Ջրմուղ-կոյուղին ու բնակիչները հակասում են միմյանց /տեսանյութ/

Ջրմուղ-կոյուղին ու բնակիչները հակասում են միմյանց /տեսանյութ/
Ամիսներ է, ինչ Գյումրու Խրիմյան Հայրիկ 158 հասցեի բնակիչների խնդիրը լուծում չի ստանում: Նրանք դիմել են **Hraparak.am** -ին՝ խնդիրը բարձրաձայնելու համար: 158/347 տան բնակչուհին՝ Հասմիկը, մեզ է ցույց տալիս տան բակում գտնվող կեղտաջրով լցված կոյուղին, ուր առնետներն են վխտում: Բնակչի խոսքերով՝ կեղտաջրերը խառնվել են խմելու ջրին, ինչի պատճառով աղիքային ինֆեկցիայով են վարակվել: «Ջուրը ստուգման տարան, ասում են՝ մաքուր է, խմելու պիտանի: Ես պնդում եմ, որ գրավոր պատասխան տան ինձ, բայց ջրմուղի աշխատակիցն այդպես էլ որևէ փաստաթուղթ չտվեց, ինձ համոզում են, որ բանավոր պատասխանը բավարար է: Անզեն աչքով էլ երևում է, որ այս ջուրը օգտագործելու համար չի կարող պիտանի լինել, ջրից գարշահոտություն է գալիս» ,-ասում է նա:



Ո՞վ է ջրից փորձանմուշ վերցրել եւ արդյոք մաքուր է այն, պարզելու համար դիմեցինք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Գյումրու տարածքային կառույցին: «Ես ձեզ կարող եմ հավատացնել՝ իրենք ջրի հետ խնդիր չունեն: Մեզ դիմել են, մենք մարդկայնորեն գնացել, ստուգել ենք, ջուրը մաքուր է, հիմա ավելի հեշտ է աղմուկ բարձրացնել՝ ասելով, որ ջուրը կեղտոտ է, բայց նորից եմ ասում՝ ջուրը մաքուր է, իրենց խնդիրն այլ է: Մենք սանեպիտ չենք ուղարկել ջուրը, քանի որ մեր լաբորատորիան ունի այդ հնարավորությունը, մանրէաբանական հետազոտություն նույնպես անցկացրել ենք: Տեսել ենք, որ առկա է մնացորդային քլոր, որը առաջնային մաքրության նշան է: Մենք ընդամենը լաբորատորիա ենք, որ չունենք կնիք եւ որևէ իրավասություն, որ բնակչին թուղթ տրամադրենք: Եթե իրենք կարող են դիմել մեր ղեկավարությանը, որը կհանձնարարի ինձ իրեն տրամադրել պատասխանը գրավոր, խնդրեմ՝ իրենց ստորագրությամբ կամ կնիքով կտրամադրենք» ,- **հraparak.am**-ին պարզաբանեց մարզային լաբարատորիայի վարիչ Սիմոնյան Հռիփսիկը։



Նշենք, որ ամիսներ առաջ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տարածքում աշխատանքներ է արել, մաքրել են տեղանքի դիտահորները, վնասված հոսքագծերն են վերանորոգել, բայց արդյունքում ոչինչ չի փոխվել, դիտահորը շարունակվում է կեղտաջրերով լցվել՝ շուրջբոլորը գարշահոտություն տարածելով։



Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ խնդիրն անլուծելի է։ Զրուցեցինք Շիրակի մարզի ջրմուղ-կոյուղու ջրահեռացման բաժնի պետ Էդիկ Ղուլյանի հետ: «Իրենք կոյուղու կողքը ծակ են բացել, այդ պատճառով անձրևաջրերը լցվում են այնտեղ, դրա համար էլ խցանումները հաճախակի են լինում: Բացի այդ, դիտահորի կողքին ինչ-որ շինություն են սարքել, որ հատուկ մեքենաները չեն կարողանում մտնել այնտեղ: Մենք Երևանից հատուկ մեքենա խնդրեցինք, բայց մեքենա շահագործելն անհնար է տարածքում, բայց էս պահին ոչ մի խցանում չկա: Ասեմ, որ ես նախատեսել եմ այդտեղ շինարարություն, եւ եթե հնարավորություն եղավ քաղաքում այն անել, այդտեղ անպայման կիրականացնենք շինարարություն , որ մասը, որ հնարավոր է, խողովակները կփոխենք: Հիմնական խնդիրը բնակիչների անփույթ վերաբերմունքն է, շինություններ են կառուցել կոլեկտրի վրա, որ խողովակները լվանալու կամ որևէ այլ աշխատանք անելու հնարավորություն չի տալիս»,- ստեղծված իրավիճակն այսկերպ մեկնաբանեց նա: Մինչդեռ բնակիչները պնդում են, որ տարածքում ոչ մի ավելորդ շինություն չկա, միակ ավելորդությունն իրենց քարաշեն տնակներն են, որտեղ բնակվում են։ «Ջրմուղն ին՛չ է, առաջարկում է մեր տնակների տեղը փոխել, տները քանդել, դրսում հայտնվե՛լ »,-վրդովվում են նրանք:



**Արևիկ Հակոբյան**