Քոչարյանի առեղծվածային հայտնվելն ու հեռանալը

Քոչարյանի առեղծվածային հայտնվելն ու հեռանալը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրել էր, որ Քոչարյանը գտնվում է ՀՔԾ-ում և նրա հետ քննչական աշխատանքներ են տարվում։ Մինչն այդ տեղեկացրել էինք, որ ՀՀ 2-րդ նախագահին ուղեկցող անվտանգության աշխատակիցները յուրահատուկ շոու էին բեմադրել՝ հայտնվելով ՀՔԾ շենքի դիմաց, լրագրողների ուշադրությունը շեղելով և իմիտացիա ստեղծելով, թե ուր որ է, Քոչարյանը ժամանելու է։



Նույնիսկ լրագրողներին հորդորել էին մեկ մեքենայի ճանապարհ բացել։ Սակայն մոտ 20 րոպե տարածքում շրջելուց հետո հեռացել էին՝ ասելով,որ Քոչարյանի վերաբերյալ որևէ ինֆորմացիայի չեն տիրապետում։



Մեր թղթակիցը հայտնում է, որ նույն կերպ Քոչարյանը հեռացավ ՀՔԾ-ից։ Նրա գալը ավետող անվտանգության աշխատակիցները կրկին հայտնվեցին ՀՔԾ-ի դիմաց, ինչից հետո լուրեր տարածվեցին, որ Քոչարյանը հեռացել է։ Ըստ ամենայնի, նա ՀՔԾ շենք ելումուտ է արել ծառայողական մուտքով։ Սակայն Քոչարյանի հեռանալու լուրը դեռ պաշտոնապես չի հաստատել մամուլի խոսնակը, որի հեռախոսն այս պահին անջատված է։



Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՔԾ ժամանեց ԶՈՒ շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008-ի Մարտի 1-ի ժամանակ եղել է Երևանի կայազորի պետ։ Հարցին՝ ի՞նչ գործի շրջանակում է ներկայացել ՀՔԾ, պատասխանեց՝ Մարտի 1-ի։ Ճշտող հարցին՝ չի վախենո՞ւմ, որ վկայի կարգավիճակը կարող է փոխվել մեղադրյալի կարգավիճակով, Խաչատուրովը նշեց՝ ոչ։