Դռներն ու պատուհանները պետք է պինդ փակել, որ այլևս որևէ բան ձորը չնետվի․ վարչապետ

Դռներն ու պատուհանները պետք է պինդ փակել, որ այլևս որևէ բան ձորը չնետվի․ վարչապետ
Կառավարության նիստի սկզբում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ, ուստի եթե մինչեւ ժամը 12:15-ը նիստը չավարտեն, ինքն ու Գրիգորյանը կմեկնեն, իսկ նիստը կշարունակի վարել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Անցնելով նիստի իրակարգային հարցերի քննարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական գնումների համակարգին եւ մրցույթներին՝ կոչ անելով Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին շատ ուշադիր ու նախանձախնդիր լինել մրցույթներում ու պետական գնումների տենդերների հարցում։



«Այստեղ մենք լուրջ հարցեր ունենք։ Մենք ասում ենք, որ պետության հնարավորությունները սահմանափակ են, սակայն, երբ ուսումնասիրում ենք, թե ոնց են օգտագործվում միջոցները, հասկանում ենք, որ մեծ մասը նետվում է ձորը։ Այդ պատճառով դրա դռներն ու պատուհանները պետք է պինդ փակել, որ այլեւս որեւէ բան ձորը չնետվի։ Ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Մենք, ցավոք, չունենք այնպիսի իրավիճակ, որ գնանք մի կասկածելի ոլորտ ու ասենք` չէ, սխալվել ենք, բան չկար։ Սակայն ամեն անգամ ցնցող, ցինիզմի հասնող բացահայտումներ ենք անում։ Բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են։ Եթե այդ թեմաների մասին չխոսենք, վատնելու են այդ կաթսայի մեջ եղածներն ու տանելու են»,-ասաց վարչապետը։



Նրա խոսքով՝ համայնքներն այսօր փող չունեն, դպրոցում տնօրենն իր բարեկամներից 20 հոգի նշանակել է ու աշխատավարձ է տալիս, սակայն գործի չեն գալիս։ «Ֆինանսավորումը, որ տալիս ենք, պետք է շատ հստակ լինենք»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։